Գրադարան
Արգանդի միոմա․ ախտորոշում

2 րոպե
Արգանդի միոմաները հաճախ հայտնաբերվում են պատահականորեն ստանդարտ գինեկոլոգիական զննման ընթացքում (ձեռքային հետազոտություն)։
Բժիշկը կարող է զգալ (շոշափել) արգանդի ձևի անկանոնություն կամ հայտնաբերել հանգույցներ, որը հուշում է միոմայի հնարավոր առկայության մասին։
Եթե ունեք արգանդի միոմայի ախտանիշներ, բժիշկը կարող է առաջարկել հետևյալ հետազոտությունները:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). արգանդի միոմայի ախտորոշումը հաստատելու համար բժիշկը կարող է նշանակել սոնոգրաֆիա, որն օգտագործում է ձայնային ալիքներ, որ ստացվեն արգանդի և հարակից կառուցվածքների ռեալ ժամանակի մեջ պատկերներ: Սոնոգրաֆիան նաև թույլ է տալիս գնահատել միոմայի տեղադրությունը և չափերը:
- Լաբորատոր թեստեր. եթե ունեք առատ դաշտանային արյունահոսություն, բժիշկը կարող է նշանակել այլ թեստեր, որ գնահատի հնարավոր պատճառների առկայությունը: Օրինակ, բժիշկը կարող է առաջարկել արյան ընդհանուր քննություն (CBC), որ որոշի արյան քրոնիկ կորստով պայմանավորված անեմիայի առկայությունը կամ այլ թեստեր, որ բացառի արյունահոսությամբ ընթացող խանգարումները կամ վահանաձև գեղձի խնդիրները:
Այլ պատկերային հետազոտություններ
Եթե սովորական գերձայնային հետազոտությունը չի տրամադրում բավարար տվյալներ, բժիշկը կարող է առաջարկել լրացուցիչ պատկերային հետազոտություններ:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)․ ՄՌՏ-ն կարող է ավելի ճշգրիտ նկարագրել միոմաների տեղակայումը և չափսերը, որոշել ուռուցքի տարբեր տեսակները և օգնել ընտրելու լավագույն բուժման տարբերակը: Ավելի հաճախ ՄՌՏ նշանակում է մեծ արգանդով կամ դաշտանադադարին մոտեցող կանանց (պերիմենոպաուզա):
- Հիստերոսոնոգրաֆիա․ այս մեթոդը նաև կոչվում է աղային ինֆուզիոն սոնոգրաֆիա, որի դեպքում արգանդի խոռոչ է ներարկվում ստերիլ աղային լուծույթ, որ լայնացվի խոռոչը և հեշտացվի ենթալորձային (սուբմուկոզ) միոմաների և արգանդի լորձաթաղանթի պատկերումը: Հետազոտությունը օգտակար է հատկապես հղիանալ ցանկացող և առատ դաշտանային արյունահոսությամբ կանանց համար:
- Հիստերոսալպինգոգրաֆիա․ այս հետազոտությամբ նախապես արգանդի խոռոչ է ներմուծվում կոնտրաստային նյութ, որը թույլ է տալիս ռենտգեն հետազոտությամբ գնահատել արգանդի խոռոչը և ֆալոպյան փողերի լուսանցքները: Բժիշկը կարող է խորհուրդ տալ հիստերոսալպինգոգրաֆիա, եթե առկա է անպտղության խնդիր: Հետազոտությունը թույլ է տալիս գնահատել, թե արդյոք ֆալոպյան փողերը բաց կամ խցանված են, ինչպես նաև հայտնաբերել որոշ ենթալորձային (սուբմուկոզ) միոմաներ:
- Հիստերոսկոպիա․ այս հետազոտությամբ բժիշկը հեշտոցով և վզիկող դեպի արգանդի խոռոչ է մտցնում բարակ և ազատ ծայրին լույս ունեցող դիտակ, որից հետո արգանդ է ներմուծում աղային լուծույթ, որ լայնացնի արգանդի խոռոչը և զննվում է արգանդը և ֆալոպյան փողերի բացվածքները:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-07-2021 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: