Ստամոքսում գազերը գլխավորապես առաջանում են ուտելու կամ խմելու ժամանակ օդը կուլ տալու պատճառով:
Ստամոքսի գազերի մեծ մասն այստեղից հեռացվում է, երբ դուք գղտում եք:
Աղիքային գազերն առաջանում են հաստ աղիքում (կոլոն), երբ բակտերիաները խմորում (ֆերմենտացնում) են ածխաջրերը՝ բջջանք (բջջանյութ), օսլայի որոշ տեսակներ և շաքարներ, որոնք չեն մարսվել բարակ աղիներում: Բակտերիաները նաև սպառում են այդ գազերի մի մասը, սակայն մնացած գազերը հեռացվում է, երբ դուք գազ եք թողնում ձեր հետանցքից (բժշկական անվանումն է՝ ֆլատուս):
Տարածված մթերքներ, որոնք առաջացնում են աղիքային գազեր
Բջջանքով հարուստ որոշ մթերքներ կարող են առաջացնել ավելցուկային աղիքային գազեր: Դրանցից են՝
- լոբի և ոլոռ (լոբազգիներ)
- մրգեր
- բանջարեղեն
- ամբողջահատիկ ձավարեղեն:
Բջջանքով հարուստ մթերքները մեծացնում են աղիքային գազի առաջացումը, սակայն բջջանքը կարևոր է ձեր մարսողական խողովակը լավ աշխատանքային վիճակում պահելու և արյան շաքարի և խոլեստերինի մակարդակը կարգավորելու համար:
Այլ սննդային գործոններ
Սննդակարգի հետ կապված այլ գործոնները, որոնք կարող են նպաստել մարսողական համակարգում գազերի ավելացմանը, ներառում են հետևյալը:
- Գազավորված ըմպելիքները, ինչպիսիք են լիմոնադը և գարեջուրը, մեծացնում են ստամոքսային գազերի քանակը:
- Սնման սովորույթները, ինչպիսիք են շատ արագ ուտելը, ծղոտով հեղուկ խմելը, մաստակ ծամելը, կոնֆետներ ծծելը կամ ծամելիս խոսելը, նպաստում են ավելի շատ օդ կուլ տալուն:
- Բջջանքային հավելումները, որոնք պարունակում են պսիլիում, օրինակ՝ Մետամուցիլը, կարող են մեծացնել հաստ աղիքներում գազերի քանակը:
- Շաքարի փոխարինիչները կամ արհեստական քաղցրացուցիչները, ինչպիսիք են սորբիտոլը, մանիտոլը և քսիլիտոլը, որոնք առկա են շաքարից ազատ որոշ մթերքների և ըմպելիքների մեջ, կարող են առաջացնել հաստ աղիքի գազերի ավելցուկ:
Առողջական վիճակներ և հիվանդություններ
Որոշ առողջական խնդիրներ կարող են շատացնել աղիքային գազերը և պատճառել ցավ կամ վքնածություն (մետեորիզմ):
- Քրոնիկ աղիքային հիվանդություն. ավելցուկային գազերը հաճախ քրոնիկ աղիքային խնդիրների ախտանիշներից մեկն են, ինչպիսիք են դիվերտիկուլիտը, խոցային կոլիտը կամ Կրոնի հիվանդությունը:
- Բարակ աղիներում բակտերիաների գերաճ. բարակ աղիներում բակտերիաների շատացումը կամ փոփոխությունը կարող են առաջացնել ավելցուկային գազեր, փորլուծություն և մարմնի քաշի կորուստ:
- Սննդային անտանելիություններ (անհանդուրժողականություն). աղիքային գազերը կամ վքնածությունը կարող են առաջանել, եթե ձեր մարսողական համակարգը չի կարողանում տրոհել և ներծծել որոշ մթերքներ, ինչպիսիք են կաթնամթերքում առկա շաքարը (լակտոզ) կամ ցորենի և այլ հատիկավորների գլուտեին (սնձան) կոչվող սպիտակուցը:
- Փորկապություն. փորկապությունը կարող է դժվարացնել աղիքային գազերի դուրս հանելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-12-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024