Ապրելակերպի որոշ փոփոխությունները կարող են օգնել ավելորդ աղիքային գազերի կամ դրանց պատճառած ցավերի ու անհարմարավետության մեղմացմանը։
- Կերեք փոքր չափաբաժիններով. աղիքային գազեր առաջացնող մթերքների մեծ մասն առողջ սննդակարգի բաղկացուցիչ մաս է։ Փորձեք ուտել խնդրահարույց մթերքների փոքր չափաբաժիններ՝ ստուգելու, թե արդյոք ձեր օրգանիզմը կարող է մարսել տվյալ մթերքն առանց լրացուցիչ գազեր առաջացնելու։
- Կերեք դանդաղ, ծամեք լավ և մի՛ փորձեք միանգամից կուլ տալ սննդի մեծ կտորներ. եթե դժվարանում եք դանդաղ ուտել, վայր դրեք ձեր պատառաքաղը, քանի դեռ ծամում եք։
- Խուսափեք մաստակ ծամելուց, կոնֆետ ծծելուց և ծղոտով հեղուկներ խմելուց. այս գործողությունները կարող են նպաստել ավելի շատ օդ կուլ տալուն։
- Ստուգեք ձեր ատամնապրոթեզը. վատ հարմարեցված պրոթեզը կարող է նպաստել ուտելիս կամ խմելիս լրացուցիչ օդ կուլ տալուն։ Այցելեք ատամնաբույժին, եթե ունեք ձեր պրոթեզների հետ կապված որևէ խնդիր։
- Մի՛ ծխեք. ծխախոտ ծխելը կարող է մեծացնել կուլ տրված օդի չափը։ Եթե ձեզ դժվար է ձերբազատվել այս վնասակար սովորույթից, դիմեք ձեր բժշկի օգնությանը։
- Եղեք ֆիզիկապես ակտիվ. կանոնավոր վարժանքները նվազեցնում են փորկապության ռիսկը, որը կարող է նպաստել հաստ աղիքում գազերի կուտակմանը։
Եթե ձեզ անհանգստացնում է աղիքային գազերի խիստ տհաճ հոտը, սահմանափակեք ծծումբ պարունակող մթերքների օգտագործումը, ինչպիսիք են բրոկոլին, կաղամբը, ծաղկակաղամբը, գարեջուրը և սպիտակուցներով հարուստ մթերքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 07-12-2023
Վերջին վերանայում՝ 29-04-2024