Եթե ձեր մարսողական խողովակի գազային ցավերն առաջացել են մեկ այլ առողջական խնդրի պատճառով, վերջինիս բուժումը կարող է թեթևացնել ձեր վիճակը:
Հակառակ դեպքում, անհանգստություն պատճառող աղիքային գազերը սովորաբար բուժվում են սննդակարգով, ապրելակերպի փոփոխություններով կամ դեղատոմս չպահանջող դեղամիջոցներով: Թեև լուծումը բոլորի համար նույնը չէ, ժամանակի ընթացքում մարդկանց մեծամասնությունը կարողանում է գտնել իր վիճակին առավել համապատասխանող և արդյունավետ համակցությունը:
Սննդակարգ
Սննդակարգի փոփոխությունները կարող են օգնել ձեր օրգանիզմում արտադրված գազերի քանակի նվազեցմանը կամ ձեր մարսողական համակարգով այդ գազերի ավելի արագ շարժմանը և հեռացմանը: Ձեր սննդակարգի և գազերի ախտանիշների օրագիր պահելը կօգնի ձեր բժշկին և ձեզ, որ մշակեք ձեր սննդակարգում փոփոխություններ կատարելու լավագույն տարբերակները: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել հրաժարվել որոշ սննդային բաղադրիչներից կամ ուտել այլ բաղադրիչների միայն փոքր չափաբաժիններ:
Հետևյալ սննդային գործոնների կրճատումը կամ վերացումը կարող են բարելավել աղիքային գազերի պատճառած ախտանիշները:
- Բջջանքի (բջջանյութի) բարձր պարունակությամբ սնունդ. բջջանքով հարուստ մթերքները, որոնք կարող են գազ առաջացնել, ներառում են լոբի, սոխ, բրոկոլի, բրյուսելյան կաղամբ, կաղամբ, ծաղկակաղամբ, արտիճուկ, ծնեբեկ, տանձ, խնձոր, դեղձ, սալորաչիր, ամբողջահատիկ ցորեն և թեփ: Դուք կարող եք փորձարկել, թե որ մթերքներն են ամենաշատն ազդում ձեզ վրա: Դուք կարող եք մի քանի շաբաթ խուսափել բջջանքով հարուստ մթերքներից և աստիճանաբար դրանք ավելացնել: Խոսեք ձեր բժշկի հետ, որ ապահովեք սննդային բջջանքի առողջ օգտագործումը:
- Կաթնամթերք. ձեր սննդակարգից կաթնամթերքի կրճատումը կարող է նվազեցնել ախտանիշները: Կարող եք նաև փորձել կաթնամթերք, որոնք չեն պարունակում կաթնաշաքար (լակտոզ) կամ ընդունել լակտազ ֆերմենտով հարստացված կաթնամթերք՝ կաթնաշաքարի ավելի լավ յուրացման համար:
- Շաքարի փոխարինիչներ. ձեր սննդակարգից հեռացրեք կամ նվազեցրեք շաքարի փոխարինիչները, կամ փորձեք այլ փոխարինիչ:
- Տապակած կամ ճարպոտ սնունդ. սննդային ճարպը հետաձգում է աղիքներից գազերի դուրս բերումը։ Տապակած կամ ճարպոտ մթերքների օգտագործման կրճատելը կարող է նվազեցնել ձեր ախտանիշները:
- Գազավորված ըմպելիքներ և խմիչքներ. խուսափեք լիմոնադներից և գարեջրից կամ, հակառակ դեպքում, կտրուկ կրճատեք դրանք օգտագործումը:
- Բջջանքային հավելումներ. եթե օգտագործում եք բջջանքային հավելում, խոսեք ձեր բժշկի հետ հավելումների քանակի և տեսակի մասին, որոնք լավագույնն են ձեզ համար:
- Ջուր. փորկապությունը կանխելու համար ջուր խմեք սնունդ ընդունելիս, օրվա ընթացքում և բջջանքային հավելումներ օգտագործելիս:
Դեղատոմս չպահանջող դեղամիջոցներ
Հետևյալ արտադրանքները կարող են որոշ մարդկանց մոտ նվազեցնել գազի ախտանիշները:
- Ալֆա-գալակտոզիդազը (Բեանո, ԲեանԱսսիստ և այլն) օգնում է լոբու և այլ բանջարեղենի ածխաջերերի քայքայմանը: Դուք ընդունում եք այս հավելումը ուտելուց անմիջապես առաջ:
- Լակտազային հավելումները (Լակտէյդ, Դիջեստ Դայըրի Պլաս Plus և այլն) օգնում են ձեզ կաթնամթերքի շաքարի (լակտոզայի) յուրացմանը: Դրանք նվազեցնում են գազերի ախտանիշները, եթե ունեք կաթնաշաքարի (լակտոզայի) նկատմամբ անտանելիություն (չեք հանդուրժում կաթնաշաքարը): Խոսեք ձեր բժշկի հետ նախքան լակտազային հավելումներ օգտագործելը, եթե հղի եք կամ կրծքով կերակրում եք:
- Սիմետիկոնը (Գազ-X, Միլանտա Գազ Մինիս և այլն) օգնում է գազի պղպջակների քայքայմանը և կարող է օգնել ձեր մարսողական խողովակով գազի անցմանը: Գազի ախտանիշները թեթևացնելու համար դրա արդյունավետության քիչ կլինիկական ապացույցներ կան:
- Ակտիվացված ածուխը (Ակտիդոզ-Աքվա, ՉարկոԿապս և այլն) ուտելուց առաջ և հետո օգտագործելիս կարող է նվազեցնել ախտանիշները, սակայն հստակ օգուտի վերաբերյալ ապացույցները բավարար չեն: Բացի այդ, ակտիվացված ածուխը կարող է խանգարել մարսողական խողովակից դեղամիջոցների ներծծման գործընկացը: Ածուխը նաև կարող է սև ներկել ձեր բերանի խոռոչը և կեղտոտել հագուստը:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-12-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024