Ֆրոնտոտեմպորալ դեմենցիայի (ՖՏԴ) կամ ճակատաքունքային թուլամտության ախտանիշները տարբերվում են անձից անձ:
Ժամանակի ընթացքում, սովորաբար՝ տարիների ընթացքում ախտանիշները հարաճուն կերպով վատթարանում են:
Ֆրոնտոտեմպորալ դեմենցիա ունեցող մարդիկ հակված են ունենալ ախտանիշների տեսակների խմբեր (կլաստերներ), որոնք առաջանում են միասին: Նրանք նաև կարող են ունենալ ախտանիշների տեսակների մեկից ավելի կլաստերներ:
Վարքագծային փոփոխություններ
Ֆրոնտոտեմպորալ դեմենցիայի ամենատարածված ախտանիշները ներառում են վարքագծային և անձնային կտրուկ շեղումներ: Դրանցից են՝
- խորացող անհամարժեք (ոչ պատշաճ) սոցիալական վարքագիծ
- կարեկցանքի և այլ միջանձնային հմտությունների կորուստ, օրինակ՝ այլ անձի զգացմունքների նկատմամբ անտարբերությունը
- քննադատության և ինքնաքննադատության բացակայություն
- զսպվածության կորուստ
- հետաքրքրության բացակայություն, որը նաև հայտնի է որպես ապաթիա (ապաթիան կարող է շփոթվել դեպրեսիայի հետ)
- սևեռուն (կոմպուլսիվ) վարքագիծ, ինչպիսիք են մատներով թակելը, ծափ տալը կամ շրթունքները ծամելը
- անձնական հիգիենայի անտեսում
- փոփոխություններ ուտելու սովորությունների մեջ, օրինակ՝ չափից շատ ուտելը կամ քաղցրավենիք և կոնֆետներ նախընտրելը
- առարկաներ ուտելը
- սևեռուն կերպով բերանը մի բան դնելու ցանկություն:
Խոսքային և լեզվային ախտանիշներ
Ֆրոնտոտեմպորալ դեմենցիայի որոշ ենթատեսակներ հանգեցնում են լեզվային ունակության փոփոխության կամ խոսքի կորստի: Այդ ենթատեսակները ներառում են առաջնային հարաճուն (պրոգրեսիվ) աֆազիա, սեմանտիկ (իմաստային) դեմենցիա և հարաճուն (պրոգրեսիվ) ագրամատիկ աֆազիա, որը նաև հայտնի է որպես հարաճուն ոչ սահուն աֆազիա:
Այս վիճակները կարող են պատճառել հետևյալը:
- Գրավոր և բանավոր լեզուն օգտագործելու և հասկանալու դժվարությունների աճ: ՖՏԴ ունեցող մարդիկ հաճախ չեն կարող գտնել խոսքի մեջ օգտագործման ճիշտ բառը:
- Իրերն իրենց անունով կոչելու դժվարություն: ՖՏԴ ունեցող մարդիկ կարող են ճիշտ բառը փոխարինել ավելի ընդհանուր բառով, օրինակ՝ գրիչի համար օգտագործել «այն» բառը:
- Բառերի իմաստներն այլևս չհասկանալը:
- Ոչ հաստատուն խոսք, որը կարող է հնչել հեռագրի ձևով՝ օգտագործելով պարզ, երկբառանոց նախադասություններ:
- Նախադասություն կազմելիս սխալներ անելը:
Շարժողական խանգարումներ
Ֆրոնտոտեմպորալ դեմենցիայի հազվադեպ հանդիպող ենթատեսակները կարող են առաջացնել շարժումներ, որոնք նման են Պարկինսոնի հիվանդությամբ կամ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով մարդկանց մոտ դիտվող շարժումներին:
Շարժողական ախտանիշները կարող են ներառել՝
- տրեմոր (դող)
- մկանային կարկամություն (ռիգիտություն)
- մկանային կծկանքներ (սպազմ) կամ ջղաձգումներ (ցնցումներ)
- շարժումների վատ կառավարում (կորդինացիա)
- կուլ տալու հետ կապված դժվարություններ
- մկանային թուլություն
- անտեղի ծիծաղ կամ լաց
- վայր ընկնելը կամ քայլելու հետ կապված խնդիրներ:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք ձեր բժշկին և նրա ուղղորդմամբ՝ համապատասխան մասնագետին (նյարդաբան, հոգեբան, հոգեբույժ և այլն), եթե ձեր կամ ձեր հարազատներից մեկնումեկի մոտ կասկածում եք դեմենցիայի նշաններ: Քիչ չեն դեպքերը, երբ ՖՏԴ-ն շփոթվում է հոգեկան խանգարման կամ Ալցհեյմերի հիվանդության հետ, ուստի վաղ ախտորոշումը և բուժումը կարևոր են:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024