Գանգրենան զարգանում է հետևյալ երեք գործընթացների պատճառով:
- Արյան մատակարարման բացակայություն. արյունը հյուսվածքներին ապահովում է թթվածինով և սննդանյութերով։ Այն նաև ուղի է հանդիսանում հակամարմինների համար՝ վարակների դեմ պայքարելու համար: Առանց պատշաճ արյան մատակարարման, բջիջները չեն կարող գոյատևել, և հյուսվածքը մեռուկանում է:
- Վարակ. չբուժված բակտերիալ վարակը կարող է առաջացնել գանգրենա:
- Վնասվածքային վնասվածք. հրազենային կամ ավտովթարից առաջացած ջնջխված վնասվածքները կարող են առաջացնել բաց վերքեր, որոնցով բակտերիաները մուտք են գործում օրգանիզմ: Եթե բակտերիաները վարակում են հյուսվածքները և մնում են չբուժված, կարող է առաջանալ գանգրենա:
Գանգրենայի տեսակները
- Չոր գանգրենա. գանգրենաների այս տեսակը դրսևորվում է չոր և ճեղքված մաշկով, որն ունի շագանակագույնից մինչև մանուշակագույն-կապույտ կամ սև տեսք: Չոր գանգրենան կարող է զարգանալ դանդաղորեն։ Այն առավել հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն շաքարային դիաբետ կամ արյունատար անոթների հիվանդություններ, ինչպիսին է աթերոսկլերոզը:
- Թաց գանգրենա. գանգրենեն կոչվում է թաց, եթե բակտերիաները վարակել են հյուսվածքը: Այտուցը, բշտիկները և խոնավ տեսքը թաց գանգրենային բնորոշ ախտանիշներ են: Թաց գանգրենա կարող է զարգանալ ծանր այրվածքից, ցրտահարությունից կամ վնասվածքից հետո: Այն հաճախ հանդիպում է շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց մոտ, ովքեր պատահաբար վնասում են ոտքի մատը կամ ոտնաթաթը: Թաց գանգրենան պետք է անհապաղ բուժվի, քանի որ այն արագ տարածվում է և կարող է մահացու լինել:
- Գազային գանգրենա. Գազային գանգրենան սովորաբար զարգանում է խորը մկանային հյուսվածքներում: Ձեր մաշկի մակերեսը սկզբում կարող է նորմալ տեսք ունենալ: Երբ ախտահարումը խորանում է, մաշկը կարող է գունատվել, այնուհետև ստանալ այլ գույներ, օրինակ՝ մոխրագույն կամ մանուշակագույն-կարմիր: Մաշկը կարող է փրփրացող տեսք ունենալ: Այն կարող է ճռճռալ, երբ սեղմում եք դրա վրա, հյուսվածքի ներսում առկա գազի պատճառով: Գազային գանգրենան առավել հաճախ առաջանում է Կլոստրիդիում պերֆրինգենս (Clostridium perfringens) կոչվող բակտերիայից: Բակտերիաները կուտակվում են են վնասվածքի կամ վիրահատական վերքի մեջ, որը զրկվել է արյան մատակարարումից: Բակտերիալ վարակն արտադրում է տոքսիններ, որոնք արտազատում են գազ և առաջացնում հյուսվածքների մեռուկացում: Ինչպես խոնավ գանգրենան, գազային գանգրենան նույնպես կյանքին սպառնացող վիճակ է:
- Ներքին գանգրենա. ներքին գանգրենան զարգանում է մեկ կամ մի քանի օրգաններում, ինչպիսիք են աղիները, լեղապարկը կամ կույր աղիքի որդանման ելունը (ապենդիքս): Այն առաջանում է, երբ արգելափակված է տվյալ օրգանի արյան հոսքը: Օրինակ, աղիների գանգրենա կարող է առաջանալ, եթե դրանք հայտնվում են ճողվածքի մեջ և ոլորվում են Չբուժվելու դեպքում ներքին գանգրենան կարող է մահացու լինել:
- Ֆուրնիեի գանգրենա. գանգրենաների այս տեսակը ներառում է սեռական օրգանները: Այն սովորաբար հանդիպում է տղամարդկանց մոտ, սակայն կանայք նույնպես կարող են հիվանդանալ: Այս տեսակի գանգրենայի պատճառը սեռական օրգանների կամ միզուղիների վարակն է:
- Մելենիի գանգրենա. սա գանգրենայի հազվագյուտ տեսակ է, որը սովորաբար վիրահատության բարդություն է: Մաշկային ցավոտ ախտահարումները սովորաբար զարգանում են վիրահատությունից մեկից երկու շաբաթ անց: Այս վիճակի մեկ այլ անվանումն է առաջադեմ բակտերիալ սիներգետիկ գանգրենա:
Ռիսկի գործոններ
Գանգրենայի ռիսկը բարձրացնող գործոնները ներառում են հետևյալը:
- Շաքարային դիաբետ. արյան շաքարի բարձր մակարդակը ի վերջո կարող է վնասել արյունատար անոթները: Արյան անոթների վնասումը կարող է դանդաղեցնել կամ արգելափակել արյան հոսքը դեպի մարմնի մի հատված:
- Արյունատար անոթների հիվանդություն. կարծրացած և նեղացած զարկերակները (աթերոսկլերոզ) և արյան մակարդուկները (թրոմբ) կարող են արգելափակել արյան հոսքը դեպի մարմնի մի հատված:
- Ծանր վնասվածք կամ վիրահատություն. ցանկացած գործընթաց, որը վնասվածք է պատճառում մաշկին և ենթամաշկային հյուսվածքին, ներառյալ ցրտահարությունը, մեծացնում է գանգրենայի առաջացման ռիսկը: Ռիսկն ավելի մեծ է, եթե ունեք որևէ հիվանդություն, որն ազդում է դեպի վնասված տարածք արյան հոսքի վրա:
- Ծխելը. ծխող մարդիկ ունեն գանգրենայի ավելի բարձր ռիսկ:
- Գիրություն. ավելորդ քաշը կարող է ճնշում գործադրել զարկերակների վրա՝ դանդաղեցնելով արյան հոսքը և մեծացնելով վարակվելու և վերքերի վատ ապաքինման ռիսկը:
- Իմունոսուպրեսիա. քիմիոթերապիան, ճառագայթումը և որոշ վարակներ, ինչպիսիք են մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ), կարող են ազդել վարակների դեմ պայքարելու օրգանիզմի ունակության վրա:
- Ներարկումներ. խիստ հազվադեպ, ներարկային դեղամիջոցները կապված են գանգրենա առաջացնող բակտերիաներով հարուցված վարակի հետ:
- Կորոնավիրուսային հիվանդություն 2019-ի (COVID-19) բարդություններ. եղել են մի քանի հաղորդումներ այն մասին, որ COVID-19-ի հետ կապված արյան մակարդման հետ կապված խնդիրներ (կոագուլոպաթիա) ունեցող մարդկանց մոտ զարգացել է ձեռքերի և ոտքերի մատների չոր գանգրենա: Այսպիսի կապվածությունը հաստատելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024