Գանգրենայից ախտահարված հյուսվածքը հնարավոր չէ փրկել, սակայն բուժումը կարող է կանխել գանգրենայի տարածումը և բարդությունները:ումը:
Որքան արագ բուժում ստանաք, այնքան ավելի մեծ է ձեր վերականգնման հնարավորությունը:
Գանգրենային բուժումը կարող է ներառել հետևյալներից մեկը կամ մի քանիսը՝
- դեղորայք
- վիրահատություն
- հիպերբարիք թթվածնային (օքսիգենային) թերապիա:
Դեղորայքային բուժում
Բակտերիալ վարակի բուժման համար դեղերը (հակաբիոտիկները) սովորաբար տրվում են ներերակային (IV):
Անհարմարավետությունը մեղմացնելու համար կարող են նշանակվել ցավազրկողներ:
Վիրահատություն և այլ միջամտություններ
Կախված գանգրենայի տեսակից և դրա ծանրության աստիճանից՝ կարող է անհրաժեշտ լինել անցնել մեկից ավելի վիրահատություններ: Գանգրենայի վիրահատությունները ներառում են հետևյալը:
- Վիրաբուժական մշակում. այս տեսակի վիրահատությունը կատարվում է վարակված հյուսվածքը հեռացնելու և վարակի տարածումը դադարեցնելու համար:
- Անոթային վիրաբուժություն. վիրահատություն կարող է կատարվել վնասված կամ ախտահարված արյունատար անոթների վերականգնման համար՝ վարակված տարածք արյան հոսքը վերականգնելու համար:
- Անդամահատում (ամպուտացիա). ծանր գանգրենայի դեպքերում մարմնի վարակված հատվածը, օրինակ՝ ոտքի մատը, ձեռքի մատը, ձեռքը, ոտնաթաթը կամ ոտքը կարող է վիրահատությամբ հեռացվել: Հետագայում ձեզ կարող են տեղադրել արհեստական վերջույթ (պրոթեզ):
- Մաշկի փոխպատվաստում (վերականգնողական վիրաբուժություն). երբեմն անհրաժեշտ է վիրահատություն՝ վնասված մաշկը վերականգնելու կամ գանգրենայի հետ կապված սպիների տեսքը բարելավելու համար։ Նման վիրահատությունը կարող է իրականացվել մաշկի փոխպատվաստման միջոցով: Մաշկի փոխպատվաստման ժամանակ վիրաբույժը հեռացնում է առողջ մաշկը մարմնի մեկ այլ մասից և տեղադրում այն տուժած տարածքի վրա: Մաշկի փոխպատվաստումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե այդ հատվածի արյունամատակարարումը բավարար է:
Հիպերբարիկ թթվածնային բուժում
Հիպերբարիկ թթվածնային թերապիան իրականացվում է մաքուր թթվածնով հարստացված խցիկի ներսում: Դուք պառկում եք հարմարավետ սեղանի վրա, որը սահում է թափանցիկ պլաստիկ խողովակի մեջ: Խցիկի ներսում ճնշումը դանդաղորեն բարձրացվում է մինչև սովորական մթնոլորտային ճնշումից մոտ 2,5 անգամ ավելի բարձր թվերի:
Հիպերբարիկ թթվածնային թերապիան օգնում է արյանն ավելի շատ թթվածին տեղափոխել: Թթվածնով հարուստ արյունը դանդաղեցնում է բակտերիաների աճը, որոնք ապրում են թթվածնի պակաս ունեցող հյուսվածքներում: Այն նաև օգնում է վարակված վերքերի ավելի հեշտ ապաքինմանը:
Գանգրենայի ժամանակ հիպերբարիկ թթվածնային թերապիայի մեկ սեանսը սովորաբար տևում է մոտ 90 րոպե: Կարող է անհրաժեշտ լինել օրական երկու-երեք բուժում՝ մինչև վարակը չվերանա:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024