Գանգրենայի ախտանիշները մեծամասամբ կախված են մեռուկացած հյուսվածքի տեսակից և ախտահարման չափից:
Եթե գանգրենան ազդում է մաշկի վրա, գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել`
- մաշկի գույնի փոփոխություններ՝ գունատ-մոխրագույնից մինչև կապույտ, մանուշակագույն, սև, բրոնզե կամ կարմիր
- այտուցվածություն
- բշտիկներ
- հանկարծակի, ուժեղ ցավ, որին հաջորդում է թմրածության զգացումը
- առաջացած խոցից տհաճ հոտով արտադրություն
- բարակ, փայլուն մաշկ կամ մազաթափված մաշկ
- մաշկ, որը թվում է սառը կամ հպվելիս սառն է:
Եթե գանգրենան ազդում է ձեր մաշկի տակ գտնվող հյուսվածքների վրա, օրինակ, գազային գանգրենայի կամ ներքին գանգրենայի դեպքում, դուք նաև կարող եք ունենալ ցածր աստիճանի ջերմություն և ընդհանուր առմամբ վատառողջ զգալ:
Եթե գանգրենա պատճառած մանրէները տարածվում են օրգանիզմում, կարող է առաջանալ մի վիճակ, որը կոչվում է սեպտիկ շոկ: Սեպտիկ շոկի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
- ջերմություն, թեև որոշ մարդկանց մարմնի ջերմաստիճանը կարող է 37° C-ից (98,6 F) ցածր լինել
- արագացած սրտազարկ
- գլխապտույտ կամ ուշագնաց լինելու զգացում
- շնչարգելություն
- շփոթվածություն:
Իմացե՛ք ավելին սեպսիսի մասին:
Ե՞րբ դիմել բժշկին
Գանգրենան ծանր վիճակ է և շտապ բուժման կարիք ունի: Անհապաղ զանգահարեք ձեր բժշկին, եթե ձեր մարմնի որևէ հատվածում մշտական, անբացատրելի ցավ ունեք՝ հետևյալ գագնատներից և ախտանիշներից մեկի կամ մի քանիսի հետ միասին՝
- մշտական ջերմություն կամ տենդ
- մաշկային փոփոխություններ, ներառյալ գունաթափումը, տեղային ջերմությունը, այտուցը, բշտիկները կամ մաշկի ամբողջականության խախտումները, որոնք չեն անհետանում
- տհաճ արտահոսքով մաշկի խոց
- հանկարծակի ցավ վերջերս կատարված վիրահատության կամ վնասվածքի տեղում
- մաշկ, որը գունատ է, կոշտացած, սառը և թմրած:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024