Երբ հսկաբջջային կամ քունքային արտերիտը վաղ է ախտորոշվում և բուժվում, հիվանդության ելքը (պրոգնոզ) սովորաբար գերազանց է:
Ձեր ախտանիշները, հավանաբար, արագ կբարելավվեն կորտիկոստերոիդային բուժումը սկսելուց հետո, և ձեր տեսողությունը, ամենայն հավանականությամբ, չի խանգարվի (եթե մինչ այդ ձեր աչքը չի վնասվել):
Հետևյալ խորհուրդները կարող են օգնել ձեզ, որ ավելի արդյունավետ կերպով կառավարեք ձեր վիճակը և հաղթահարեք ձեր դեղամիջոցի կողմնակի ազդեցությունները:
- Անցեք առողջ սննդակարգի. լավ ուտելը կարող է օգնել կորտիկոստերոիդների առաջացրած հնարավոր խնդիրների կանխարգելմանը, ինչպիսիք են ոսկորների փխրունացումը (օստեոպորոզ), բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) և շաքարային դիաբետը: Ձեր սննդակարգում ավելացրեք թարմ մրգերն ու բանջարեղենը, ամբողջահատիկ ձավարեղենը, անճարպ միսն ու ձուկը, միաժամանակ սահմանափակելով կերակրի աղը, շաքարը և ալկոհոլը: Համոզվեք, որ բավարար քանակությամբ կալցիում և վիտամին D եք ստանում: Մասնագետները խորհուրդ են տալիս օրական 1200 միլիգրամ (մգ) կալցիում և 800 միջազգային միավոր (IU) վիտամին D 50-ից բարձր կանանց և 70-ից բարձր տղամարդկանց համար: Հարցրեք ձեր բժշկին, թե որ դեղաչափն է ճիշտ ձեր իրավիճակում:
Կանոնավոր վարժանքներ արեք․ կանոնավոր աերոբիկ վարժությունները, օրինակ՝ քայլքը, կարող են օգնել ոսկրային հյուսվածքի կորստի, բարձր արյան ճնշման և շաքարային դիաբետի զարգացման կանխարգելմանը: Ֆիզիկական ակտիվությունը նաև օգտակար է ձեր սրտի և թոքերի համար: Բացի այդ, շատերը գտնում են, որ վարժանքները բարելավում են իրենց տրամադրությունը և ընդհանուր առողջական վիճակը: Եթե սովոր չեք վարժանքներին, սկսեք կամաց-կամաց և աստիճանաբար շատացրեք: Ձեր բժիշկը կարող է օգնել ձեզ, որ կազմեք ձեր վիճակն համապատասխան վարժանքների ծրագիր:
- Պարբերաբար անցեք ստուգումներ. կանոնավոր այցելեք ձեր բժշկին՝ բուժման կողմնակի ազդեցությունները և բարդությունների զարգացումը ստուգելու համար:
- Հարցրեք Ասպիրինի մասին. հարցրեք ձեր բժշկին օրական 75-ից 150 մգ Ասպիրին ընդունելու մասին: Ամենօրյա ցածր դեղաչափերով Ասպիրին ընդունելը կարող է նվազեցնել կուրության և ինսուլտի ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-12-2023
Վերջին վերանայում՝ 26-04-2024