Հսկաբջջային կամ քունքային արտերիտի հիմնական բուժումը կորտիկոստերոիդային դեղամիջոցի բարձր դեղաչափերի ընդունումն է, ինչպիսին է Պրեդնիզոնը:
Անհապաղ բուժումն անհրաժեշտ է տեսողության կորուստը կանխելու համար, ուստի, ձեր բժիշկն, ամենայն հավանականությամբ, խորհուրդ կտա սկսել այս դեղամիջոցի օգտագործումը նախքան բիոպսիայով ախտորոշման հաստատումը:
Դուք, հավանաբար, կսկսեք ավելի լավ զգալ բուժումը սկսելուց մի քանի օրվա ընթացքում: Եթե կորտիկոստերոիդներով բուժում սկսելուց առաջ ունեցել եք տեսողության կորուստ, ձեր տեսողությունը բարելավման հավանականությունը ցածր է: Այնուամենայնիվ, ձեր չախտահարված աչքը կարող է ինչ-որ չափով փոխհատուցել վնասված աչքով տեսողության կորուստը:
Ձեզ կարող է անհրաժեշտ լինել շարունակել դեղորայքի ընդունումը մեկից երկու տարի կամ ավելի երկար: Առաջին ամսից հետո ձեր բժիշկը կարող է աստիճանաբար սկսել նվազեցնել դեղաչափը՝ մինչև հասնեք կորտիկոստերոիդների այն նվազագույն չափին, որն անհրաժեշտ է բորբոքումը վերահսկելու համար:
Որոշ ախտանշաններ, մասնավորապես՝ գլխացավերը, կարող են կրկնվել դեղաչափի այս նվազեցման ժամանակահատվածում: Սա այն կետն է, երբ բազմաթիվ մարդկանց մոտ նաև զարգանում են ռևմատիկ պոլիմիալգիայի ախտանիշներ: Նման սրացումները հաճախ կարող են բուժվել կորտիկոստերոիդների դեղաչափի քիչ բարձրացմամբ: Ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել իմունային ակտիվությունը ճնշող դեղամիջոց, որը կոչվում է Մետոտրեքսատ (Տրեքսալ):
Բուժական ազդեցությունից բացի, կորտիկոստերոիդները կարող են հանգեցնել լուրջ բարդությունների, ինչպիսիք են ոսկորների փխրունացումը (օստեոպորոզ), բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) և մկանային թուլությունը: Հնարավոր կողմնակի ազդեցությունները հաղթահարելու համար ձեր բժիշկը հավանաբար պարբերաբար կստուգի ձեր ոսկրերի խտությունը և կարող է նշանակել կալցիումի և վիտամին D-ի հավելումներ կամ այլ դեղամիջոցներ, որոնք կարող են դանդաղեցնել կամ դադարեցնել ոսկրային հյուսվածքի կորուստը:
ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) վերջերս հսկաբջջային արտերիտի բուժման համար հաստատել է Տոկիլիզումաբ (Ակտեմրա) դեղամիջոցը: Այն տրվում է որպես ենթամաշկային ներարկում: Կողմնակի ազդեցություններից է վարակների նկատմամբ ձեր խոցելիության մեծացումը: Այս դեղամիջոցի այլ կողմնակի ազդեցությունների և արդյունավետության համար անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-12-2023
Վերջին վերանայում՝ 26-04-2024