Բերանի տհաճ հոտը վերացնելու կամ կանխարգելելու համար փորձեք հետևյալ պարզ միջոցառումները:
- Խոզանակեք ձեր ատամները ուտելուց հետո. աշխատավայրում պահեք ատամի խոզանակ, որ օգտագործեք ընդմիջմանը սնունդ ընդունելուց հետո: Օրական առնվազն երկու անգամ, հատկապես ճաշելուց հետո խոզանակով մաքրեք ատամները ֆտոր պարունակող մածուկով: Ապացուցված է, որ հակաբակտերիալ ազդեցությամբ ատամի մածուկները կարող են օգնել տհաճ հոտով շնչառության կրճատմանը:
- Առնվազն օրը մեկ անգամ օգտագործեք ատամնաթել. թելով ճիշտ մաքրումը հեռացնում է սննդի մասնիկները և ատամնափառը ատամների միջից՝ օգնելով բերանի տհաճ հոտի հսկմանը:
- Խոզանակեք ձեր լեզուն. ձեր լեզուն պարունակում է բակտերիաներ, ուստի այն զգուշորեն մաքրելը կարող է նվազեցնել հոտը: Մարդիկ, ովքեր ունեն լեզվի փառ՝ առաջացած բակտերիաների զգալի աճից (օրինակ՝ ծխելուց կամ բերանի չորությունից), կարող են օգուտ քաղել լեզվաքերիչ օգտագործելուց: Կամ օգտագործեք ատամի խոզանակ, որն ունի ներկառուցված լեզուն մաքրող միջոց:
- Մաքրեք պրոթեզները կամ ատամնաբուժական սարքերը. եթե դուք կրում եք կամուրջ կամ պրոթեզ, ապա դրանք մանրակրկիտ մաքրեք առնվազն օրը մեկ անգամ կամ ձեր ատամնաբույժի հրահանգով: Եթե ունեք ռիթեյներ կամ այլ բերանի սարք, մաքրեք այն ամեն անգամ, նախքան այն ձեր բերանը դնելը: Ձեր ատամնաբույժը կարող է խորհուրդ տալ լավագույն մաքրող միջոցը:
- Խուսափեք բերանի չորությունից. ձեր բերանի խոռոչը մշտապես խոնավ պահելու համար խուսափեք ծխախոտից և շատ ջուր խմեք, այլ ոչ թե սուրճ, զովացուցիչ ըմպելիքներ կամ ալկոհոլ, որոնք կարող են հանգեցնել բերանի չորացման: Ծամոն ծամեք կամ կոնֆետ ծծեք (ցանկալի է՝ առանց շաքարի)՝ թքի խթանման համար: Բերանի քրոնիկ չորության դեպքում ձեր ատամնաբույժը կամ բժիշկը կարող են նշանակել արհեստական թքի պատրաստուկ կամ դեղամիջոց, որը խթանում է թքի արտահոսքը:
- Կարգավորեք ձեր սննդակարգը. խուսափեք այնպիսի մթերքներից, ինչպիսիք են սոխն ու սխտորը, որոնք կարող են բերանի տհաճ հոտ առաջացնել: Շատ քաղցր մթերքներ ուտելը նույնպես կապված է բերանի տհաճ հոտի հետ:
- Պարբերաբար ձեռք բերեք նոր ատամի խոզանակ. փոխեք ձեր ատամի խոզանակը, երբ այն փչանա, մոտավորապես երեք-չորս ամիսը մեկ, և ընտրեք փափուկ մազերով ատամի խոզանակ:
- Նախատեսեք կանոնավոր ատամնաբուժական ստուգումներ. պարբերաբար այցելեք ձեր ատամնաբույժին, սովորաբար տարին երկու անգամ, ձեր ատամները կամ պրոթեզները զննելու և մաքրելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-11-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024