Մարդու խորիոնային գոնադոտրոպինը (ՄԽԳ) թեստ է, որը նշանակվում է հղիությունը հաստատելու կամ վերահսկելու համար։
ՄԽԳ թեստը (hCG) այլ կերպ նաև անվանում են հղիության թեստ։ Այն որոշելու համար որպես լաբորատոր նմուշ է ծառայում արյունը կամ մեզը։
Ի՞նչն է հետազոտվում
Հետազոտվում է ձեր մեզում կամ արյան մեջ ՄԽԳ հորմոնի մակարդակը։ Այս հորմոնը սովորաբար հայտնաբերվում միայն այն ժամանակ, երբ դուք հղիացել եք։ ՄԽԳ-ը սկսում է արտադրվել ընկերքի կողմից, երբ բեղմնավորված ձվաբջիջը՝ պտղաձուն ներդրվում է արգանդի պատին։
Հազվադեպ, կանանց կարող են առաջանալ ՄԽԳ հորմոն արտադրող որովայնային ուռուցքներ։
Տան պայմաններում կարելի է օգտագործել հղիության ստրիպ, որը կարող եք գնել դեղատներից կամ սուպերմարկետներից։ Այ ստրիպը հիմնված է մեզում ՄԽԳ-ի առկայությունը որոշելու վրա։ Մեզի թեստով ՄԽԳ հորմոնը կարող է հայտնաբերել ձեր առաջին չկայացած դաշտանի օրերին։
Արյան ՄԽԳ-ը կարող է հայտնաբերել հղիությունը շատ վաղ՝ ձեր հղիանալուց 1 շաբաթ անց։
Ինչո՞ւ ես պետք է իմանամ այս թեստի մասին
Ձեր բժիշկը կարող է օգտվել ձեր արյան ՄԽԳ թեստի արդյունքից, որ հաստատի կամ ժխտի ձեր հղիությունը։ ՄԽԳ թեստը նաև կարող է օգտակար տվյալներ տրամադրել ձեր հղիությունը վերահսկելիս: Նման դեպքերում ձեր բժիշկը ձեզ կուղեգրի ավելի զգայուն համարվող արյան թեստի։ ՄԽԳ թեստը օգնում է ձեր բժշկին, որ նա համոզվի, թե արդյոք ձեր հղիության ընթացքը և պտղի զարգացումը նորմալ են ընթանում։
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում ՄԽԳ հորմոնի մակարդակների մասին:
Արյան ՄԽԳ թեստը նաև կարող է նշանակվել, որ հսկողության տակ վերցվի ՄԽԳ արտադրող ուռուցքների աճը կամ բուժման արդյունավետությունը։ Եթե արյան ՄԽԳ մակարդակը խիստ բարձրանում է, դա կարող է նշանակել, որ ուռուցքն աճում է, և հակառակը, ՄԽԳ մակարդակի նվազեցումը կարող է վկայել ուռուցքի բուժման արդյունավետության կամ չափսերի փոքրացման մասին։
Ինչպե՞ս նախապատրաստվել այս հետազոտությանը
Որևէ հատուկ նախապատրաստության պահանջ չկա։
Ձեր արդյունքները հասկանալը
Սովորաբար, վաղ հղիության ընթացքում արյան ՄԽԳ մակարդակն արագորեն աճում է։ Սակայն, եթե հղիության ընթացքում ի հայտ են գալիս շեղումներ, ձեր արյան ՄԽԳ մակարդակը կարող է դառնալ ակնկալված ցուցանիշներից ավելի բարձր կամ ավելի ցածր։
Եթե ձեզ մոտ առկա է այնպիսի ուռուցք, որը բարձրացնում է ՄԽԳ-ի մակարդակը (օրինակ՝ սեռական բջիջների ուռուցքներ), բժիշկը կարող է օգտագործել այս թեստը, որ գնահատի բուժման արդյունավետությունը (արդյոք ուռուցքը բուժման ազդեցությամբ փոքրանում է)։
Լրացուցիչ տեղեկատվություն
Այցելեք մեր կայքի Medex-լաբ բաժինը՝ ՄԽԳ թեստի մասին ավելի շատ իմանալու համար։
Ընթերցեք նաև մեր արյան թեստեր հոդվածը, որ իմանաք արյան հետազոտության վերաբերյալ մի շարք կարևոր տեղեկություններ, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել՝ մինչև արյան կենսանմուշը հանձնելը
- ինչպե՞ս է նմուշառվում ձեր արյունը
- արդյունքների ճշգրտություն և հավաստիություն։
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024