Հասկանալու համար, թե ինչպես է լսողության կորուստն առաջանում, կարող է օգտակար լինել իմանալը, թե ինչպես է գործում լսողությունը:
Ինչպե՞ս եք դուք լսում
Ականջն ունի երեք հիմնական մաս՝ արտաքին, միջին և ներքին ականջ։ Ձայնային ալիքները անցնում են արտաքին ականջով և առաջացնում են թմբկաթաղանթի թրթռում։ Ականջի թմբկաթաղանթը և միջին ականջի երեք փոքր ոսկորները թրթռումներն ավելի ուժեղ են դարձնում, երբ դրանք անցնում են դեպի ներքին ականջ: Այնտեղ թրթռումները հեղուկի միջով անցնում են ներքին ականջի խխունջաձև հատված, որը հայտնի է որպես կոխլեա։
Խխունջի նյարդային բջիջներին կցված են հազարավոր մանր մազեր, որոնք օգնում են ձայնային թրթռումները վերածելու էլեկտրական ազդանշանների: Էլեկտրական ազդանշանները փոխանցվում են դեպի գլխուղեղ։ Գլխուղեղը այդ ազդանշանները վերածում է ձայնային զգացողության:
Ինչպե՞ս է առաջանում լսողության կորուստը
Լսողության կորստի պատճառները ներառում են հետևյալը:
- Ներքին ականջի վնասում. ծերացումը և բարձր աղմուկը կարող են առաջացնել ականջի մազերի կամ նյարդային բջիջների մաշվածություն, որոնք ձայնային ազդանշաններ են ուղարկում գլխուղեղին: Վնասված կամ բացակայող մազերը կամ նյարդային բջիջները լավ չեն ուղարկում էլեկտրական ազդանշաններ: Սա հանգեցնում է լսողության կորստի: Ավելի բարձր ձայները կարող են խլացված թվալ: Հնարավոր է, որ ֆոնային աղմուկի պայմաններում դժվար լինի բառերը լսելը:
- Ականջի ծծմբախցանի կուտակում. ժամանակի ընթացքում ականջի գեջը կարող է փակել ականջի անցուղին և թույլ չտալ ձայնային ալիքների անցումը: Ծծմբախցանների հեռացումը կարող է օգնել լսողության վերականգնմանը:
- Ականջի վարակ կամ անսովոր ոսկրային գոյացություններ կամ ուռուցքներ. արտաքին կամ միջին ականջում դրանցից որևէ մեկը կարող է առաջացնել լսողության կորուստ:
- Թմբկաթաղանթի պատռվածք, որը նաև հայտնի է որպես թմբկաթաղանթի թափածակում (պերֆորացիա). աղմուկի ուժեղ պայթյունները, ճնշման հանկարծակի փոփոխությունները, ականջի թմբկաթաղանթը որևէ առարկայով վնասվելը և վարակը կարող են հանգեցնել թմբկաթաղանթի պատռվածքի:
Ռիսկի գործոններ
Գործոնները, որոնք վնասում են կամ հանգեցնում են ներքին ականջի մազերի և նյարդային բջիջների կորստի, ներառում են հետևյալը:
- Ծերացում. ներքին ականջը ժամանակի ընթացքում քայքայվում է:
- Բարձր աղմուկ. բարձր ձայների մոտ գտնվելը կարող է վնասել ներքին ականջի բջիջները: Բարձր ձայների կողքին լինելիս վնասը կարող է առաջանալ ժամանակի ընթացքում կամ լսողությունը կարող է տուժել բարձր աղմուկի կարճատև ազդեցությունից, օրինակ՝ կրակոցից:
- Ժառանգականություն. ձեր գեները կարող են ձեզ մոտ ավելի հավանական դարձնել ձայնից կամ տարիքն առնելուց ականջի վնասվելու հավանականությունը:
- Աշխատանքային աղմուկներ. այն աշխատանքները, որտեղ բարձր աղմուկը մշտական է, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, շինարարությունը կամ գործարանային աշխատանքը, կարող են հանգեցնել ականջի ներսում վնասման:
- Այլ աղմուկներ. պայթուցիկների աղմուկների ազդեցությունը, ինչպիսիք են հրազենի և ռեակտիվ շարժիչների աղմուկները, կարող է առաջացնել լսողության անմիջական, մշտական կորուստ: Վտանգավոր բարձր աղմուկի այլ աղբյուրներից են ձնագնացը, մոտոցիկլետը, ատաղձագործությունը կամ բարձր երաժշտություն լսելը:
- Որոշ դեղամիջոցներ. դրանք ներառում են Գենտամիցին հակաբիոտիկը, Սիլդենաֆիլը (Վիրագրա) և որոշ դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են քաղցկեղի բուժման համար, որոնք կարող են վնասել ներքին ականջը: Ասպիրինի, ցավազրկող այլ միջոցների, մալարիայի դեմ դեղամիջոցների կամ կանթային միզամուղների շատ բարձր դեղաչափերը կարող են կարճաժամկետ ազդեցություն ունենալ լսողության վրա: Դրանք ներառում են ականջներում զնգոցը, որը նաև հայտնի է որպես տինիտուս կամ լսողության կորուստը:
- Որոշ հիվանդություններ. հիվանդությունները, ինչպիսին է մենինգիտը, որոնք առաջացնում են բարձր ջերմություն, կարող են վնասել խխունջը:
Տարածված ձայների բարձրության աստիճանների համեմատությունը
Ստորև բերված աղյուսակում թվարկված են տարածված ձայները և դրանց դեցիբելի մակարդակները: Դեցիբելը միավոր է, որն օգտագործվում է չափելու, թե որքան բարձր է ձայնը: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) զգուշացնում է, որ 70 դեցիբելից բարձր աղմուկը ժամանակի ընթացքում կարող է վնասել լսողությունը: Որքան բարձր է աղմուկը, այնքան քիչ ժամանակ է պահանջվում լսողության տևական վնաս պատճառելու համար:
Տարածված աղմուկների բարձրության աստիճանը | |
---|---|
Դեցիբել | Աղմուկի աղբյուրը |
Անվտանգ միջակայք | |
30 | շշուկ |
40 | սառնարան |
60 | նորմալ զրույց |
75 | աման լվացող մեքենա |
Վտանգավոր միջակայք | |
85 | քաղաքային ծանր երթևեկություն, դպրոցի բուֆետ |
95 | մոտոցիկլ |
100 | ձնագնաց |
110 | շղթայով սղոց |
110 | հանքահատ մուրճ, ռոք համերգ, սիմֆոնիա |
115 | ավազահանք |
120 | շտապօգնության ազդանշան, ամպրոպ |
140-165 | հրազենի կրակոց |
Բարձր ձայների ազդեցությանը ենթարկվելու ամենաերկար թույլատրելի տևողությունը
Ստորև ներկայացված են աղմուկի ամենաբարձր մակարդակները և դրանց տևողությունը, որոնց ազդեցությամբ մարդիկ կարող են աշխատել առանց լսողության պաշտպանության միջոցների:
Օրենքով թույլատրված աշխատանքային աղմուկի առավելագույն ազդեցությունը | |
---|---|
Ձայնի բարձրությունը, դեցիբել | Տևողություն, օրական |
Աղբյուր. The National Institute for Occupational Safety and Health (NIOSH), 2018. | |
90 | 8 ժամ |
92 | 6 ժամ |
95 | 4 ժամ |
97 | 3 ժամ |
100 | 2 ժամ |
102 | 1,5 ժամ |
105 | 1 ժամ |
110 | 30 րոպե |
115 | 15 րոպե կամ պակաս |
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2023
Վերջին վերանայում՝ 30-04-2024