Առողջական խնդիրներ
Լսողության կորուստ

Լսողության հետ կապված խնդիրները կարող են զարգանալ ձեր ցանկացած տարիքում։
Այնուամենայնիվ, բժիշկները կարող են ձեզ օգնել, որպեսզի լսեք ավելի լավ և կանխարգելեք ձեր լսողության հետագա վատթարացումը։
Լսողության կորստի նշանները
Որոշ դեպքերում ամեն ինչ ավելի քան ակնհայտ է․ ժամանակ առ ժամանակ դուք չեք կարողանում լսել, թե մարդիկ ինչ են ասում ձեզ։ Ձեր լսողության հավանական թուլացման մասին կարող են հուշել այլ նշաններ ևս, օրինակ՝
- դուք լսողության հետ խնդիրներ եք ունենում աղմկոտ վայրերում
- դուք դժվարությամբ եք հասկանում, թե մարդիկ ինչ են ասում
- դուք դժվարությամբ եք հետևում երկխոսություններին
- դուք դժվարությամբ եք հասկանում մարդկանց խոսքը, քանի դեռ չեք տեսնում ձեր զրուցակցի դեմքը
- դուք հաճախ եք մարդկանց խնդրում, որպեսզի կրկնեն իրենց խոսքը
- դուք ձայները լսում եք խլացած, իսկ մարդկանց խոսքը՝ կարծես «քթի տակ»
- դուք հեռուստացույցի ձայնը բարձրացնում եք ավելի, քան մյուս մարդիկ
- դուք հաճախ չեք լսում կամ բաց եք թողնում հեռախոսի կամ դռան զանգը
- ձեր ականջներում առկա է մշտական աղմուկ («զնգոց»)
- բարձր աղմուկները ձեզ ավելի շատ անհրամարավետություն են պատճառում, քան նախկինում։
Որոշ մարդկանց մոտ լսողության թուլությունն ուղեկցվում է ականջներում աղմուկի զգացողությամբ (կոչվում է «տինիտուս», երբ կարծես ձեր ականջներում մշտական «բզզոց» կա):
Երեխաների պարագայում ավելի դժվար է գլխի ընկնել, որ նրանք կարող են ունենալ լսողության հետ կապված խնդիրներ։ Երեխաների լսողության հավանական թուլացման մասին վկայող որոշ նշաններից են՝
- հանկարծակի բարձր ձայնը կամ աղմուկը ձեր երեխային չի վախեցնում կամ չի անհանգստացնում, նա անգամ իր գլուխը չի թեքում
- ձեր երեխան սկսում է խոսել ավելի ուշ, քան նույն տարիքի մյուս երեխաները
- ձեր երեխայի լեզուն պարզ չէ՝ համեմատած նույն տարիքի այլ երեխաների հետ
- ձեր երեխան հեռուստացույցի ձայնը չափից դուրս բարձրացնում է
- ձեր երեխան չի լսում կամ հասկանում ձեր ցուցումները կամ հրահանգները։
Ինչո՞ւ է իմ լսողությունը գնալով վատանում
Գրեթե յուրաքանչյուր մարդ տարիքի հետ զգում է լսողության աստիճանական թուլացում։ Ժառանգականությունը որոշակի դեր խաղում է, և կան ընտանիքներ, որտեղ լսողական խնդիրներով ուղեկցվող հիվանդություններն ավելի վաղ են սկսվում, քան մյուս ընտանիքներում։
Որոշ մարդիկ կարող են նաև նշել, որ իրենց լսողությունը սկսել է թուլանալ երկար տարիների ընթացքում աշխատավայրում աղմուկի ազդեցությանը ենթարկվելուն զուգահեռ։ Սա հատկապես ճիշտ է այն մարդկանց համար, ովքեր աշխատում են բարձր աղմուկի պայմաններում (օրինակ՝ երաժիշտներ, հանքափորներ, շինարարներ և այլն)։ Երեխաները ովքեր ականջակալով լսում են բարձր երաժշտություն, նույնպե հայտնվում են ռիսկի խմբում։
Այլ պատճառներից են՝
- ականջի որևէ վարակ կամ կրկնվող վարակներ
- գլխի վնասվածքներ
- որոշ նյութերի կամ դեղերի վնասակար ներգործություն, օրինակ՝ Ասպիրին, որոշ հակաբիոտիկներ և քաղցկեղի որոշ դեղեր։
Ձեր լսողության ստուգումը
Կան լսողության գնահատման մի շարք գործիքային մեթոդներ (օրինակ՝ աուդիոմետրիա): Այսօր մատչելի են նաև լսողության նախնական ստուգման առցանց թեստեր։ Բոլոր դեպքերում, քննարկեք ձեր լսողության գնահատման հետազոտության արդյունքները ձեր բժշկի կամ բժիշկ-ականջաբանի հետ։
Բուժում
Բազմաթիվ մարդկանց մոտ լսողության կորուստը կրում է անդառնալի բնույթ, սակայն կան բուժումներ և միջոցներ, որոնք կարող են օգնել ձեզ, որպեսզի լսեք ավելի լավ։ Օրինակներից են՝
- լսողական սարքեր
- կոխլեար իմպլանտներ
- վիրահատություն։
Իմացե՛ք ավելին լսողության կորստի կանխարգելման մասին։
Հոդվածը տեղադրվել է՝ 16-05-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: