Սրտի աղմուկն առաջանում է սրտի միջով արյան արագ, անկայուն (տուրբուլենտային) հոսքի պատճառով:
Սրտի աղմուկը կարող է առաջանալ՝
- երբ սիրտը լցվում է արյունով (դիաստոլիկ աղմուկ)
- երբ սիրտը դատարկվում է (սիստոլիկ աղմուկ)
- սրտի կծկման ամբողջ փուլում (շարունակական կամ սիստոլիկ-դիաստոլիկ աղմուկ):
Անվնաս (անմեղ) կամ ֆիզիոլոգիական աղմուկներ
Սրտի անմեղ աղմուկով մարդը սովորաբար նորմալ սիրտ ունի։ Նորածինների և երեխաների մոտ անմեղ աղմուկները տարածված են:
Այն գործոնները, որոնք կարող են փոխել արյան հոսքը և առաջացնել սրտի անմեղ աղմուկներ, ներառում են հետևյալը՝
- բարձր ջերմություն
- հյուսվածքներին թթվածին մատակարարող արյան առողջ կարմիր բջիջների (էրիթրոցիտների) պակաս (սակավարյունություն կամ անեմիա)
- գերակտիվ վահանաձև գեղձ (հիպերթիրեոզ)
- արագ աճի փուլեր, օրինակ՝ դեռահաս տարիքում
- ֆիզիկական ակտիվություն կամ վարժանք
- հղիություն:
Անմեղ աղմուկները կարող են ժամանակի ընթացքում անհետանալ: Երբեմն սրտի աղմուկը շարունակվում է ողջ կյանքի ընթացքում՝ առանց որևէ առողջական լուրջ խնդրի զարգացման։
Անհանգստացնող (ախտաբանական) աղմուկներ
Երեխաների մոտ անհանգստացնող աղմուկները սովորաբար պայմանավորված են ի ծնե առկա սրտի կառուցվածքի հետ կապված խնդիրներով (սրտի բնածին արատ):
Սրտի անհանգստացնող աղմուկի բնածին պատճառները ներառում են հետևյալը:
- Անցքեր սրտում. ծնվելուց առաջ սրտի վերին կամ ստորին խոռոչների կամ երկուսի միջև առկա պատին կարող է ձևավորվել անցք: Օրինակներից են նախասրտերի միջնապատի դեֆեկտը և փորոքային միջնապատի դեֆեկտը:
- Սրտային շունտեր. սա ի ծնե առկա սրտի կառուցվածքային խնդիր է, որն առաջացնում է արյան անկանոն հոսք սրտի խոռոչների կամ արյունատար անոթների միջև:
Չափահասների մոտ սրտի անհանգստացնող աղմուկները սովորաբար պայմանավորված են սրտի փականային խնդիրներով, որոնք զարգանում են ավելի ուշ կյանքում (ձեռքբերովի սրտի փականի հիվանդություն):
Ստորև ներկայացվում են սրտի փականները վնասող գործոններից կամ վիճակներից ամենակարևորները:
- Կալցիումական կուտակումներ. կալցիումի նստվածքները կարող են հանգեցնել սրտի փականի, օրինակ՝ միտրալ փականի կամ աորտայի փականի կոշտացման և նեղացման (փականի ստենոզ): Կալցիֆիկացված փականը նաև կարող է ամբողջությամբ չփակվել՝ թույլ տալով, որ արյունը ետ հոսի (փականի ռեգուրգիտացիա): Արյան հոսքի փոփոխություններն առաջացնում են աղմում։ Երբ կալցիումն ազդում է սրտի փականների վրա, կոչվում է կալցիֆիկ կամ դեգեներատիվ փականային հիվանդություն:
- Սրտի ներքին լորձաթաղանթի և փականների վարակ (էնդոկարդիտ)․ այս վարակի պատճառ են հանդիսանում բակտերիաները կամ այլ մանրէներ: Դրանք արյան միջոցով տարածվում են դեպի սիրտ մարմնի մեկ այլ մասից, օրինակ՝ բերանից: Աղմուկ կարող է առաջանալ, եթե վարակը չբուժվի և ազդի սրտի փականների վրա:
- Ռևմատիկ տենդ (ռևմատիզմ). սա ստրեպոկոկային կոկորդի լուրջ բարդություն է: Ռևմատիկ տենդը կարող է առաջանալ նրանց մոտ, ովքեր չեն ստանում վարակի դեմ որևէ բուժում կամ չեն ավարտում նշանակված բուժումը: Երբ ռևմատիկ տենդն ազդում է սրտի փականների վրա, կոչվում է սրտի ռևմատիկ հիվանդություն: Սրտի փականային խնդիրը կարող է առաջացնել աղմուկ:
Ռիսկի գործոններ
Նորածինների մոտ սրտի աղմուկների ռիսկը մեծացնող գործոններից են՝
- սրտի հետ կապված խնդիրների ընտանեկան պատմություն (անամնեզ), որոնք առաջացնում են աղմուկներ
- հղիության ընթացքում մոր մոտ չվերահսկվող շաքարային դիաբետ
- հղիության ընթացքում մոր մոտ կարմրախտ (գերմանական կարմրուկ):
- hղիության ընթացքում մոր կողմից որոշակի դեղամիջոցների, ալկոհոլի կամ ապօրինի թմրամիջոցների օգտագործում:
Սրտի աղմուկի ռիսկը մեծացնող որոշ առողջական խնդիրներից են՝
- հազվադեպ հանդիպող քաղցկեղային ուռուցք, որն արյան մեջ արձակում է որոշակի քիմիական նյութեր (կարցինոիդ համախտանիշ)
- թուլացած սրտամկան (կարդիոմիոպաթիա)
- սրտի լորձաթաղանթի վարակ (էնդոկարդիտ)
- սակավարյունություն (անեմիա)
- արյան խանգարումներ, որոնք ընթանում են արյան որոշ տեսակի սպիտակ բջիջների (էոզինոֆիլների) քանակի մեծացմամբ (հիպերէոզինոֆիլային համախտանիշ)
- որոշ աուտոիմուն խանգարումներ, ինչպիսիք են համակարգային կարմիր գայլախտը (լուպուս) և ռևմատոիդ արթրիտը
- սրտի փականային հիվանդություն
- թոքերում բարձր արյան ճնշում (թոքային հիպերտենզիա)
- ռևմատիկ տենդի պատմություն
- վահանաձև գեղձի գերակտիվություն (հիպերթիրեոզ)։
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024