Հեպատիտ B. պատճառներ
01-05-2020
2 րոպե

Հեպատիտ B վարակը հարուցվում է հեպատիտ B վիրուսով (HBV)։
Այս վիրուսը վարակված մարդուց առողջին փոխանցվում է արյան, սերմնահեղուկի և օրգանիզմի այլ կենսահեղուկների միջոցով: Այն չի տարածում հազալով կամ փռշտալով:
Հեպատիտ B-ի վիրուսով վարակվելու ամենատարածված ուղիները ներկայացվում են ստորև:
- Սեռական կոնտակտ. դուք կարող եք վարակվել հեպատիտ B-ով, երբ անպաշտպան սեռական հարաբերություն ունենաք վարակված անձի հետ: Վիրուսը կարող է ձեր օրգանիզմ թափանցել վարակված մարդու արյան, թքի, սերմնահեղուկի կամ հեշտոցային արտադրուկների միջոցով:
- Ասեղների համատեղ օգտագործում. հեպատիտ B-ի վիրուսը հեշտությաբ տարածվում է վարակված արյունով ախտոտված ասեղներով, ներարկիչներով կամ ներարկման պարագաներով: Ապօրինի ներարկային թմրամիջոցների պատրաստման կամ օգտագործման պարագաների օգտագործումը բարձրացնում է հեպատիտ B-ով վարակվելու ռիսկը:
- Ասեղով պատահական ծակում. հեպատիտ B-ն կարող է խնդիր դառնալ բուժաշխատողների համար, ովքեր մասնագիտական պարտականությունները կատարելիս մշտապես շփվում են մարդու արյան հետ:
- Մորից երեխային փոխանցում. հեպատիտ B-ի վիրուսով վարակված հղի կանայք կարող են վիրուսը նորածնին փոխանցել ծննդաբերության ընթացքում: Այնուամենայնիվ, նորածինը կարող է ստանալ պատվաստանյութ և վարակումը կանխարգելվել գրեթե բոլոր դեպքերում: Զրուցեք բժշկի հետ հղիության ընթացքում կամ նախատեսված հղիությունից առաջ հեպատիտ B-ի հետազոտության անհրաժեշտության մասին:
Սուր և քրոնիկ հեպատիտ B-ի միջև տարբերությունը
Հեպատիտ B վարակը կարող է լինել կարճաժամկետ (սուր) և երկարատև (քրոնիկ):
- Սուր հեպատիտ B վարակը տևում է մինչև 6 ամիս: Երբ իմունային համակարգը կարողանում է օրգանիզմը մաքրել այս վիրուսից, լիարժեք լավացումը տեղի է ունենում մի քանի ամսվա ընթացքում: Հեպատիտ B-ի վիրուսով վարակված չափահաս մարդկանց մեծ մասն ունենում է սուր վարակ, սակայն վերջինս կարող է քրոնիկանալ:
- Քրոնիկ հեպատիտ B վարակը տևում է 6 ամիս կամ ավելի երկար: Վարակի ընթացքը երկարանում է, երբ իմունային համակարգը չի կարողանում լիարժեքորեն դիմգրավել վարակը: Քրոնիկ հեպատիտ B-ն կարող է շարունակվել ողջ կյանքի ընթացքում՝ որոշ դեպքերում բերելով ծանր բարդությունների, օրինակ՝ լյարդի ցիռոզ և քաղցկեղ:
Որքան երիտասարդ տարիքում եք վարակվում հեպատիտ B-ի վիրուսով (հատկապես նորածնային կամ մինչև 5 տարեկան հասակում), այդքան բարձրանում է վարակի քրոնիկացման ռիսկը: Քրոնիկ վարակը կարող է տասնամյակներ մնալ չախտորոշված՝ մինչև հայտնաբերվի լյարդի լուրջ ախտահարում:
Ռիսկի գործոններ
Հեպատիտ B-ի վիրուսը տարածվում է վարակված մարդու արյան, սերմնահեղուկի և այլ կենսահեղուկների հետ շփման միջոցով: Հեպատիտ B վարակի ռիսկը բարձրանում է, եթե դուք՝
- անպաշտպան սեռական կապ ունեք բազմաթիվ զուգընկերների կամ հեպատիտ B-ի վիրուսով վարակված որևէ անձի հետ
- օգտագործում եք ապօրինի ներարկային թմրամիջոցներ և օգտվում եք այլ մարդկանց կողմից օգտագործված ասեղներից, ներարկիչներից կամ ներարկման պարագաներից
- տղամարդ եք և սեռական կապ ունեք այլ տղամարդկանց հետ
- նույն հարկի տակ ապրում եք քրոնիկ հեպատիտ B-ով մարդու հետ
- ծնվել եք հեպատիտ B-ով վարակված մորից
- մասնագիտությունից կամ աշխատանքից ելնելով շփվում եք այլ մարդկանց արյան հետ
- ճանապարհորդում եք տարածաշրջաններ, որտեղ առկա է հեպատիտ B վիրուսի բարձր տարածվածություն (օրինակ՝ Ասիա, Խաղաղօվկիանոսյան կղզիներ, Աֆրիկա կամ Արևելյան Եվրոպա):
Հոդվածը վերանայվել է՝ 16-05-2021