Հեպատիտ B. ախտանիշներ
16-05-2020
1 րոպե

Հեպատիտ B-ի գանգատները և մյուս ախտանիշները տարբերվում են՝ սկսած թեթևից մինչև ծանր:
Դրանք սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց մոտ 1-ից մինչև 4 ամսվա ընթացքում, սակայն նաև կարող են դրսևորվել ավելի շուտ՝ 2 շաբաթվա ընթացքում։ Որոշ մարդկանց, սովորաբար՝ մանկահասակ երեխաների շրջանում հեպատիտ B-ի ախտանիշները կարող են ընդհանրապես բացակայել, մնալ աննկատ կամ պատահականորեն հայտնաբերվել արյան հետազոտությամբ։
Հեպատիտ B-ի ժամանակ զարգացող գանգատներից և այլ նշաններից են՝
- որովայնային ցավեր, հաճախ՝ անորոշ բնույթի
- մեզի մգացում
- բարձր ջերմություն
- հոդացավեր
- ախորժակի կորուստ
- սրտխառնոց և փսխում
- ընդհանուր թուլություն և հոգնածություն
- դեղնուկ`մաշկի և աչքերի սկլերաների (սպիտակուցաթաղանթ) դեղնություն
- մաշկի քոր (բնորոշ է բոլոր տեսակի լյարդաբորբերին՝ հեպատիտներին):
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե գիտեք, որ ենթարկվել եք հեպատիտ B-ի ազդեցությանը, առանց ուշացնելու կապ հաստատեք բժշկի հետ: Կանխարգելիչ բուժումը կարող է նվազեցնել վարակի ռիսկը, եթե այն ստանաք վիրուսով վարակվելուց հետո առաջին 24 ժամվա ընթացքում:
Նույն կերպ, դիմեք բժշկին, եթե զարգացել են հեպատիտ B-ի վարակի ախտանիշներ:
Հոդվածը վերանայվել է՝ 16-05-2021