Հեպատիտ B-ի բուժումը կախված է նպատակից, ընթացքից (սուր կամ քրոնիկ) և լյարդի վնասման բնույթից:
Բուժում հեպատիտ B-ի վարակի կանխարգելման համար հնարավոր վարակվելուց հետո
Եթե գիտեք, որ ենթարկվել եք հեպատիտ B-ի վիրուսի ազդեցությանը, անմիջապես զանգահարեք ձեր բժշկին: Կարևոր է իմանալ, թե արդյոք դուք պատվաստվել եք հեպատիտ B-ի համար: Ձեր բժիշկը կցանկանա իմանալ, թե երբ և ինչ ճանապարհով եք վարակվել:
Իմունոգոլոբուլինի (հակամարմին) ներարկումը, որը տրվում է վիրուսի ազդեցությունից հետո 24 ժամվա ընթացքում, կարող է օգնել ձեզ հեպատիտ B-ով հիվանդանալուց պաշտպանվելուն: Քանի որ այս բուժումը ապահովում է միայն կարճաժամկետ պաշտպանություն, դուք պետք է միաժամանակ ստանաք հեպատիտ B-ի պատվաստանյութ, եթե դուք երբեք չեք ստացել այն:
Սուր հեպատիտ B-ի բուժումը
Եթե ձեր բժիշկը որոշի, որ ձեր հեպատիտ B-ի վարակը սուր է, այսինքն՝ այն կարճատև է և ինքն իրեն կանցնի, դուք կարող եք բուժման կարիք չունենալ: Փոխարենը, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հանգիստ, ճիշտ սննդակարգ, շատ հեղուկներ և ուշադիր մշտադիտարկում, մինչ ձեր օրգանիզմը պայքարում է վարակի դեմ: Ծանր դեպքերում բարդությունները կանխելու համար անհրաժեշտ են հակավիրուսային դեղամիջոցներ կամ հիվանդանոցային վերահսկողություն:
Քրոնիկ հեպատիտ B-ի բուժումը
Մարդկանց մեծ մասը, ում մոտ ախտորոշվել է քրոնիկ հեպատիտ B-ով վարակ, բուժման կարիք ունի ողջ կյանքի ընթացքում: Բուժումը սկսելու որոշումը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում այն, թե արդյոք վիրուսը առաջացրել է լյարդի բորբոքում կամ սպիացում, որը նաև կոչվում է ցիռոզ, արդյոք եթե ունեք այլ վարակներ, ինչպիսիք են հեպատիտ C-ն կամ ՄԻԱՎ-ը կամ արդյոք ձեր իմունային համակարգը թուլացած է դեղամիջոցներով կամ հիվանդություններով: Բուժումն օգնում է նվազեցնել լյարդային հիվանդության վտանգը և թույլ չի տալիս վարակը փոխանցել ուրիշներին:
Քրոնիկ հեպատիտ B-ի բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Հակավիրուսային դեղամիջոցներ. մի քանի հակավիրուսային դեղամիջոցներ, ներառյալԷնտեկավիրը (Բարակլուդ), Տենոֆովիրը (Վիրեադ), Լամիվուդինը (Էպիվիր), Ադեֆովիրը (Հեպսերա) և Տելբիվուդինը, կարող են օգնել պայքարելու վիրուսի դեմ և դանդաղեցնելու ձեր լյարդը վնասելու կարողությունը: Այս դեղերը ընդունվում են բերանային (օրալ): Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ համատեղեք այս դեղամիջոցներից երկուսը կամ ընդունեք այս դեղամիջոցներից մեկը Ինտերֆերոնի հետ՝ բուժման պատասխանը բարելավելու համար:
- Ինտերֆերոնի ներարկումներ. Ինտերֆերոն ալֆա-2b-ն (Ինտրոն A) մարդու կողմից ստեղծված նյութի տարբերակ է, որն արտադրվում է օրգանիզմի կողմից վարակի դեմ պայքարելու համար: Այն օգտագործվում է հիմնականում հեպատիտ B-ով հիվանդ երիտասարդների համար, ովքեր ցանկանում են խուսափել երկարատև բուժումից կամ այն կանանց համար, ովքեր կարող են հղիանալ մի քանի տարվա ընթացքում՝ բուժման վերջին կուրսը ավարտելուց հետո: Ինտերֆերոնով բուժման ընթացքում կանայք պետք է օգտագործեն հակաբեղմնավորիչներ: Ինտերֆերոնը չպետք է օգտագործվի հղիության ընթացքում: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել՝ սրտխառնոց, փսխում, դժվարաշնչություն և դեպրեսիա:
- Լյարդի փոխպատվաստում. եթե ձեր լյարդը խիստ վնասվել է, լյարդի փոխպատվաստումը կարող է տարբերակ լինել: Լյարդի փոխպատվաստման ժամանակ վիրաբույժը հեռացնում է ձեր վնասված լյարդը և այն փոխարինում առողջ լյարդով: Փոխպատվաստված լյարդների մեծ մասը ստացվում է մահացած դոնորներից, թեև երբեմն տրամադրվում է կենդանի դոնորներից, ովքեր նվիրաբերում են իրենց լյարդի մի մասը:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-06-2019
Վերջին վերանայում՝ 28-04-2024