Հեպատիտ B-ի (HBV) պատվաստանյութն անվտանգ և արդյունավետ միջոց է, որն 95% հավանականությամբ պաշտպանում է այս վիրուսով վարակվելուց:
Հեպատիտ B-ի պատվաստանյութը սովորաբար տրվում է մեկ ամսյա միջակայքով երկու ներարկումների տեսքով կամ վեց ամսվա ընթացքում երեք կամ չորս ներարկումներով՝ կախված նրանից, թե որ պատվաստանյութն է տրվել:
Պատվաստանյութից դուք չեք կարող վարակվել հեպատիտ B-ով: Հեպատիտ B-ի դեմ պատվաստանյութը առաջարկվում է ԱՄՆ Իմունականխարգելման պրակտիկայի խորհրդատվական կոմիտեի կողմից 19-ից 59 տարեկան չափահասների համար, ովքեր չունեն պատվաստանյութի հակացուցումներ:
Հեպատիտ B-ի դեմ պատվաստանյութը նաև խորհուրդ է տրվում հետևյալ խմբերին՝
- նորածիններ
- երեխաներ և դեռահասներ, ովքեր չեն պատվաստվել ծննդյան ժամանակ
- մարդիկ, ովքեր աշխատում կամ ապրում են զարգացման հաշմանդամություն ունեցող կենտրոնում
- բուժաշխատողներ, շտապ օգնության աշխատողներ և արյան հետ շփվող այլ մարդիկ
- յուրաքանչյուր ոք, ով ունի սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, ներառյալ ՄԻԱՎ-ը
- տղամարդիկ, ովքեր սեռական հարաբերություններ ունեն տղամարդկանց հետ
- մարդիկ, ովքեր ունեն բազմաթիվ սեռական զուգընկերներ
- հեպատիտ B-ով հիվանդի սեռական զուգընկերներ
- մարդիկ, ովքեր ներարկվում են ապօրինի թմրամիջոցներ կամ կիսում են ասեղներն ու ներարկիչները
- մարդիկ, ովքեր ունեն քրոնիկ լյարդային հիվանդություն
- մարդիկ, ովքեր գտնվում են երիկամային հիվանդության վերջնական փուլում
- մարդիկ, որոնք պատրաստվում են մեկնել աշխարհի մի տարածք, որտեղ հեպատիտ B-ով վարակվածության բարձր մակարդակ կա:
Հեպատիտ B-ից խուսափելու նախազգուշական միջոցառումներ
HBV-ի ռիսկը նվազեցնելու այլ եղանակները ներառում են հետևյալը:
- Իմացեք ցանկացած սեռական զուգընկերոջ HBV կարգավիճակը. մի՛ զբաղվեք անպաշտպան սեռական հարաբերությամբ, քանի դեռ լիովին համոզված չեք, որ ձեր զուգընկերը վարակված չէ HBV-ով կամ որևէ այլ սեռական ճանապարհով փոխանցվող վարակով:
- Ամեն անգամ սեռական հարաբերություն ունենալիս օգտագործեք նոր լատեքսային կամ պոլիուրեթանային պահպանակ, եթե չգիտեք ձեր զուգընկերոջ առողջական վիճակը. հիշեք, որ թեև պահպանակները կարող են նվազեցնել HBV-ով վարակվելու ձեր ռիսկը, դրանք չեն վերացնում այդ վտանգը:
- Մի՛ օգտագործեք ապօրինի թմրամիջոցներ. եթե դուք օգտագործում եք ապօրինի թմրամիջոցներ, օգնություն փնտրեք դադարեցնելու համար: Եթե դուք չեք կարող կանգ առնել, օգտագործեք ստերիլ ասեղ ամեն անգամ, երբ ապօրինի թմրամիջոցներ եք ներարկում: Երբեք մի կիսվեք ասեղներով:
- Զգույշ եղեք մարմնի պիրսինգի և դաջվածքների (տատուի) հարցում. եթե դուք պիրսինգ կամ դաջվածք եք անում, փնտրեք հեղինակավոր կենտրոն կամ խանութ: Հարցրեք, թե ինչպես է սարքավորումը մաքրվում: Համոզվեք, որ աշխատակիցները օգտագործում են ստերիլ ասեղներ: Եթե չեք կարողանում պատասխաններ ստանալ, փնտրեք այլ կենտրոն կամ խանութ:
- Որևէ անծանոթ վայր մեկնելուց առաջ հարցրեք հեպատիտ B-ի դեմ պատվաստանյութի մասին. եթե դուք ճանապարհորդում եք մի տարածաշրջան, որտեղ հեպատիտ B-ն տարածված է, նախապես հարցրեք ձեր բժշկին հեպատիտ B-ի պատվաստանյութի մասին: Այն սովորաբար տրվում է երեք ներարկումների շարքով՝ վեց ամսվա ընթացքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024