Միջողնային սկավառակի ճողվածքն առավել հաճախ առաջանում է աստիճանական, տարիքի մեծացման հետ կապված մաշվածության հետևանքով, որը կոչվում է սկավառակի դեգեներացիա:
Երբ մարդիկ մեծանում են, սկավառակները դառնում են ավելի քիչ ճկուն և ավելի հակված են քայքայվելու կամ պատռվելու նույնիսկ փոքր լարման կամ պտտման պատճառով: Առավել հաճախ քայքայման ենթակա է գոտկասրբանային հատվածը, որն իր վրա է կրում մարմնի ամբողջ զանգվածը։
Մարդկանց մեծ մասը չի կարողանում ճշգրիտ մատնանշել սկավառակի ճողվածքի որևէ պատճառ: Երբեմն, ծանր առարկաներ բարձրացնելու համար ոտքի և ազդրի մկանների փոխարեն մեջքի մկանների օգտագործումը, ինչպես նաև բարձրացնելիս իրանը ոլորելն ու պտտելը կարող են հանգեցնել սկավառակի ճողվածքի: Հազվադեպ, պատճառը տրավման է, ինչպիսիք են ընկնելը կամ մեջքին հարված ստանալը:
Ռիսկի գործոններ
Սկավառակի ճողվածքի ռիսկը մեծացնող գործոնները ներառում են հետևյալը:
- Մարմնի քաշ. մարմնի ավելորդ քաշը լրացուցիչ լարվածություն է առաջացնում մեջքի ստորին հատվածի սկավառակների վրա:
- Զբաղմունք կամ մասնագիտություն. ֆիզիկապես պահանջկոտ աշխատանք ունեցող մարդիկ մեջքի հետ կապված խնդիրների ավելի մեծ ռիսկ ունեն: Ծանր իրերի կրկնակի բարձրացնելը, քաշելը, հրելը, կողքի վրա կռանալը և իրանը պտտելը նույնպես կարող են մեծացնել սկավառակի ճողվածքի ռիսկը:
- Գենետիկա. որոշ մարդիկ ժառանգաբար հակված են սկավառակի ճողվածքի զարգացմանը:
- Ծխելը. Ենթադրվում է, որ ծխելը նվազեցնում է սկավառակների թթվածնի մատակարարումը, ինչը հանգեցնում է դրանց ավելի արագ քայքայման:
- Հաճախակի մեքենա վարելը. երկար ժամանակ նստած մնալը՝ զուգակցված շարժիչի առաջացրած մարմնի թրթռոցի հետ, կարող է լրացուցիչ ճնշում գործադրել ողնաշարի վրա:
- Նստակյաց լինելը. կանոնավոր վարժանքները կարող են օգնել կանխելու սկավառակի ճողվածքը:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024