Ֆիզիկական քննության (բուժզննման) ընթացքում ձեր բժիշկը կստուգի ձեր մեջքը ցավոտության համար:
Ձեզնից կարող է պահանջվել մեջքի վրա պառկել և ձեր ոտքերը շարժել տարբեր դիրքերում, որը կօգնի պարզելու ձեր ցավի պատճառը:
Ձեր բժիշկը նաև կարող է անցկացնել նյարդաբանական հետազոտություն՝ ստուգելու ձեր՝
- ռեֆլեքսները
- մկանային ուժը
- քայլելու ունակությունը
- թեթև հպումներ, ծակոցները կամ թրթռուցներ զգալու ունակությունը:
Սկավառակի ճողվածքի դեպքերի մեծ մասի ժամանակ բուժզննումը և հիվանդության պատմությունը (անամնեզ) այն ամենն է, ինչ անհրաժեշտ է ախտորոշման համար: Եթե ձեր բժիշկը կասկածում է մեկ այլ հիվանդության կամ պետք է ստուգի, թե որ նյարդերն են ախտահարված, կարող է նաև պատվիրել հետևյալ հետազոտություններից մեկը կամ մի քանիսը:
Պատկերային հետազոտություններ
- Ռենտգեն. սովորական ռենտգեն հետազոտությունը չի հայտնաբերում սկավառակների ճողվածքը, սակայն կարող է բացառել մեջքի ցավի այլ պատճառները, ինչպիսիք են վարակը, ուռուցքը, ողնաշարի համաչափության խնդիրները կամ ոսկորների կոտրվածքը:
- ԿՏ սքանավորում. համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սկքաները մի շարք ռենտգենյան ճառագայթներ է ուղղարկում տարբեր ուղղություններից, այնուհետև դրանք համատեղում է ողնաշարի և դրա շուրջ գտնվող կառուցվածքների խաչաձև պատկերներ ստեղծելու համար:
- ՄՌՏ. ռադիոալիքները և ուժեղ մագնիսական դաշտը օգտագործվում են մարմնի ներքին կառուցվածքների պատկերներ ստեղծելու համար: Այս հետազոտությունը կարող է օգտագործվել ճողվածքի սկավառակի գտնվելու վայրը հաստատելու և ախտահարված նյարդերը հայտնաբերելու համար:
- Միելոգրաֆիա. այս հետազոտությամբ ԿՏ սքանավորումից առաջ ողնուղեղային հեղուկի մեջ ներարկվում է գունանյութ (կոնտրաստ): Այս հետազոտությունը կարող է ցույց տալ ողնուղեղի կամ նյարդերի վրա ճնշումը՝ բազմաթիվ ճողվածքային սկավառակների կամ այլ խնդիրների պատճառով:
Նյարդաբանական հետազոտություններ
Էլեկտրոմիոգրաֆիան և նյարդային հաղորդականության հետազոտությունը չափում են, թե որքան լավ են էլեկտրական ազդանիշները հաղորդվում նյարդային հյուսվածքի երկայնքով: Սա կարող է օգնել հստակեցնելու նյարդերի վնասման տեղը:
- Նյարդային հաղորդականության ուսումնասիրություն. այս հետազոտությունը մաշկի վրա տեղադրված էլեկտրոդների միջոցով չափում է մկաններում և նյարդերում էլեկտրական նյարդային ազդանիշները և գործառույթը:
- Էլեկտրամիոգրաֆիա (ԷՄԳ). ԷՄԳ-ի ժամանակ բժիշկը մաշկի միջով ասեղային էլեկտրոդ է մտցնում տարբեր մկանների մեջ: Հետազոտությունը գնահատում է մկանների էլեկտրական ակտիվությունը կծկման և հանգստի ժամանակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024