Skip to main content

Առանց ներզատական (էնդոկրին) խանգարման նշանների​​ հիրսուտիզմի բուժումը անհրաժեշտ չէ:

Այն կանանց համար, ովքեր կարիք ունեն կամ փնտրում են ավելորդ մազերից ազատվելու որևէ բուժման միջոց, բուժումը կարող է ներառել հիմքում ընկած ցանկացած խանգարման բուժումը, անցանկալի մազերի համար ինքնօգնության ծրագրի մշակումը և տարբեր ոչ դեղորայքային բուժումների և դեղամիջոցների փորձարկումը:

Դեղորայքային բուժում

Եթե մազահեռացման կոսմետիկ մեթոդները կամ ինքնօգնության միջոցները ձեզ չեն օգնում, խոսեք ձեր բժշկի հետ հիրսուտիզմը բուժող դեղերի մասին: Այս դեղամիջոցներով բուժումը սովորաբար տևում է մինչև վեց ամիս՝ մազապարկիկի (ֆոլիկուլի) կյանքի միջին ցիկլը, նախքան մազերի աճի զգալի տարբերություն տեսնելը: Տարբերակները ներառում են հետևյալը:

  • Բերանով ընդունվող (օրալ) հակաբեղմնավորիչներ. հակաբեղմնավորիչ հաբերը կամ այլ հորմոնային հակաբեղմնավորիչները, որոնք պարունակում են էստրոգեն և պրոգեստին, բուժում են անդրոգենների արտադրության հետևանքով առաջացած հիրսուտիզմը: Օրալ հակաբեղմնավորիչները հիրսուտիզմի տարածված բուժում են այն կանանց համար, ովքեր չեն ցանկանում հղիանալ: Հնարավոր կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը և գլխացավը:
  • Հակաանդրոգեններ. այս տեսակի դեղերը արգելափակում են անդրոգենների միացումը ձեր օրգանիզմի համապատասխան ընկալիչներին: Դրանք երբեմն նշանակվում են օրալ հակաբեղմնավորիչներից վեց ամիս հետո, եթե վերջիններս բավականաչափ արդյունավետ չեն: Հիրսուտիզմի բուժման համար ամենահաճախ օգտագործվող հակաանդրոգենը Սպիրոնոլակտոնն է (Ալդակտոն, ԿարոՍպիր): Արդյունքները համեստ են և նկատելի լինելու համար պահանջվում է առնվազն 6-ամսյա բուժում: Հնարավոր կողմնակի ազդեցություններից է դաշտանային անկանոնությունը: Այս դեղերը կարող են առաջացնել բնածին արատներ, ուստի դրանք ընդունելիս կարևոր է, որ օգտագործեք հակաբեղմնավորիչ միջոցներ:
  • Տեղային նրբաքսուքներ (կրեմներ). Էֆլորնիթինը (Վանիքա) դեղատոմսով նախատեսված քսուք է հատուկ կանանց դեմքի ավելորդ մազերի համար: Այն կիրառվում է անմիջապես ձեր դեմքի տուժած տարածքի վրա՝ օրական երկու անգամ: Այն օգնում է դանդաղեցնել նոր մազերի աճը, բայց չի ազատվում առկա մազերից: Էֆլորնիթինի նրբաքսուքը կարող է օգտագործվել լազերային թերապիայի հետ՝ բուժական արդյունքը բարելավելու համար:

Միջոցառումներ

Մազահեռացման մեթոդները, որոնց արդյունքները կարող են ավելի երկար տևել, քան ինքնօգնության մեթոդները, և որոնք կարող են զուգակցվել բժշկական բուժման հետ, ներառում են հետևյալը:

  • Լազերային բուժում. ֆոտոէպիլյացիայի դեպքում բարձր կենտրոնացված լույսի (լազերի) ճառագայթը անցնում է ձեր մաշկով՝ վնասելու մազապարկիկները (ֆոլիկուլներ) և կանխելու մազերի աճը: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել բուժման մի քանի կուրս: Այն մարդկանց համար, ում անցանկալի մազերը սև, շագանակագույն կամ կարմրաշագանակագույն են, ֆոտոէպիլյացիան սովորաբար ավելի լավ տարբերակ է, քան էլեկտրոլիզը: Խոսեք ձեր բժշկի հետ մազահեռացման այս մեթոդի համար օգտագործվող տարբեր լազերների հնարավոր վտանգների և օգուտների մասին: Թուխ կամ մուգ պիգմենտավորված մաշկ ունեցող մարդիկ որոշ լազերների կողմից կողմնակի ազդեցությունների ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, ներառյալ նրանց սովորական մաշկի երանգի մգացումը կամ գունազրկումը, բշտիկների առաջացումը և բորբոքումը:
  • Էլեկտրոլիզ. այս բուժումը ներառում է յուրաքանչյուր մազի ֆոլիկուլում փոքրիկ ասեղ մտցնելը: Ասեղն արձակում է էլեկտրական հոսանքի իմպուլս՝ վնասելու և ի վերջո ոչնչացնելու ֆոլիկուլը: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել մի քանի բուժում: Բնական շիկահեր կամ սպիտակ մազերով մարդկանց համար էլեկտրոլիզն ավելի լավ տարբերակ է, քան լազերային թերապիան: Էլեկտրոլիզը արդյունավետ է, բայց կարող է ցավոտ լինել: Բուժումից առաջ ձեր մաշկին քսած նրբաքսուքը (կրեմ) կարող է նվազեցնել անհանգստությունը:

Հոդվածը հրապարակվել է՝ 28-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024