Skip to main content

Ախտանիշներ - Եղնջացան և անգիոայտուց

Եղնջացանի հաճախ հանդիպող նշանը մաշկային ցանն է՝ հստակ եզրերով և կարմիր, շոշափելի, քոր եկող մաշկային տարրեր, որոնք կենտրոնում գունատ են:

Եղնջացան (եղնջայտուց)

Եղնջացանն իրենցից ներկայացնում է հիմնականում մաշկի պտկիկավոր շերտի այտուց: Եղնջացանի հետ կապված մաշկային տարրերը կարող են լինել՝

  • մաշկագույն, սպիտակ մաշկի վրա՝ բաց վարդագույն կամ կարմրավուն, իսկ սև և շագանակագույն մաշկի վրա՝ մանուշակագույն
  • քոր առաջացնող՝ մեղմից մինչև ուժեղ
  • կլոր, ձվաձև կամ որդանման
  • սիսեռի չափ փոքր կամ ճաշի ափսեի չափ մեծ:

Եղնջացանը կարող է հայտնվել մարմնի տարբեր շրջաններում, լինել տարբեր չափի ու ձևի, սահմանափակվել մի շրջանում կամ տարածվել ողջ մարմնով:

Եղնջացանի մեծ մասը շատ արագ հայտնվում է և անհետանում 24 ժամվա ընթացքում: Սա հայտնի է որպես սուր եղնջացան: Քրոնիկ եղնջացանը կարող է տևել ամիսներ կամ տարիներ:

Անգիոայտուց

Անգիոայտուցը եղնջացանի նման ռեակցիա է, որն ազդում է մաշկի ավելի խորը շերտերի վրա: Այն կարող է հայտնվել եղնջացանի հետ միասին կամ առանձին: Գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

  • մաշկային տարրեր, որոնք ձևավորվում են րոպեներից ժամերի ընթացքում
  • այտուց, հատկապես աչքերի, այտերի կամ շրթունքների շուրջ
  • տուժած շրջաններում թեթև ցավ և տեղային ջերմություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Դուք սովորաբար կարող եք բուժել եղնջացանի կամ անգիոայտուցի թեթև դեպքերը տանը: Այցելեք ձեր բժշկին, եթե ձեր ախտանիշները շարունակվեն ավելի քան մի քանի օր:

Եթե կարծում եք, որ ձեր եղնջացանը կամ անգիոայտուցն առաջացել է սննդի կամ դեղամիջոցի նկատմամբ հայտնի ալերգիայի պատճառով, ձեր ախտանշանները կարող են լինել անաֆիլակտիկ ռեակցիայի վաղ նշան: Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե զգում եք, որ ձեր լեզուն, շրթունքները, բերանը կամ կոկորդը այտուցվում են կամ եթե դժվարանում եք շնչել:

Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024