Ոսկրերի և ատամների ամրությունն ապահովելուց բացի կալցիումը մասնակցում է մկանների կծկմանը և նյարդերով գրգիռների հաղորդմանը:
Նորմայում, երբ ձեր արյան մեջ առկա է անբավարար քանակի կալցիում, ձեր հարվահանաձև գեղձերը սկսում են արտադրել մի հորմոն (պարաթիրեոիդ կամ պարատ հորմոն), որը խթանում է՝
- ոսկրերից դեպի արյուն կալցումի տեղափոխումը
- մարսողական խողովակից ավելի շատ կալցիումի ներծծումը
- երիկամներով ավելի քիչ կալցիումի արտազատումը, ինչպես նաև ավելի մեծ քանակով վիտամին D-ի ակտիվացումը, որը կենսական նշանակություն ունի մարսողական խողովակից կալցիումի ներծծման մեջ:
Արյան մեջ խիստ ցածր կալցիումի (կոչվում է հիպոկալցեմիա) և հիպերկալցեմիայի միջև այս նուրբ հավասարակշռությունը կարող է խախտվել տարբեր գործոնների պատճառով: Հիպերկալցեմիա կարող է զարգանալ հետևյալ պատճառներից:
- Գերակտիվ հարվահանաձև գեղձեր (հիպերպարաթիրոիդիզմ). հիպերկալցեմիայի այս ամենատարածված պատճառը կարող է առաջանալ չորս հարվահանաձև գեղձերից մեկի կամ մի քանիսի ոչ քաղցկեղային (բարորակ) ուռուցքի կամ մեծացման պատճառով:
- Քաղցկեղ. թոքի կամ կրծքագեղձի քաղցկեղը, ինչպես նաև արյան որոշ քաղցկեղները բարձրացնում են հիպերկալցեմիայի ձեր ռիսկը: Քաղցկեղի տարածումը (մետաստազ) դեպի ոսկորներ նույնպես բարձրացնում է այս ռիսկը:
- Այլ հիվանդություններ. որոշ հիվանդություններ, ինչպիսիք են տուբերկուլոզը և սարկոիդոզը, կարող են բարձրացնել արյան մեջ վիտամին D-ի մակարդակը՝ խթանելով մարսողական խողովակից դեպի արյան հուն ավելի շատ կալցիումի ներծծումը:
- Ժառանգական գործոններ. հազվադեպ հանդիպող գենետիկ խանգարումը, որը հայտնի է որպես ընտանեկան հիպոկալցիուրիկ հիպերկալցեմիա, առաջացնում է կալցիումական ընկալիչների գործունեության խաթարում, որի հետևանքով՝ արյան կալցիումի մակարդակի բարձրացում: Այնուամենայնիվ, այս վիճակը կարող է չհանգեցնել որևէ ախտանիշի կամ հիպերկալցեմիայի բարդությունների:
- Երկարատև անշարժ վիճակ. անշարժության հանգեցնող հիվանդությունները կամ ծանր տրավմաները, որոնց պատճառով մարդիկ ստիպված են երկար ժամանակ նստած կամ պառկած անցկացնել, կարող են հանգեցնել հիպերկալցեմիայի զարգացման: Ժամանակի ընթացքում ծանրության ազդեցության չենթարկվող ոսկորերը սկսում են կորցնել իրենց կալցիումը՝ այն բաց թողելով դեպի արյան հուն:
- Սուր ջրազրկում. թեթև կամ անցողիկ հիպերկալցեմիայի տարածված պատճառ է ջրազրկումը (դեհիդրատացիա): Արյան մեջ ավելի քիչ հեղուկ ունենալը առաջացնում է կալցիումի խտության հարաբերական բարձրացման:
- Որոշ դեղամիջոցներ. որոշ դեղամիջոցներ, ինչպիսին է բիպոլյար խանգարման բուժման մեջ նշանակվող Լիթիումը, կարող են բարձրացնել պարաթիրեոիդ հորմոնի ներզատումը դեպի արյան հուն, որի հետևանքով էլ՝ հանգեցնել հիպերկալցեմիայի:
- Հավելումներ. երկար ժամանակ կալցիումի կամ վիտամին D-ի հավելումների չափից շատ օգտագործումը կարող է արյան կալցիումի մակարդակը բարձրացնել նորմայից վերև:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024