Եթե ձեր հիպերկալցեմիան մեղմ է, դուք և ձեր բժիշկը կարող եք ընտրել հսկել և սպասել՝ ժամանակի ընթացքում վերահսկելով ձեր ոսկորներն ու երիկամները՝ համոզվել, որ դրանք առողջ են:
Ավելի ծանր հիպերկալցեմիայի դեպքում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղամիջոցներ կամ պատճառ հանդիսացող հիվանդության բուժում, ներառյալ՝ վիրահատություն:
Դեղորայքային բուժում
Որոշ դեպքերում բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ դեղամիջոցները:
- Կալցիտոնին (Միակալցին). սաղմոնից ստացված այս հորմոնը վերահսկում է արյան մեջ կալցիումի մակարդակը: Երբեմն կարող է առաջացնել թեթև սրտխառնոց:
- Կալցիմիմետիկ միջոցներ. այս տեսակի դեղամիջոցը կարող է օգնել հարվահանաձև գեղձերի գերակտիվության վերահսկմանը: Ցինակալցետը (Սենսիպար) հաստատվել է հիպերկալցեմիայի կառավարման համար:
- Բիսֆոսֆոնատներ. օստեոպորոզի դեմ ներերակային դեղամիջոցները, որոնք կարող են արագ իջեցնել կալցիումի մակարդակը, հաճախ օգտագործվում են քաղցկեղի պատճառով առաջացած հիպերկալցեմիայի բուժման համար: Այս բուժման հետ կապված ռիսկերը ներառում են ծնոտի քայքայման (օստեոնեկրոզը) և ազդրոսկրի կոտրվածքների որոշ տեսակների ռիսկի բարձրացումը:
- Դենոսումաբ (Պրոլիա, Քսգեվա), որը նույնպես նշանակվում է քաղցկեղածին հիպերկալցեմիայի ժամանակ, երբ բիսֆոսֆոնատները բավարար արդյունք չեն ապահովում:
- Դենոսումաբ (Prolia, Xgeva). այս դեղամիջոցը հաճախ օգտագործվում է քաղցկեղով առաջացած հիպերկալցեմիա ունեցող մարդկանց բուժման համար, ովքեր լավ չեն արձագանքում բիսֆոսֆոնատներին:
- Պրեդնիզոն. եթե ձեր հիպերկալցեմիայի պատճառը վիտամին D-ի բարձր մակարդակն է, ստերոիդային հաբերի կարճատև օգտագործումը, ինչպիսին է Պրեդնիզոնը, սովորաբար օգտակար է:
- Ներերակային հեղուկներ և միզամուղներ. կալցիումի չափազանց բարձր մակարդակը կարող է պահանջել բժշկական շտապ օգնություն: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել հոսպիտալացում՝ ներերակային հեղուկներով և միզամուղներով բուժման համար՝ կալցիումի մակարդակն արագ իջեցնելու համար՝ կանխելու սրտի ռիթմի հետ կապված խնդիրների կամ նյարդային համակարգի վնասման զարգացումը:
Վիրահատական և այլ միջամտություններ
Գերակտիվ հարվահանաձև գեղձերի հետ կապված խնդիրները հաճախ կարող են բուժվել վիրահատության միջոցով: Նման դեպքերում հեռացվում է այն հյուսվածքը, որն առաջացնում է խնդիրը: Շատ դեպքերում մարդու չորս հարվահանաձև գեղձերից ախտահարվում է միայն մեկը: Ձեր բժիշկը կարող է առաջարկել հատուկ սքանավորման հետազոտություն, որի ընթացքում ներարկվում է ռադիոակտիվ նյութի փոքր քանակ՝ հայտնաբերելու այն գեղձը կամ գեղձերը, որոնք դարձել են գերակտիվ:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024