Թիրեոտոքսիկոզը կարող է առաջանալ մի շարք հիվանդությունների պատճառով, որոնք ազդում են վահանաձև գեղձի վրա:
Վահանաձև գեղձը պարանոցի հիմքում գտնվող փոքրիկ թիթեռնիկաձև գեղձ է: Այն մեծ ազդեցություն ունի օրգանիզմի վրա։ Նյութափոխանակության ցանկացած օղակ վերահսկվում է վահանաձև գեղձի արտադրած հորմոններով:
Վահանաձև գեղձն արտադրում է երկու հիմնական հորմոն՝ թիրոքսին (T4) և տրիյոդոթիրոնին (T3): Այս հորմոններն ազդում են օրգանիզմի յուրաքանչյուր բջջի վրա: Դրանք նպաստում են այն արագությանը, որով օրգանիզմն օգտագործում է ճարպերը և ածխաջրերը: Այս հորմոններն օգնում են մարմնի ջերմաստիճանի վերահսկմանը: Դրանք ազդում են սրտի ռիթմի վրա։ Եվ դրանք օգնում են այն բանի վերահսկմանը, թե որքան սպիտակուց է արտադրում օրգանիզմը:
Թիրեոտոքսիկոզն առաջանում է, երբ վահանաձև գեղձն այս թիրեոիդ հորմոնների չափից ավելի մեծ քանակներ է բաց թողնում արյան մեջ: Վահանաձև գեղձի այսպիսի գերակտիվությունը կարող է զարգանալ տարբեր պատճառներով:
- Գրեյվսի հիվանդություն. Գրեյվսի հիվանդությունն աուտոիմուն խանգարում է, որն առաջացնում է իմունային համակարգի «հարձակում» վահանաձև գեղձի վրա: Դա դրդում է վահանաձև գեղձին, որ արտադրի չափազանց մեծ քանակությամբ թիրեոիդ հորմոն: Գրեյվսի հիվանդությունը թիրեոտոքսիկոզի ամենատարածված պատճառն է:
- Վահանաձև գեղձի գերակտիվ հանգույցներ. այս հիվանդությունը նաև կոչվում է թունավոր ադենոմա, թունավոր բազմանոդուլյար խպիպ կամ Փլամերի հիվանդություն։ Թիրեոտոքսիկոզի այս ձևն առաջանում է, երբ վահանաձև գեղձի ադենոման արտադրում է չափազանց մեծ քանակությամբ թիրեոիդ հորմոն: Ադենոման գեղձի մի մասն է, որն «պատնեշված է» է մնացած գեղձից: Այն ձևավորում է ոչ քաղցկեղային գոյացություններ, որոնք կարող են վահանաձև գեղձը դարձնել սովորականից ավելի մեծ:
- Թիրեոիդիտ. այս հիվանդությունն առաջանում է, երբ վահանաձև գեղձը բորբոքվում է: Որոշ դեպքերում դա պայմանավորված է աուտոիմուն խանգարմամբ: Մյուսներում դրա պատճառը պարզ չէ։ Բորբոքումը կարող է հանգեցնել վահանաձև գեղձում կուտակված ավելցուկային թիրեոիդ հորմոնի արտահոսքի դեպի արյան հուն և առաջացնել թիրեոտոքսիկոզի ախտանիշներ:
Ռիսկի գործոններ
Թիրեոտոքսիկոզի ռիսկի գործոններից են՝
- վահանաձև գեղձի հիվանդության, մասնավորապես, Գրեյվսի հիվանդության ընտանեկան պատմություն
- որոշ քրոնիկ հիվանդությունների անձնական պատմություն, ներառյալ՝ պերնիցիոզ անեմիա և առաջնային մակերիկամային անբավարարություն
- վերջերս հղիություն, որը բարձրացնում է վահանաձև գեղձի բորբոքման ռիկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024