Թիրեոտոքսիկոզ. բուժում

Թիրեոտոքսիկոզ. բուժում

Կան թիրեոտոքսիկոզի բուժման մի քանի մեթոդներ:

Ձեզ համար լավագույն մոտեցումը կախված է ձեր տարիքից և առողջական վիճակից: Թիրեոտոքսիկոզի հիմքում ընկած պատճառը և դրա ծանրության աստիճանը նույնպես պահանջում են տարբեր բուժական մոտեցումներ: Ձեր անձնական նախապատվությունը նույնպես պետք է հաշվի առնել, երբ դուք և ձեր բժիշկը որոշում եք բուժման պլանը:

Հակաթիրեոիդային դեղամիջոցներ

Այս դեղամիջոցներն աստիճանաբար մեղմացնում են թիրեոտոքսիկոզի ախտանիշները՝ կանխելով վահանաձև գեղձի կողմից չափազանց շատ հորմոնների արտադրությունը: Հակաթիրեոիդային դեղամիջոցները ներառում են՝ Մեթիմազոլ (Տապազոլ) և Պրոպիլթիոուրացիլ: Ախտանիշները սովորաբար սկսում են բարելավվել մի քանի շաբաթից մինչև ամիսների ընթացքում:

Հակաթիրեոիդային դեղամիջոցներով բուժումը սովորաբար տևում է 12-18 ամիս: Դրանից հետո դեղաչափը կարող է դանդաղորեն նվազվել կամ դադարեցվել, եթե ախտանիշները անհետացել են, և եթե արյան թեստերի արդյունքները ցույց են տալիս, որ վահանաձև գեղձի հորմոնի մակարդակը վերադարձել է ստանդարտ միջակայք: Որոշ մարդկանց մոտ հակաթիրեոիդային դեղամիջոցները բերում են երկարաժամկետ ախտադադարի (ռեմիսիա): Բայց այլ մարդիկ կարող են պարզել, որ այս բուժումից հետո թիրեոտոքսիկոզը վերսկսվում է:

Թեև հազվադեպ, սակայն երկու դեղամիջոցներն էլ կարող են լրջորեն վնասել լյարդը: Փորձը ցույց է տվել, որ Պրոպիլթիուրացիլն առաջացնում է լյարդի վնասման անհամեմատ ավելի շատ դեպքեր, քան Մեթիմազոլը, ուստի այն սովորաբար օգտագործվում է միայն այն դեպքում, երբ մարդիկ չեն կարող ընդունել Մեթիմազոլ: Քիչ թվով մարդկանց մոտ, ովքեր ալերգիկ են այս դեղամիջոցների նկատմամբ, կարող են ի հայտ գալ ցան, եղնջացան, ջերմություն կամ հոդացավ։ Երկու դեղամիջոցներն էլ կարող են նաև բարձրացնել վարակի վտանգը:

Բետա պաշարիչներ (բլոկատորներ)

Այս դեղամիջոցները չեն ազդում վահանաձև գեղձի հորմոնների մակարդակի վրա: Բայց դրանք կարող են նվազեցնել թիրեոտոքսիկոզի ախտանիշները, ինչպիսիք են դողը, արագ սրտազարկը և սրտխփոցի զգացումը: Բժիշկներն այս դեղերը նշանակում են ախտանիշները թեթևացնելու համար, մինչև վահանաձև գեղձի հորմոնները մոտենան նորմալ մակարդակին:

Բետա բլոկատորները սովորաբար խորհուրդ չեն տրվում այն մարդկանց, ովքեր ունեն ասթմա: Կողմնակի ազդեցություններից են հոգնածությունը և սեռական խնդիրները:

Ռադիոակտիվ յոդով բուժում

Բերանով ընդունվող ռադիոյոդը կլանվում և կուտակվում է ձեր վահանաձև գեղձում՝ շաբաթների կամ ամիսների ընթացքում ետզարգացնելով գեղձային հյուսվածքը և փոքրացնելով գեղձը: Ախտանիշները սովորաբար մեղմանում են մի քանի ամսվա ընթացքում:

Այս բուժումը սովորաբար հանգեցնում է վահանաձև գեղձի ակտիվության այն աստիճան դանդաղեցմանը, որ վահանաձև գեղձը թերակտիվանում է: Նման վիճակը կոչվում է հիպոթիրեոզ։ Հիպոթիրեոզ զարգանալուց հետո բժիշկը ձեզ խորհուրդ կտա օգտագործել վահանաձև գեղձի հորմոնները փոխարինող դեղամիջոց:

Թիրոիդէկտոմիա

Սա վահանաձև գեղձի մի մասի կամ ամբողջական հեռացման վիրահատություն է: Այն հաճախ չի օգտագործվում թիրեոտոքսիկոզի բուժման համար, բայց կարող է տարբերակ լինել հղի կանանց համար: Այն կարող է նաև առաջարկվել նրանց, ովքեր չեն կարող ընդունել հակաթիրեոիդային դեղամիջոցներ և չեն ցանկանում կամ չեն կարող ընդունել ռադիոյոդով բուժում:

Վիրահատության ռիսկերը ներառում են ձայնալարերի և հարվահանաձև գեղձերի վնասումը: Հարվահանաձև գեղձերը վահանաձև գեղձի հետևի մասում գտնվող չորս փոքրիկ գեղձեր են, որոնք օգնում են վերահսկել արյան մեջ կալցիումի մակարդակը։

Մարդիկ, ովքեր ենթարկվել են վահանաձև գեղձի հեռացման կամ ռադիոյոդով բուժման, կարիք ունեն ողջ կյանքի ընթացքում ստանալ Լևոթիրոքսին (Լևոքսիլ, Սինթրոիդ): Այս դեղամիջոցն օրգանիզմն ապահովում է վահանաձև գեղձի հորմոններով։ Եթե վիրահատության ընթացքում հեռացվում են հարվահանաձև գեղձերը, ապա անհրաժեշտ է նաև դեղամիջոց՝ արյան մեջ կալցիումը նորմալ սահմաններում պահելու համար:

Թիրեոիդ աչքի հիվանդության բուժումը

Եթե ունեք թիրեոիդ աչքի հիվանդություն, մեղմ ախտանիշների դեպքում կարող եք օգտագործել արհեստական արցունք և աչքերն օծող գելեր, ինչպես նաև խուսափել քամուց և վառ լույսի աղբյուրներից:

Ավելի ծանր ախտանիշները կարող են բուժման կարիք ունենալ կորտիկոստերոիդներ կոչվող դեղամիջոցներով, ինչպիսիք են Մեթիլպրեդնիզոլոնը կամ Պրեդնիզոնը: Դրանք կարող են նվազեցնել հետակնագնդային այտուցը: Տեպրոտումամաբ (Տեպրեզզա) դեղամիջոցը կարող է օգտագործվել նաև չափավոր և ծանր ախտանիշները վերահսկելու համար: Եթե այդ դեղամիջոցները չեն թեթևացնում ախտանիշները, երբեմն նշանակվում են այլ դեղեր, այդ թվում՝ Տոցիլիզումաբ (Ակտեմրա), Ռիտուքսիմաբ (ՌիտուքսանRituxan) և Միկոֆենոլատ մոֆետիլ (Ցելսեպտ):

Որոշ, այդ թվում՝ դեղորայթային բուժման անարդյունավետության դեպքերում բժիշկը կարող է առաջարկել վիրահատական բուժում (օրբիտալ դեկոմպրեսիա կամ աչքի մկանների պլաստիկա):

Հոդվածը վերանայվել է՝ 29-01-2023