Թիրեոտոքսիկոզ. բարդություններ

Թիրեոտոքսիկոզ. բարդություններ

Թիրեոտոքսիկոզը կամ հիպերթիրեոզը կարող է պատճառել բազմաթիվ բարդություններ:

Թիրեոտոքսիկոզի բարդությունների ռիսկը բարձրանում է հատկապես բուժումից դուրս մնալու դեպքում:

  • Սրտային խնդիրներ. թիրեոտոքսիկոզի ամենալուրջ բարդություններից մեկը ներառում է սիրտը: Գերակտիվ վահանաձև գեղձը կարող է առաջացնել արագացած սրտազարկ (տախիկարդիա), սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիա), ավելի հաճախ՝ շողացող առիթմիա (որը բարձրացնում է ինսուլտի ռիսկը) և կանգային սրտային անբավարարություն՝ ծանր վիճակ, երբ ձեր սիրտն այլևս անկարող է ապահովել օրգանիզմի պահանջներին բավարարող արյան շրջանառություն:
  • Ոսկրերի փխրունացում. չբուժված թիրեոտոքսիկոզը նաև կարող է թուլացնել ոսկրերը, որը կոչվում է օստեոպորոզ: Ձեր ոսկրերի ամրությունը մասամբ կախված է ոսկրային հյուսվածքում պարունակվող կալցիումի և մյուս միներալների քանակից: Վահանաձև գեղձի կամ թիրեոիդ հորմոնների մեծ քանակները թույլ չեն տալիս, որ բավարար չափով կալցիում մտնի ոսկրեր:
  • Աչքի խնդիրներ. Գրեյվսի օֆթալմոպաթիայով մարդկանց մոտ զարգանում են աչքերի հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ արտափքված կամ դուրս ցցված ակնագնդեր, կարմրած կամ այտուցված աչքեր, լուսազգայունություն, մշուշոտ տեսողություն կամ երկտեսություն (դիպլոպիա): Չբուժված ծանր աչքի խնդիրները կարող են ավարտվել տեսողության կորստով:
  • Մաշկի այտուցվածություն և կարմրություն. հազվադեպ Գրեյվսի հիվանդությամբ մարդկանց մոտ կարող է զարգանալ Գրեյվսի դերմատոպաթիա, որն առաջացնում է սրունքների և ոտնաթաթերի մաշկի կարմրություն և այտուցվածություն:
  • Թիրեոտոքսիկ կրիզ. թիրեոտոքսիկոզը նաև բարձրացնում է թիրեոտոքսիկ կրիզի ռիսկը՝ ախտանիշների հանկարծակի սաստկացում, որը բերում է տենդի, փսխումների, հաճախասրտության և այլ առիթմիաների, հոգեկան գրգռվածության և նույնիսկ դելիրիումի: Թիրեոտոքսիկ կրիզը պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն: Նույնիսկ բուժման դեպքում այս կրիզը 20%-50% դեպքերում բերում է մահվան:
  • Վահանաձև գեղձի հորմոնային «հյուծում» և հիպոթիրեոզ. թիրեոտոքսիկոզի որոշ տեսակներ (օրինակ՝ Հաշիմոտոյի հիվանդություն) կարող են վահանաձև գեղձի վնասման և հորմոնային պաշաների սպառման պատճառով վերջիվերջո բերել հիպոթիրեոզի։ Նույն կերպ, ռադիոակտիվ յոդով բուժումը նույնպես որոշ դեպքերում բերում է հիպոթիրեոզի։ Հիպոթիրեոզի զարգացման կասկածի դեպքում պետք է պարբերաբար ստուգել թիրեոիդ հորմոնների մակարդակը և պակասած քանակը լրացնել արհեստական հորմոններով։

Հոդվածը վերանայվել է՝ 07-05-2021