Թիրեոտոքսիկոզ. ախտորոշում

Թիրեոտոքսիկոզ. ախտորոշում

Թիրեոտոքսիկոզը կամ հիպերթիրեոզն ախտորոշվում է ելնելով հիվանդության պատմությունից, զննման և արյան թեստերի արդյունքներից:

  • Հիվանդության պատմություն (անամնեզ) և արտաքին զննում. արտաքին զննման ժամանակ բժիշկը կփորձի գտնել թիրեոտոքսիկոզի տարածված ախտանիշները, օրինակ՝ դեպի առաջ պարզած ձեռքերի մատների թույլ դող, գերակտիվացած ռեֆլեքսներ, քրտնոտության նշաններ (խոնավ մաշկ), աչքերի փոփոխություններ, պարանոցի շոշափմամբ հնարավոր այտուցի կամ հանգույցների հայտնաբերում, անոթազարկի շոշափում (որը կարող է լինել հաճախացած կամ անկանոն) և այլն:
  • Արյան թեստեր. արյան մեջ թիրոքսինի (Т4) և թիրեոտրոպ հորմոնի (TSH) չափումները կարող են հաստատել ախտորոշումը: Թիրոքսինի բարձր մակարդակները և TSH-ի ցածր կամ չորոշվող մակարդակները վկայում են գերակտիվ վահանաձև գեղձի մասին: TSH-ի մակարդակը կարևոր է, քանի որ դա այն հորմոնն է, որը դրդում է վահանաձև գեղձին, որ վերջինս արտադրի ավելի շատ թիրոքսին: Վահանաձև գեղձի գործունեության կամ թիրեոիդ թեստերն առանձնահատուկ նշանակություն են ստանում մեծ տարիքի չափահասների համար, ովքեր կարող են չնշել կամ չունենալ թիրեոտոքսիկոզի դասական ախտանիշներ: Նկատի ունեցեք, որ այս թեստերը կարող են տալ կեղծ պատասխաններ, եթե ընդունում եք բիոտին պարունակող հավելում, որը կարող է պարունակվել B խմբի կամ մուլտիվիտամինային հավելումներում (արյան նմուշառումը պետք է կատարել բիոտինի ընդունումից առնվազն 12 ժամ հետո):

Եթե արյան թեստերը վկայում են թիրեոտոքսիկոզի առկայության մասին, բժիշկը կարող է խորհուրդ տալ որևէ լրացուցիչ հետազոտություն, որը կարող է օգնել որոշելու, թե ինչու է ձեր վահանաձև գեղձը դարձել գերակտիվ:

  • Ռադիոակտիվ յոդի կլանման թեստ. այս հետազոտության ընթացքում դուք ընդունում եք քիչ քանակով ռադիոակտիվ յոդ պարունակող հաբ, որից 4, 6 կամ 24 ժամ հետո գամմա տեսախցիկով պատկերվում է ձեր վահանաձև գեղձը: Վերջինս ներկայացնում է, թե ինչքան յոդ է ներծծվել և կուտակվել ձեր վահանաձև գեղձում: Եթե վահանաձև գեղձի կողմից ռադիոակտիվ յոդի կլանման չափը մեծ է, նշանակում է գեղձն արտադրում է նորմայից մեծ քանակով թիրոքսին, որի ամենահավանական պատճառը Գրեյվսի հիվանդությունն է կամ վահանաձև գեղձի հանգույցների գերակտիվությունը: Հակառակ դեպքում, եթե ունեք թիրեոտոքսիկոզ և ռադիոակտիվ յոդի գեղձային կլանումն անբավարար է, նշանակում է գեղձում պահեստավորված թիրոքսինը արտահոսել է արյան հուն, որը թիրեոիդիտի (վահանաձև գեղձի բորբոքման) նշաններից է:
  • Վահանաձև գեղձի սքանավորում. այս հետազոտության ընթացքում ձեր ձեռքի երակից ներարկում են ռադիոակտիվ իզոտոպ պարունակող լուծույթ, որից հետո դուք պառկում եք հատուկ սեղանի վրա և համակարգչային տեխնոլոգիայով ստացվում է ձեր վահանաձև գեղձի պատկերը: Սքանավորումը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես է յոդը կուտակվում ձեր վահանաձև գեղձում:
  • Վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). այս հետազոտությունն օգտագործում է բարձր հաճախականության ձայնային ալիքներ, որոնց շնորհիվ ստացվում է վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ պատկերը: Սոնոգրաֆիան ավելի հաջող կերպով է հայտնաբերում թիրեոիդ հանգույցները, քան ճառագայթում պահանջող պատկերման այլ հետազոտությունները:

Հոդվածը վերանայվել է՝ 24-06-2021