Թիրեոտոքսիկոզը երբեմն նման է առողջական այլ խնդիրների:
Դա կարող է դժվարացնել ախտորոշումը: Այն կարող է առաջացնել բազմաթիվ ախտանիշներ, այդ թվում՝
- առանց փորձելու նիհարում (քաշի կորուստ)
- արագացած սրտազարկ՝ մի վիճակ, որը կոչվում է տախիկարդիա
- անկանոն սրտազարկ, որը նաև կոչվում է առիթմիա
- սրտի բաբախյուն, որը երբեմն կոչվում է սրտխփոց
- ուժեղացած քաղց
- նյարդայնություն, անհանգստություն և դյուրագրգռություն
- տրեմոր, սովորաբար՝ ձեռքերի և մատների թույլ դող
- քրտնարտադրություն
- դաշտանային ցիկլի փոփոխություններ
- ջերմության նկատմամբ զգայունության բարձրացում
- աղիների դատարկման սովորույթի փոփոխություններ, մասնավորապես՝ հաճախացած գալարակծկանք և փորլուծություն
- տաքության նկատմամբ զգայունության բարձրացում (տաքության անտանելիություն)
- վահանաձև գեղձի մեծացում (խպիպ, զոբ), որը կարող է հայտնվել պարանոցի հիմքում որպես այտուցվածություն
- հոգնածություն
- մկանային թուլություն
- քնի խնդիրներ
- տաք, խոնավ մաշկ
- մաշկի հյուծում
- բարակ, կոտրտվող մազեր կամ մազաթափություն:
Մեծ տարիքով չափահասներն ավելի հավանական է, որ ունենան ախտանիշներ, որոնք դժվար է նկատել: Այս ախտանիշները կարող են ներառել՝ անկանոն սրտազարկ, նիհարում (քաշի կորուստ), դեպրեսիա և սովորական գործերի ընթացքում թուլության կամ հոգնածության զգացում:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե դուք անբացատրելիորեն նիհարում եք կամ եթե նկատում եք արագացած սրտազարկ, արտասովոր քրտնարտադրություն, այտուց ձեր պարանոցի հիմքում կամ թիրեոտոքսիկոզի այլ ախտանիշեր, պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին: Տեղեկացրեք նրան բոլոր այն ախտանիշների մասին, որոնք դուք նկատել եք, նույնիսկ եթե դրանք աննշան են:
Թիրեոտոքսիկոզի ախտորոշումից հետո մարդկանց մեծամասնության համար անհրաժեշտ է կանոնավոր հետևողական բուժայցելություններ՝ վիճակը վերահսկելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024