Skip to main content

Կանխարգելում - Հիպոթերմիա

Որոշ միջոցառումներ կարող են նվազեցնել մարմնի ջերմաստիճանի նվազեցման հավանականությունը:

Սառը եղանակին տաք մնալը

Նախքան ձեր կամ ձեր երեխաների սառը օդ դուրս գալը, հետևեք այն խորհուրդներին, որոնք հեշտ հիշվելու համար հաճախ ներկայացվում են որպես անգլերեն «COLD» հապավում ՝ ծածկոց (Cover), գերլարում (Overexertion), շերտեր (Layers) և չոր (dry)։

  • Ծածկոց. հագեք գլխարկ կամ գլուխը ծածկող այլ պաշտպանիչ բան, որ չկորցնեք ձեր մարմնի ջերմությունը ձեր գլխից, դեմքից և պարանոցից: Ձեռեքերը փակեք ոչ թե սովորական կաշվե, այլ՝ տաք ու հաստ ձեռնոցներով:
  • Գերլարում. խուսափեք այնպիսի բաներից, որոնք կարող են քրտնարտադրություն պատճառել: Թաց հագուստի և ցուրտ եղանակի համադրությունը կարող է հանգեցնել մարմնի ջերմության ավելի արագ կորստի:
  • Շերտեր. հագեք ազատ, շերտավոր, թեթև հագուստ: Հողմից պաշտպանվելու համար լավագույն տարբերակն ամուր հյուսված, ջուր չներծծող նյութից պատրաստված վերնազգեստն է: Բրդե, մետաքսե կամ պոլիպրոպիլենային ներքին շերտերն ավելի լավ են պահում մարմնի ջերմությունը, քան բամբակը:
  • Չոր. մնացեք հնարավորինս չոր: Ինչքան հնարավոր է շուտ փոխեք ձեր թաց հագուստը։ Հատկապես ուշադրություն դարձրեք, որ ձեր ձեռքերն ու ոտքերը չոր մնան, քանի որ ձյունը կարող է հեշտությամբ մխրճվել ձեռնոցների և կոշիկների մեջ:

Երեխաներին պաշտպանեք ցրտից

Երբ ձեր երեխաները ձմռանը դրսում են, հիպոթերմիան կանխելու համար՝

  • hագցրեք նորածիններին և մանկահասակ երեխաներին մեկ շերտով ավելի, քան չափահասները կհագնեին նույն պայմաններում
  • երեխաներին ներս բերեք, եթե նրանք սկսում են դողալ. սա հիպոթերմիայի սկսվելու առաջին նշանն է
  • մի պատճառ գտեք, որ երեխաները հաճախակի ներս մտնեն տաքանալու, երբ դրսում խաղում են
  • թույլ մի՛ տվեք, որ երեխաները քնեն սառը սենյակում:

Մեքենայի անվտանգաությունը ձմռանը

Ամեն անգամ, երբ ճանապարհորդում եք վատ եղանակին, համոզվեք, որ ինչ-որ մեկը գիտի, թե ուր եք գնում և որ ժամին մոտավորապես կժամանեք: Այդ կերպ, եթե ձեր ճանապարհին անախորժությունների մեջ ընկնեք, շտապ օգնության աշխատակիցները կիմանան, թե որտեղ փնտրել ձեր մեքենան:

Նաև լավ գաղափար է, որ ձեր մեքենայում պահեք շտապ օգնության պարագաներ, եթե հայտնվեք արգելափակման մեջ: Պաշարները կարող են ներառել՝ մի քանի վերմակ, լուցկի, մոմեր, մաքուր թիթեղյա տարա, որտեղ կարող եք ձյունը հալեցնել խմելու ջուր ստանալու համար, առաջին օգնության հավաքածու, չոր կամ պահածոյացված մթերք, պահածոների բացիչ, քարշակի պարան, էլեկտրական մալուխներ, կողմնացույց և այլն: Հնարավորության դեպքում ճանապարհորդեք բջջային հեռախոսով:

Եթե խրված եք ձյան մեջ, մեքենայում դրեք այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է և ծածկված մնացեք: Աշխատեք մեքենան ամեն ժամը մեկ 10 րոպեով աշխատեցնել, որ այն տաքանա: Համոզվեք, որ պատուհանը մի փոքր բաց է, և արտանետվող խողովակը ծածկված չէ ձյունով, մինչ շարժիչը աշխատում է:

Ալկոհոլ

Հիպոթերմիայի ալկոհոլի հետ կապված ռիսկերից խուսափելու համար, մի՛ խմեք ալկոհոլ՝

  • եթե դուք պատրաստվում եք ցուրտ եղանակին դրսում լինել
  • եթե նավով կամ նավակով զբոսնում եք
  • ցուրտ գիշերները քնելուց առաջ:

Սառը ջրի հետ կապված անվտանգություն

Ջուրը պարտադիր չէ, որ չափազանց սառը լինի հիպոթերմիա առաջացնելու համար: Ցանկացած ջուր, որն ավելի սառն է, քան մարմնի նորմալ ջերմաստիճանը, ջերմության կորուստ է առաջացնում: Հետևյալ խորհուրդները կարող են մեծացնել ձեր գոյատևման ժամանակը, եթե պատահաբար ընկնեք սառը ջրի մեջ:

  • Հագեք փրկարարական բաճկոն. եթե նախատեսում եք լողալ ջրային նավակով, կրեք փրկարարական բաճկոն: Փրկարար բաճկոնը կարող է օգնել ձեզ ավելի երկար կենդանի մնալ սառը ջրում՝ հնարավորություն տալով լողալ առանց էներգիա օգտագործելու և ապահովելով որոշակի ջերմամեկուսացում: Փրկարար բաճկոնին կցված պահեք սուլիչ՝ օգնության ազդանշանի համար:
  • Հնարավորության դեպքում դուրս եկեք ջրից. դուրս եկեք ջրից որքան հնարավոր է, օրինակ՝ բարձրանալով շրջված նավակի վրա կամ սողալով լողացող առարկայի վրա:
  • Մի՛ փորձեք լողալ, քանի դեռ անվտանգ «ափին» մոտ չեք. եթե մոտակայքում նավակ, մեկ այլ մարդ կամ փրկարար բաճկոն չկա, մնացեք տեղում: Լողը կծախսի ձեր էներգիան և կարող է կրճատել գոյատևման ժամանակը:
  • Ձեր մարմինը դիրքավորեք ջերմության կորուստը նվազագույնի հասցնելու համար. օգնության սպասելիս ջերմության կորուստը նվազեցնելու համար օգտագործեք մարմնի դիրքը, որը հայտնի է որպես ջերմային կորստի նվազեցման կեցվածք (HELP): Ձեր ծնկները պահեք կրծքավանդակին մոտ, որ պաշտպանեք ձեր իրանը:
  • Շփվեք ուրիշների հետ. եթե դուք այլ մարդկանց հետ ընկել եք սառը ջրի մեջ, փորձեք տաքացրեք միմյանց:
  • Մի՛ հանեք ձեր հագուստը. մինչ դուք ջրի մեջ եք, մի՛ հանեք հագուստը, քանի որ այն օգնում է ձեզ մեկուսանալ ջրից: Կոճկեք և փակեք ձեր հագուստը: Հնարավորության դեպքում ծածկեք ձեր գլուխը: Հանեք հագուստը միայն այն բանից հետո, երբ ապահով դուրս եք գալիս ջրից և կարող եք միջոցներ ձեռնարկել չորանալու և տաքանալու համար:

Օգնեք առավել վտանգի տակ գտնվող մարդկանց

Հիպոթերմայի նկատմամբ առավել ռիսկի տակ գտնվող մարդկանց համար՝ նորածիններ, տարեցներ, մտավոր կամ ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդիկ և անօթևան մարդիկ, համայնքի իրազեկման ծրագրերը և սոցիալական աջակցության ծառայությունները կարող են մեծ օգնություն լինել: Եթե դուք վտանգի տակ եք կամ ճանաչում եք որևէ մեկին, ով վտանգի տակ է, կապվեք համապատասխան մարմինների կամ ծառայությունների հետ, ինչպիսիք են անօթևանների ապաստարանները, համայնքային տաքացման կենտրոնները և այլն:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024