Անհապաղ բժշկական օգնություն կանչեք բոլոր նրանց համար, ովքեր կարծես թե ունեն հիպոթերմիա:
Քանի դեռ բժշկական օգնությունը հասանելի չէ, հետևեք հիպոթերմային առաջին օգնության այս ուղեցույցին:
Առաջին օգնության միջոցներ
- Զգույշ վարվեք. երբ օգնում եք հիպոթերմայով հիվանդին, նուրբ վարվեք նրա հետ: Սահմանափակեք շարժումները միայն նրանց համար, որոնք անհրաժեշտ են: Մի մերսեք կամ շփեք մարդուն: Ավելորդ, եռանդուն կամ ցնցող շարժումները կարող են առաջացնել սրտի կանգ:
- Տեղափոխեք մարդուն ցրտից կամ սառը միջավայրից դուրս. հնարավորության դեպքում մարդուն տեղափոխեք տաք, չոր տեղ: Եթե չեք կարողանում մարդուն դուրս հանել ցրտից, հնարավորինս պաշտպանեք նրան ցրտից և քամուց: Հնարավորության դեպքում նրան հորիզոնական դիրքում պահեք:
- Հանեք թաց հագուստը. եթե մարդը թաց հագուստ է կրում, հանեք այն։ Անհրաժեշտության դեպքում կտրեք ու հեռացրեք հագուստը՝ ավելորդ շարժումներից խուսափելու համար:
- Ծածկեք մարդուն վերմակներով. մարդուն տաքացնելու համար օգտագործեք չոր վերմակներ կամ վերարկուներ: Ծածկեք նրա գլուխը՝ բաց թողնելով միայն դեմքը։
- Մեկուսացրեք մարդու մարմինը սառը հողից. եթե դրսում եք, պառկեցրեք մարդուն մեջքի վրա վերմակի կամ այլ տաք մակերեսի վրա:
- Շնչառության վերահսկում. ծանր հիպոթերմիայով մարդը կարող է հայտնվել անգիտակից վիճակում՝ առանց անոթազարկի (պուլս) կամ շնչառության ակնհայտ նշանների: Եթե մարդու շնչառությունը դադարել է կամ դարձել խիստ հազվադեպ կամ մակերեսային, անմիջապես սկսեք սիրտ-թոքային վերականդանացումը, եթե անցել եք համապատասխան դասընթաց և տիրապետում եք մեթոդին:
- Տվեք տաք ըմպելիքներ. եթե տուժած մարդու գիտակցությունը պահպանված է և նա ի վիճակի է կուլ տալ, տվեք տաք, քաղցր, ոչ ալկոհոլային, կոֆեին չպարունակող ըմպելիք, որը կօգնի տաքացնել մարմինը:
- Օգտագործեք տաք, չոր ջեռակ. օգտագործեք առաջին օգնության տաք ջեռակ (հեղուկով լցված պլաստիկ տոպրակ, որը տաքանում է սեղմելիս), տաք ջրի ժամանակավոր կոմպրես պլաստիկ շշով կամ տաքացվող ջեռակ: Տաքացրեք տուժողի միայն պարանոցը, կրծքավանդակի պատը կամ աճուկը։ Մի՛ դրեք ջեռակը ձեռքերին կամ ոտքերին, որը կարող է բերել արյան ետհոսքի դեպի սիրտ, թոքեր և գլխուղեղ՝ հանգեցնելով մարմնի հիմնական (բազալ) ջերմաստիճանի էլ ավելի նվազեցման:
- Մի կիրառեք ուղղակի ջերմություն. մարդուն տաքացնելու համար մի՛ օգտագործեք տաք ջուր, տաքացուցիչ կամ տաքացնող լամպ: Ուժեղ տաքությունը կարող է վնասել մաշկը կամ, ավելի վատ՝ առաջացնել սրտի անկանոն սրտազարկ և անգամ սրտի կանգ:
Բժշկական օգնություն
Կախված հիպոթերմիայի ծանրության աստիճանից՝ անհետաձգելի բժշկական օգնությունը կարող է ներառել մարմնի ջերմաստիճանը բարձրացնելուն ուղղված հետևյալ միջամտություններից մեկնումեկը:
- Պասիվ վերատաքացում. թեթև հիպոթերմիա ունեցողի համար բավական է ծածկել նրան տաքացվող վերմակներով և առաջարել խմելու տաք հեղուկներ:
- Արյան վերատաքացում. արյունը կարող է օրգանիզմից դուրս հանվել, տաքացվել և նորից վերադարձվել օրգանիզմ: Արյան տաքացման տարածված մեթոդը հեմոդիալիզի սարքի օգտագործումն է, որը սովորաբար օգտագործվում է երիկամների անբավարար գործունեություն ունեցող մարդկանց արյունը զտելու համար: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի օգտագործել արհեստական արյան շրջանառության (սրտի շրջանցման) սարքեր:
- Տաքացված ներերակային հեղուկներ. տաքացված ներերակային լուծույթը կարող է միացվել երակին՝ արյունը տաքացնելու համար:
- Շնչուղիների վերատաքացում. խոնավացված թթվածնի օգտագործումը դիմակով կամ քթային խողովակով կարող է տաքացնել օդուղիները և օգնել բարձրացնելու մարմնի ջերմաստիճանը:
- Ոռոգում (իռիգացիա). տաքացված աղի ջրային լուծույթը կարող է օգտագործվել մարմնի որոշ հատվածներ տաքացնելու համար, օրինակ՝ թոքերի (պլևրայի խոռոչ) կամ որովայնի խոռոչի (պերիտոնային խոռոչի) շրջակայքը: Տաք հեղուկը կաթետերով ներմուծվում է տուժած տարածք:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024