Առողջական խնդիրներ
Մարսողության խանգարումը և այրոցքը հղիության ընթացքում

4 րոպե
Բազմաթիվ կանայք հղիության ընթացքում գանգատվում են մարսողության խանգարումից և արյոցքից, որը կարող է լինել ցավերի և անհարմարավետության պատճառ:
Սակայն կան այս անցանկալի վիճակներից խուսափելու կամ բուժելու մեթոդներ, հատկապես, եթե դրանք թույլ դրսևորում ունեն: Երբեմն այրոցքի զգացումը կարող է շփոթվել ավելի լուրջ առողջական խնդրի հետ, որը կոչվում է պրեէկլամպսիա:
Ի՞նչ է մարսողության խանգարումը
Մարսողության (կամ ստամոքսի) խանգարումը, որը կոչվում է նաև «դիսպեպսիա», ստամոքսի շրջանում (որովայնի վերին շրջան կամ վերորովայն) ցավի կամ անհարմարավետության զգացում է, որը հաճախ ի հայտ է գալիս ինչ-որ բան ուտելուց կամ խմելուց հետո, սակայն կարող է առաջանալ նաև ավելի ուշ:
Հղիության վաղ շրջանում առաջացող «ստամոքսի խանգարումը» կարող է պատճառվել ձեր հորմոնային փոփոխություններով: Հղիության երկրորդ եռամսյակում դիսպեպսիան դառնում է ավելի տարածված և կարող է պատճառվել երեխայի կողմից ստամոքսը ճնշելու պատճառով: Հղիության ժամանակ նման խանգարում նշում են յուրաքանչյուր 10 կնոջից 8-ը:
«Ստամոքսի խանգարման» ախտանիշներից են՝
- այրոցք (ռուսերեն՝ изжога)
- ռեֆյլուքս կամ ռեգուրգիտացիա (երբ սնունդը ստամոքսից բարձրանում է վերև՝ մտնելով կերակրափող)
- զկրտոց
- ստամոքսի ծանրության, փքվածության կամ լցվածության զգացում
- ինքնազգացողության վատացում
- փսխում
Իմացե՛ք ավելին ստամոքսի խանգարման կամ դիսպեպսիայի մասին:
Ի՞նչ է այրոցքը
Այրոցքը (изжога) կոկորդի շրջանում կամ կրծոսկրի ետևում տեղակայված այրոզ ցավերն են, որոնց պատճառը ստամոքսի թթվի դեպի կերակրափող ետ բարձրացումն է և վերջինիս լորձաթաղանթի գրգռումը։
Իմացե՛ք ավելին այրոցքի մասին:
Հղիների մոտ ստամոքսի խանգարման և այրոցքի առաջացման պատճառները
Հղի կանանց մոտ ստամոքսի խանգարում կամ այրոցք կարող է առաջանալ հետևյալ պատճառներով՝
- մեծ քանակությամբ սննդի ընդունում
- ճարպերով հարուստ սննդի ընդունում
- շոկոլադի կամ անանուխի ընդունում
- ծխախոտի օգտագործում
- մրգահյութերի կամ կոֆեինացված ըմպելիքների օգտագործում (սուրճ, թեյ, կոլա և այլն)
- ուտելուց անմիջապես հետո ֆիզիկական աշխատանքի կամ գործի կատարում
- իրանի առաջ թեքված կամ կռացած դիրք
- տագնապի զգացում։
Լավ կլինի, որ նշումներ անեք այն մասին, թե կոնկրետ որ սննդամթերքը, ըմպելիքը կամ գործն է, որ ձեր հղիության ընթացքում առաջացնում է ստամոքսի խանգարում:
Ստամոքսի խանգարումից և այրոցքից խուսափումը
Եթե ձեր գանգատները թույլ արտահայտված են, ապա հնարավոր է, որ սննդակարգի կամ ապրելակերպի որոշ «շտկումներն» օգնեն մարսողության խանգարման կամ այրոցքի կանխարգելմանը։ Դուք կարող եք փորձել՝
- սնվել ավելի փոքր չափաբաժիններով և ավելի հաճախակի
- խուսափել անկողին մտնելուց առաջ սնունդ ընդունելուց
- խուսափել այնպիսի սնունդ կամ ըմպելիք օգտագործելուց, որոնք ըստ ձեզ կարող են այրոցք առաջացնել
- խուսափել օրվա ավարտին մեծ քանակով սուրճ ըմպելուց
- խուսափել միաժամանակ սնունդ և ըմպելիք օգտագործելուց, որը կարող է ավելի լցնել և ծանրաբեռնել ձեր ստամոքսը
- դադարեցնել ծխելը, եթե ծխող եք
- մահճակալի գլուխը բարձրացնել 10-15 սմ-ով
- պառկել ձախ կողմի վրա
- սնունդ ընդունելիս իրանը պահել ուղիղ
- օգտագործել մաստակ, որը կարող է խթանել թքարտադրությունը և օգնել թթվի չեզոքացմանը
- խուսափել սնունդ ընդունելուց անմիջապես հետո հորիզոնական վիճակում պառկելուց։
Եթե այս ամենից հետո ձեր գանգատները չեն մեղմանում կամ ուժեղ են, ապա բժիշկը կարող է նշանակել այնպիսի դեղեր, որոնք ապացուցել են հղիության ընթացքում իրենց անվտանգությունը։ Դեղերը կարող են՝
- չեզոքացնել ավելցուկային թթուն
- կրճատել ստոմոքսաթթվի արտադրությունը
- կանխել ռեֆլյուքսը:
Հիշեք, որ ընդհանուր առմամբ և հատկապես հղիության ընթացքում դեղեր պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ կամ խորհրդով:
Իմացե՛ք ավելի հղիության ընթացքում դեղեր օգտագործելու անվտանգության մասին։
Այրոցքի ախտանիշները և պրեէկլամպսիան
Եթե այրոցքի ախտանիշները դեղերով չեն մեղմանում, ապա կարևոր է, որ այցելեք ձեր բժշկին, քանի որ սա կարող է լինել ավելի լուրջ հիվանդության, օրինակ՝ պրեէկլամպսիայի նշան։
Պրեէկլամպսիայով հղի կինը սովորաբար ունի բարձր արյան ճնշում և երիկամների հետ կապված խնդիրներ։ Պրեէկլամպսիան նաև կարող է լրջորեն ախտահարել հղի կնոջ լյարդը, արյունը և գլխուղեղը։ Այս վիճակը կարող է զարգանալ 20 հղի կնոջից շուրջ 1-ի մոտ։
Պրեէկլամպսիան վտանգավոր է ինչպես ձեզ, այպես էլ ձեր երեխայի համար, ուստի բժիշկը պետք է իմանա, որ այրոցքի դեմ դեղերը ձեզ չեն օգնում։ Սա հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ դուք ձեզ շատ վատ եք զգում կամ ունեք՝
- ձեռքերի, ոտնաթաթերի կամ դեմքի հանկարծակի այտուցվածություն
- գլխացավեր, որոնք սովորական ցավազրկողներով չեն մեղմանում
- տեսողության հետ կապված խնդիրներ, օրինակ՝ մշուշոտ տեսողություն, տեսադաշտում լույսերի առկայծում կամ կետեր
- կողերից ներքև ուժեղ ցավեր։
Իմացե՛ք ավելի պրեէկլամպսիայի մասին։
Հոդվածը տեղադրվել է՝ 21-05-2020 վերանայվել է՝ 07-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Այրոցք
- Ստամոքսի խանգարում (դիսպեպսիա)
- Այրոցք․ ախտանիշներ
- Ստամոքսի խանգարում․ ախտանիշներ
- Այրոցք․ պատճառներ
- Ստամոքսի խանգարում․ պատճառներ
- Այրոցք․ բարդություններ
- Ստամոքսի խանգարում․ բարդություններ
- Այրոցք․ կանխարգելում
- Այրոցք․ ախտորոշում
- Ստամոքսի խանգարում․ ախտորոշում
- Այրոցք․ բուժում
- Ստամոքսի խանգարում․ բուժում
- Այրոցք․ ինքնօգնություն
- Ստամոքսի խանգարում․ ինքնօգնություն