Եթե տնային միջոցները չեն օգնում ներաճած ոտքի եղունգներին, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ մեթոդները:
- Եղունգի բարձրացում. թեթև ներաճած եղունգի դեպքում ձեր բժիշկը կարող է զգուշորեն բարձրացնել վերջինիս եզրը և դրա տակ դնել բամբակ, ատամնաթել կամ բարակ թիթեղ: Սա եղունգն առանձնացնում է իրեն ծածկող մաշկից և օգնում է եղունգին աճել մաշկի եզրից վեր, սովորաբար 2-ից 12 շաբաթվա ընթացքում: Տանը, դուք պետք է ամեն օր թրջեք մատը (սուզեք գոլ օճառաջրի մեջ) և փոխարինեք բարձրացնող նյութը: Ձեր բժիշկը նաև կարող է նշանակել կորտիկոստերոիդային նրբաքսուք (կրեմ)՝ ոտնաթաթի լոգանքից հետո քսելու համար: Մեկ այլ մոտեցում, որը նվազագույնի է հասցնում բարձրացնող նյութի ամենօրյա փոխարինման անհրաժեշտությունը, օգտագործում է բամբակ՝ պատված լուծույթով, որն ամրացնում է այն տեղում և դարձնում անջրաթափանց (կոլոդիոն):
- Ներաճած եղունգի բացում կպչուն սպեղանիով․ այս մեթոդով ձեր բժիշկը կպչուն սպեղանիի օգնությամբ կողային մաշկը հեռացնում է ներաճած եղունգից: Դրա համար կպչուն սպեղանու մի ծայրն ամրացվում է ներաճած եղունգի մաշկային թմբիկին, իսկ մյուս ծայրը՝ ձգելով ներքև, ամրացվում է մաշկի առողջ հատվածին:
- Եղունգի տակ «հեղեղատարի» տեղադրում․ այս մեթոդով ձեր բժիշկը թմրեցնում է ոտքի մատը և ներաճած եղունգի տակ տեղադրում ճեղք ունեցող փոքրիկ խողովակ: Վերջինս մնում է տեղում այնքան ժամանակ, քանի դեռ եղունգը չի աճել մաշկի եզրից վեր: Այս մեթոդը նաև օգնում է աճող եղունգի ցավի մեղմացմանը:
- Ներաճած եղունգի մասնակի հեռացում. ավելի ծանր ներաճած եղունգի դեպքում (բորբոքված մաշկ, ցավ և թարախ), ձեր բժիշկը կարող է թմրեցնել ոտքի մատը և կտրել կամ հեռացնել եղունգի ներաճած՝ «խանգարող» հատվածը: Նոր եղունգի աճը կարող է պահանջել 2-ից 4 ամիս:
- Ներաճած եղունգի և հյուսվածքների հեռացում. եթե նույն մատի վրա բազմիցս ունեցել եք խնդիր, ձեր բժիշկը կարող է առաջարկել եղունգի «խանգարող» մասի հեռացում՝ հիմքում ընկած հյուսվածքի (մահիկի) կամ գերաճած (հատիկավոր) հյուսվածքի հետ միասին: Այս միջամտությունը կարող է կանխել եղունգի տվյալ հատվածի հետ աճը։ Ձեր բժիշկը կթմրեցնի ոտքի մատը և կկիրառի քիմիական, լազերային կամ այլ մեթոդներ:
Եղունգի հեռացման միջամտությունից հետո անհրաժեշտության դեպքում կարող եք ընդունել սովորական ցավազրկողներ: Կարող է օգնել մի քանի օր շարունակ մի քանի րոպե տևողությամբ խոնավ վիրակապ դնելը՝ մինչև այտուցն իջնի: Հանգիստ ռեժիմը և ոտքի մատները 12-ից 24 ժամ բարձր դիրքում պահելը նույնպես կօգնեն ապաքինմանը: Երբ վերսկսում եք շարժվելը, խուսափեք այնպիսի գործողություններից, որոնք վնասում են ձեր ոտքի մատը: Այս ընթացքում նաև խուսափեք լողալուց կամ ջակուզիից: Վիրահատության հաջորդ օրը ցնցուղ ընդունելը նորմալ է: Զանգահարեք բժշկին, եթե կարծում եք, որ ձեր ոտքի մատի ապաքինումը դանդաղ է:
Երբեմն, նույնիսկ հաջող վիրահատությունից հետո, խնդիրը կարող է կրկնվել: Վիրաբուժական մոտեցումներն ավելի լավ են կանխարգելում կրկնությունները, քան ոչ վիրաբուժականները:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024