Հղիության ընթացքում երկաթ-դեֆիցիտային սակավարյունությունը (անեմիա) կարող է ձեզ դարձնել թույլ և հոգնած զգացողությամբ: Իմացեք ռիսկի գործոնները և ախտանիշները և այն, թե ինչ կարող եք անել այս վիճակից խուսափելու համար:
Եթե հղի եք, ապա ենթարկվում եք երկաթ-դեֆիցիտային անեմիայի բարձր ռիսկին: Երկաթ-դեֆիցիտային անեմիան մի վիճակ է, երբ դուք չունեք բավարար քանակությամբ առողջ արյան կարմիր բջիջներ (էրիթրոցիտներ)՝ դեպի օրգանիզմի հյուսվածքներ բավարար թթվածին տեղափոխելու համար: Պարզեք, թե ինչու է անեմիան առաջանում հղիության ընթացքում և ինչ կարող եք անել դա կանխելու համար:
Իմացե՛ք ավելին երկաթ-դեֆիցիտային անեմիայի մասին:
Ի՞նչն է առաջացնում երկաթ-դեֆիցիտային անեմիա հղիության ընթացքում
Ձեր օրգանիզմը երկաթն օգտագործում է հեմոգլոբին ստեղծելու համար: Հեմոգլոբինն արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) սպիտակուց է, որը թթվածին է տեղափոխում դեպի ձեր բոլոր հյուսվածքները: Հղիության ընթացքում ձեր օրգանիզմում արյան ծավալը մեծանում է, ինչպես նաև ավելանում է ձեզ անհրաժեշտ երկաթի քանակի պահանջարկը: Ձեր օրգանիզմը յուրացնում է երկաթը, որ ավելի շատ արյուն արտադրի ձեր երեխային թթվածին մատակարարելու համար: Եթե չունեք բավարար երկաթի պաշարներ կամ հղիության ընթացքում բավականաչափ երկաթ չեք ստանում, կարող եք առնչվել երկաթ-դեֆիցիտային անեմիայի խնդրի հետ:
Ինչպե՞ս կարող է հղիության ընթացքում երկաթ-դեֆիցիտային անեմիան ազդել երեխայի վրա
Հղիության ընթացքում ծանր երկաթ-դեֆիցիտային անեմիան մեծացնում է վաղաժամ ծննդաբերության վտանգը (երբ ծննդաբերությունը տեղի է ունենում մինչև հղիության 37 շաբաթը): Հղիության ընթացքում երկաթ-դեֆիցիտային անեմիան նաև կապված է ցածր քաշ ունեցող երեխա ունենալու և հետծննդյան դեպրեսիայի հետ: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս նաև նորածինների մահվան ռիսկի բարձրացում՝ ծնվելուց անմիջապես առաջ կամ հետո:
Որո՞նք են հղիության ընթացքում երկաթ-դեֆիցիտային անեմիայի ռիսկի գործոնները
Դուք հղիության ընթացքում անեմիայի զարգացման ավելի մեծ ռիսկի տակ եք, եթե՝
- ունեք միմյանց շատ մոտիկ հղիություններ
- հղի եք մեկից ավելի երեխաներով
- հաճախակի եք փսխում առավոտյան սրտխառնոցի պատճառով
- չեք օգտագործում բավականաչափ երկաթով հարուստ մթերքներ
- ունեցել եք առատ նախահղիության դաշտանային հոսք
- ունեք անեմիայի պատմություն (անամնեզ)՝ մինչև հղիանալը:
Իմացե՛ք ավելին երկաթ-դեֆիցիտային անեմիայի պատճառների մասին:
Որո՞նք են հղիության ընթացքում երկաթ-դեֆիցիտային անեմիայի ախտանիշները
Անեմիայի գանգատներից և ախտանիշներից են՝
- հոգնածություն
- թուլություն
- գլխապտույտ կամ ուշագնաց լինելու զգացում
- գլխացավ
- գունատ կամ դեղնավուն մաշկ
- շնչարգելություն (հևոց)
- սառույցի հակում կամ ծամում (պիկա):
Ծանր անեմիայի ախտանիշներից են՝
- արագացած սրտազարկ (տախիկարդիա)
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
- ուշադրության կենտրոնացման դժվարություն:
Այնուամենայնիվ, հիշեք, որ անեմիայի ախտանիշները հաճախ նման են հղիության ընդհանուր ախտանիշներին: Անկախ նրանից, թե ունեք ախտանիշներ, թե ոչ, հղիության ընթացքում պետք է անեմիայի համար արյան թեստեր անցնեք: Եթե ձեզ անհանգստացնում է հոգնածության աստիճանը կամ որևէ այլ ախտանիշ, խոսեք ձեր բժշկի հետ:
Իմացե՛ք ավելին երկաթ-դեֆիցիտային անեմիայի ախտանիշների մասին:
Ինչպե՞ս կարող է երկաթ-դեֆիցիտային անեմիան կանխարգելվել հղիության ընթացքում
Նախածննդյան վիտամինային հավելումները սովորաբար պարունակում են երկաթ: Երկաթ պարունակող նախածննդյան վիտամինի ընդունումը կարող է օգնել հղիության ընթացքում երկաթ-դեֆիցիտային անեմիայի կանխարգելմանը: Որոշ դեպքերում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ առանձին երկաթի հավելումներ: Հղիության ընթացքում անհրաժեշտ է օրական 27 միլիգրամ երկաթ։
Լավ սնունդը նույնպես կարող է կանխել հղիության ընթացքում երկաթի անբավարարությունը: Երկաթի սննդային աղբյուրներից են ճարպ չպարունակող կարմիր միսը, թռչնամիսը և ձուկը: Այլ տարբերակներից են երկաթով հարստացված նախաճաշի փաթիլները, մուգ կանաչ տերևավոր բանջարեղենը, չորացրած լոբին և ոլոռը:
Կենդանական ծագման մթերքների, օրինակ՝ մսի երկաթն ամենահեշտ է ներծծվում։ Բուսական աղբյուրներից և հավելումներից երկաթի ներծծումն ուժեղացնելու համար դրանք համադրեք վիտամին C-ով հարուստ սննդի կամ խմիչքի հետ, ինչպիսիք են նարնջի հյութը, լոլիկի հյութը կամ ելակը: Եթե երկաթի հավելումներ եք ընդունում նարնջի հյութով, խուսափեք կալցիումով հարստացված տարատեսակներից: Չնայած կալցիումը հղիության ընթացքում կարևոր սննդանյութ է, կարող է նվազեցնել երկաթի ներծծումը:
Իմացե՛ք ավելին երկաթով հարուստ սննդամթերքների մասին:
Ինչպե՞ս կարող է երկաթ-դեֆիցիտային անեմիան բուժվել հղիության ընթացքում
Եթե ընդունում եք որևէ նախածննդյան վիտամին, որը պարունակում է երկաթ, և անեմիկ եք, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ արյան թեստ՝ այլ հնարավոր պատճառները պարզելու համար: Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել դիմել բժշկի, ով մասնագիտացած է արյան խանգարումների բուժման մեջ (արյունաբան կամ հեմատոլոգ):
Եթե պատճառը երկաթի անբավարարությունն է, ձեր բժիշկը կարող է նշանակել հավելյալ երկաթ: Եթե ունեք ստամոքսի շրջանցման կամ բարակ աղիքի վիրահատության պատմություն կամ չեք կարողանում հանդուրժել բերանային (օրալ) երկաթի հավելումը, ձեզ կարող է նշանակվել երկաթի լուծույթների ներերակային ներարկում:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-05-2024
Վերջին վերանայում՝ 08-08-2024