Ձեր սննդակարգի և ապրելակերպի պարզ փոփոխությունները հաճախ ազատում են գրգռված աղու համախտանիշից (ԳԱՀ):
Ձեր օրգանիզմին ժամանակ կպահանջվի այս փոփոխություններին արձագանքելու համար: Փորձեք հետևյալը:
- Փորձարկեք բջջանքը. բջջանքը (բջջանյութ) օգնում է փորկապության մեղմացմանը, սակայն նաև կարող է վատթարացնել գազերն ու աղիների կծկանքները (սպազմ): Փորձեք դանդաղորեն՝ շաբաթների ընթացքում ավելացնել ձեր սննդակարգում բջջանքի քանակն այնպիսի մթերքներով, ինչպիսիք են ամբողջահատիկավորները, մրգերը, բանջարեղենը և լոբիները: Բջջանքային հավելումը կարող է ավելի քիչ գազ և փքվածություն առաջացնել, քան բջջանքով հարուստ սնունդը:
- Խուսափեք խնդրահարույց սննդից. Վերացրեք այն մթերքները, որոնք առաջացնում կամ վատթարացնում են ձեր ախտանիշները:
- Կերեք կանոնավոր ժամանակներում. բաց մի թողեք կերակուրները և փորձեք ուտել ամեն օր մոտավորապես նույն ժամին՝ աղիների գործունեությունը կարգավորելու համար: Եթե ունեք փորլուծություն, կարող եք պարզել, որ քիչ քանակով և հաճախակի կերակուրներ ուտելով ձեզ ավելի լավ եք զգում: Սակայն, եթե ունեք փորկապություն, ավելի մեծ քանակներով բջջանքով հարուստ մթերքներ ուտելը կարող է օգնել ձեր աղիքներով սննդի տեղափոխմանը:
- Կանոնավոր վարժանքներ արեք. ֆիզիկական վարժանքներն օգնում են, որ ազատվեք դեպրեսիայից և սթրեսից, ինչպես նաև խթանում են ձեր աղիքների կծկումները և կարող են օգնել ձեզ ինքնազգացողության բարելավմանը: Հարցրեք ձեր բժշկին վարժանքների ծրագրի մասին:
Այլընտրանքային բժշկություն
Այլընտրանքային բուժման դերը ԳԱՀ-ի ախտանիշները թեթևացնելու գործում պարզ չէ: Հարցրեք ձեր բժշկին նախքան այս բուժումներից որևէ մեկը սկսելը: Այլընտրանքային բուժումները ներառում են հետևյալը:
- Հիպնոս. վերապատրաստված մասնագետը ձեզ սովորեցնում է, թե ինչպես մտնել հանգիստ վիճակ, այնուհետև ուղղորդում է ձեզ հանգստացնել որովայնի մկանները: Հիպնոզը կարող է նվազեցնել որովայնի ցավն ու փքվածությունը: Մի քանի ուսումնասիրություններ հաստատում են ԳԱՀ-ի համար հիպնոսի երկարաժամկետ արդյունավետությունը:
- Անանուխ. ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փորլուծությամբ ԳԱՀ ունեցող մարդկանց մոտ հատուկ պատված հաբը, որը բարակ աղիում դանդաղորեն արձակում է անանուխի յուղ (էնտերիկ ծածկույթով անանուխի յուղ), թեթևացնում է փքվածությունը, շտապ կղելու ցանկությունը, որովայնի ցավն ու կղման ակտին ուղեկցող ցավը:
- Պրոբիոտիկներ. պրոբիոտիկները «լավ» բակտերիաներ են, որոնք սովորաբար ապրում են ձեր աղիքներում և հայտնաբերվում են որոշ մթերքներում, օրինակ՝ յոգուրտում կամ մածունում և սննդային հավելումներում: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ պրոբիոտիկներ կարող են թեթևացնել ԳԱՀ-ի ախտանիշները, ինչպիսիք են որովայնի ցավը, փքվածությունը և փորլուծությունը:
- Սթրեսի կրճատում. յոգան կամ մեդիտացիան կարող են օգնել սթրեսի թուլացմանը: Դուք կարող եք դասերի մասնակցել կամ զբաղվել տանը՝ օգտագործելով գրքեր կամ տեսանյութեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024