Գրգռված աղու համախտանիշի (ԳԱՀ) բուժումը կենտրոնանում է ախտանիշների թեթևացման վրա, որ կարողանաք ապրել հնարավորինս առանց գանգատների կամ անհանգստացնող նշանների:
Մեղմ ախտանիշները հաճախ կարելի է վերահսկել՝ կառավարելով սթրեսը և փոփոխություններ կատարելով ձեր սննդակարգում և ապրելակերպում: Փորձեք՝
- խուսափել այնպիսի մթերքներից, որոնք նպաստում են ձեր ախտանիշների առաջացմանը
- ուտել բջջանքով (բջջանյութով) հարուստ սնունդ
- խմել շատ հեղուկներ
- կանորավոր վարժանքներ անել
- բավականաչափ քնել:
Ձեր բժիշկը կարող է առաջարկել, որ ձեր սննդակարգից հեռացնեք հետևյալը:
- Գազերի մեծ պարունակությամբ սնունդ. եթե զգում եք փքվածություն կամ գազեր, կարող եք խուսափել այնպիսի բաներից, ինչպիսիք են գազավորված և ալկոհոլային ըմպելիքները և որոշ մթերքներ, որոնք կարող են հանգեցնել գազերի շատացման:
- Սնձան (գլուտեին). հետազոտությունները ցույց են տալիս, որ ԳԱՀ-ով որոշ մարդիկ նշում են փորլուծության ախտանիշների բարելավում, երբ դադարեցնում են սննդով գլուտեին ստանալը (ցորեն, գարի և տարեկան), նույնիսկ եթե նրանք չունեն ցելյակիա:
- FODMAP. որոշ մարդիկ զգայուն են որոշ ածխաջրերի նկատմամբ, ինչպիսիք են ֆրուկտոզը, ֆրուկտանները, կաթնաշաքարը և այլն, որոնք հայտնի են որպես FODMAP-ներ՝ խմորվող օլիգոսախարիդներ, դիսախարիդներ, մոնոսախարիդներ և պոլիոլներ: FODMAP-ները հայտնաբերվում են որոշ հացահատիկների, բանջարեղենի, մրգերի և կաթնամթերքի մեջ:
Իմացե՛ք ավելին ցածր FODMAP սննդակարգի մասին:
Դիետոլոգը կարող է օգնել ձեզ սննդակարգի այսպիսի փոփոխություններ ու շտկումներ անելիս:
Եթե ձեր խնդիրները չափավոր կամ ծանր են, ձեր բժիշկը կարող է առաջարկել հոգեթերապևտի խորհրդատվություն, հատկապես, եթե ունեք դեպրեսիա կամ եթե պարզել եք, որ սթրեսը վատթարացնում է ձեր ախտանիշները:
Ելնելով ձեր ախտանիշներից, ձեր բժիշկը կարող են առաջարկել դեղամիջոցներ:
- Բջջանքային (բջջանյութային) հավելումներ. հեղուկների հետ այնպիսի հավելումներ ընդունելը, ինչպիսին է Պսիլիումը (Մետամուցիլ), կարող է օգնել փորկապության վերահսկմանը:
- Լուծողականներ. եթե բջջանքը չի օգնում փորկապության վերացմանը, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղատոմս չպահանջող լուծողականներ, ինչպիսիք են բերանային (օրալ) Մագնեզիումի հիդրօքսիդը (Phillips' Milk of Magnesia) կամ Պոլիէթիլեն գլիկոլը (Միրալաքս):
- Հակալուծային դեղամիջոցներ. Լոպերամիդը (Իմոդիում A-D) կարող է օգնել փորլուծության վերահսկմանը: Ձեր բժիշկը նաև կարող է նշանակել լեղաթթու կապող միջոց, ինչպիսին է Խոլեսթիրամինը (Պրևալիտ), Կոլեստիպոլը (Կոլեստիդ) կամ Կոլեսեվելամը (Ուելխոլ): Լեղաթթու կապող նյութերը կարող են առաջացնել փքվածություն:
- Հակախոլիներգիկ դեղամիջոցներ. դեղամիջոցները, ինչպիսին է Դիցիկլոմինը (Բենտիլ), կարող են օգնել աղիների ցավոտ կծկանքից (սպազմ) ազատվելուն: Դրանք երբեմն նշանակվում են փորլուծության դրվագներ ունեցող մարդկանց: Այս դեղամիջոցներն ընդհանուր առմամբ անվտանգ են, սակայն կարող են առաջացնել փորկապություն, բերանի չորություն և տեսողության խանգարում:
- Տրիցիկլիկ հակադեպրեսանտներ. այս տեսակի դեղամիջոցը կարող է օգնել ազատվելու դեպրեսիայից, սակայն նաև արգելակում է նեյրոնների գործունեությունը, որոնք վերահսկում են աղիքները: Սա կարող է օգնել ցավի նվազեցմանը: Եթե ունեք փորլուծություն և որովայնի ցավ՝ առանց դեպրեսիայի, ձեր բժիշկը կարող է առաջարկել Իմիպրամինի (Տոֆրանիլ), Դեզիպրամինի (Նորպրամին) կամ Նորտրիպտիլինի (Պամելոր) սովորականից ցածր դեղաչափ: Կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են մեղմանալ, եթե դեղն ընդունեք քնելուց առաջ, կարող են ներառել՝ քնկոտություն, մշուշոտ տեսողություն, գլխապտույտ և բերանի չորություն:
- ՍԸԵԱ հակադեպրեսանտներ. սերոտոնինի ընտրղական ետզավթման արգելակիչները կամ ինհիբիտորները, ինչպիսիք են Ֆլուոքսետինը (Պրոզակ) կամ Պարոքսետինը (Պաքսիլ), կարող են օգնել, եթե ընկճված եք և ունեք ցավ և փորկապություն:
- Ցավազրկող դեղեր. Պրեգաբալինը (Լիրիկա) կամ Գաբապենտինը (Նեյրոնտին) կարող են թեթևացնել ուժեղ ցավը կամ փքվածությունը:
Հատուկ ԳԱՀ-ի համար դեղամիջոցներ
ԳԱՀ-ով որոշ մարդկանց համար հաստատված դեղամիջոցները ներառում են հետևյալը:
- Ալոսետրոն (Լոտրոնեքս). Ալոսետրոնը նախատեսված է հաստ աղիքի թուլացման և ստորին հատվածով կղանքային զանգվածի շարժումը դանդաղեցնելու համար: Այն կարող է նշանակվել միայն հատուկ ծրագրում ընդգրկված բժիշկների կողմից: Ալոսետրոնը նախատեսված է միայն փորլուծությամբ գերակշռող ԳԱՀ-ի ծանր դեպքերի համար այն կանանց համար, ում մոտ այլ բուժումները օգուտ չեն տվել: Այն հաստատված չէ տղամարդկանց օգտագործման համար: Ալոսետրոնը կապված է հազվադեպ, սակայն կարևոր կողմնակի ազդեցությունների հետ, ուստի այն պետք է դիտարկել միայն այն դեպքում, երբ այլ բուժումները հաջող չեն:
- Էլուքսադոլին (Վիբերզի). Էլուկսադոլինը կարող է թեթևացնել փորլուծությունը՝ նվազեցնելով մկանային կծկումները և աղիներում հեղուկի արտազատումը: Այն նաև նպաստում է ուղիղ աղիքի մկանների տոնուսի բարձրացմանը: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել՝ սրտխառնոց, որովայնի ցավ և մեղմ փորկապություն: Էլուկսադոլինը նաև կապված է ենթաստամոքսային գեղձի բորբոքման (պանկրեատիտի) հետ, որը կարող է լուրջ ընթացք ստանալ և ավելի հաճախ դրսևորվել որոշ անհատների մոտ:
- Ռիֆաքսիմին (Քսիֆաքսան). այս հակաբիոտիկը կարող է նվազեցնել բակտերիաների գերաճը և օգնել փորլուծության վերացմանը:
- Լուբիպրոստոն (Ամիտիզա). Լուբիպրոստոնը կարող է մեծացնել հեղուկի արտազատումը ձեր բարակ աղիներում, որն օգնում է կղազատմանը: Այն հաստատված է փորկապությամբ ԳԱՀ ունեցող կանանց համար և, ընդհանուր առմամբ, նշանակվում է միայն ծանր ախտանիշներ ունեցող կանանց, երբ այլ բուժումները հաջող չեն:
- Լինակլոտիդ (Լինզես). Լինակլոտիդը նույնպես կարող է մեծացնել հեղուկի արտազատումը ձեր բարակ աղիքներում, որն օգնում կղազատմանը: Լինակլոտիդը կարող է փորլուծություն առաջացնել, սակայն դեղամիջոցի ընդունումը ուտելուց 30-60 րոպե առաջ կարող է օգնել:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024