Պատանեկան կամ յունվենիլ իդիոպաթիկ (ռևմատոիդ) արթրիտի ախտորոշումը կարող է դժվար լինել, քանի որ հոդացավ կարող է առաջանալ տարբեր տեսակի խնդիրների պատճառով:
Չկա որևէ եզակի հետազոտություն կամ լաբորատոր թեստ, որը կարող է հաստատել ախտորոշումը, սակայն դրանք կարող են օգնել բացառելու որոշ այլ հիվանդություններ ու վիճակներ, որոնք առաջացնում են նմանատիպ գանգատներ և ախտանիշներ:
Արյան թեստեր
Կասկածելի դեպքերի համար ամենատարածված արյան թեստերից մի քանիսը ներկայացված են ստորև:
- Էրիթրոցիտների նստման արագություն (ESR). նստման (սեդիմենացիայի) ցուցանիշն այն արագությունն է, որով ձեր արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտները) նստում են բարակ սանդղակավոր խողովակի հատակին: Բարձր արագությունը կարող է վկայել բորբոքման առկայության մասին: ESR-ի չափումը հիմնականում օգտագործվում է բորբոքման աստիճանը գնահատելու համար:
- C- ռեակտիվ սպիտակուց (CRP). արյան այս թեստը նույնպես չափում է օրգանիզմում ընդհանուր բորբոքման մակարդակը, բայց այլ սանդղակով, քան ESR-ն: Այն չափում է արյան մեջ բորբոքման մարկեր հանդիսացող C-ռեակտիվ սպիտակուցների մակարդակը:
- Հակակորիզային կամ հակամիջուկային հակամարմին (ANA). ANA-ն սպիտակուցներ են, որոնք սովորաբար արտադրվում են որոշակի աուտոիմուն հիվանդություններ, այդ թվում՝ արթրիտ ունեցող մարդկանց իմունային համակարգերի կողմից: ANA-ն աչքի բորբոքման մեծ հավանականության մասին հուշող մարկեր է:
- Ռևմատոիդ գործոն (RF). այս հակամարմինը երբեմն հայտնաբերվում է պատանեկան իդիոպաթիկ արթրիտ ունեցող երեխաների արյան մեջ և կարող է հուշել այն մասին, որ բորբոքումից հոդերի վնասման ավելի մեծ ռիսկ կա:
- Ցիկլային ցիտրուլինացված պեպտիդ (CCP). ինչպես ռևմատոիդ գործոնը, CCP-ն մեկ այլ հակամարմին է, որը կարող է հայտնաբերվել պատանեկան իդիոպաթիկ արթրիտ ունեցող երեխաների արյան մեջ և նույնպես կարող է վկայել բորբոքումից հոդերի վնասման ավելի մեծ ռիսկի մասին:
Այնուամենայնիվ, պատանեկան իդիոպաթիկ արթրիտ ունեցող բազմաթիվ երեխաների մոտ վերոնշյալ արյան թեստերում էական շեղումներ չեն հայտնաբերվում:
Պատկերային սքանավորումներ
Ռենտգենը կամ մագնիսա-ռեզոնանսային տոմագրաֆիան (ՄՌՏ) կարող են նշանակվել, որ բացառվեն այլ խնդիրները, ինչպիսիք են կոտրվածքները, ուռուցքները, վարակը կամ բնածին արատները:
Պատկերային հետազոտությունը նաև կարող է ժամանակ առ ժամանակ նշանակվել ախտորոշումից հետո՝ ոսկորների զարգացումը վերահսկելու և հոդային վնասումները վաղ հայտնաբերելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024