Skip to main content

Ախտանիշներ - Կլայնֆելտերի սինդրոմ

Կլայնֆելտերի համախտանիշի գանգատներն ու ախտանիշները լայնորեն տարբերվում են այս խանգարումն ունեցող արական սեռի ներկայացուցիչների մոտ:

Կլայնֆելտերի համախտանիշով բազմաթիվ տղաների մոտ դրսևորվում են միայն սակավաթիվ կամ թեթև ախտանիշներ: Վիճակը կարող է չբացահայտվել մինչև հասուն տարիքը, կամ այն կարող է երբեք չբացահայտվել: Մյուսների մոտ այս խանգարումը նկատելի ազդեցություն է թողնում աճի կամ արտաքին տեսքի վրա:

Կլայնֆելտերի համախտանիշի գանգատներն ու ախտանիշները նաև տարբերվում են՝ կախված տարիքից:

Նորածիններ

Գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝

  • թույլ մկաններ
  • դանդաղած շարժողական զարգացում, օրինակ՝ նստելու կամ քայլելու ուշացում
  • խոսքի հետաձգում
  • բնածին խնդիրներ, ինչպիսին է փոշտի (ամորձապարկի) մեջ չիջած ամորձիներ:

Մանկահասակ և անչափահաս տղաներ

Գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝

  • միջինից ավելի բարձր հասակ
  • ավելի երկար ոտքեր, ավելի կարճ իրան և ավելի լայն ազդրեր՝ համեմատած այլ տղաների հետ
  • բացակայող, ուշացած կամ թերի սեռահասունացում
  • սեռահասունացումից հետո, ավելի քիչ և թույլ մկանային զանգված և դեմքի և մարմնի մազեր՝ համեմատած այլ դեռահասների հետ
  • փոքր, պինդ ամորձիներ (միկրոօրխիդիզմ)
  • փոքր առնանդամ
  • մեծացած կրծքային հյուսվածք (գինեկոմաստիա)
  • թույլ ոսկորներ (օստեոպորոզ)
  • ցածր էներգիա
  • ամաչկոտ կամ զգայուն լինելու հակում
  • մտքերը և զգացմունքներն արտահայտելու կամ շփումների հետ կապված դժվարություն
  • կարդալու, գրելու, լեզվային (դիսպրաքսիա) կամ մեթեմատիկայի հետ կապված խնդիրներ:

Տղամարդիկ

Գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝

  • սպերմատոզոիդների ցածր քանակ (օլիգոսպերմիա) կամ բացակայություն (ազոոսպերմիա)
  • փոքր ամորձիներ (միկրոօրխիդիզմ) և առնանդամ
  • ցածր սեռական ցանկություն
  • միջինից ավելի բարձր հասակ
  • թույլ ոսկորներ (օստեոպորոզ)
  • ավելի քիչ դեմքի և մարմնի մազեր
  • այլ տղամարդկանց հետ համեմատ ավելի քիչ և թույլ մկանային զանգված
  • մեծացած կրծքագեղձային հյուսվածք (գինեկոմաստիա)
  • արտահայտված որովայնային ճարպ:

Ե՞րբ դիմել բժշկին

Դիմեք բժշկին, եթե դուք կամ ձեր տղան ունեք հետևյալը:

  • Մանկության կամ պատանեկության շրջանում դանդաղ զարգացում․ աճի և զարգացման ուշացումները կարող են լինել բուժում պահանջող մի շարք առողջական վիճակների, այդ թվում՝ Կլայնֆելտերի համախտանիշի առաջին նշանը: Թեև նորմայում կարող են դիտարկվել ֆիզիկական և մտավոր զարգացման որոշ անհատական տարբերություններ, լավագույն տարբերակն այն է, որ խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե որևէ մտահոգություն ունեք:
  • Արական անպտղություն․ Կլայնֆելտերի համախտանիշով բազմաթիվ տղամարդկանց անպտղությունը չի ախտորոշվում, քանի դեռ նրանք չեն պարզում, որ չեն կարողանում հայրանալ:

Հոդվածը հրապարակվել է՝ 20-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024