Եթե ձեր կամ ձեր որդու մոտ ախտորոշվել է Կլայնֆելտերի համախտանիշ, ձեր բուժող անձնակազմը կարող է ներառել բժիշկ, որը մասնագիտացած է մարմնի գեղձերի և հորմոնների հետ կապված խանգարումների ախտորոշման և բուժման մեջ (ներզատաբան կամ էնդոկրինոլոգ), խոսքի թերապևտ, մանկաբույժ, Ֆիզիոթերապևտ, գենետիկ խորհրդատու, վերարտադրողական բժշկության կամ անպտղության մասնագետ և խորհրդատու կամ հոգեբան:
Թեև Կլայնֆելտերի համախտանիշով պայմանավորված սեռական քրոմոսոմների փոփոխությունները շտկելու միջոց չկա, բուժումը կարող է օգնել նվազագույնի հասցնելու դրա հետևանքները: Որքան հիվանդությունը շուտ ախտորոշվի և բուժումը սկսվի, այնքան ավելի մեծ է օգուտը: Բոլոր դեպքերում, օգնության դիմելը երբեք ուշ չէ:
Կլայնֆելտերի համախտանիշի բուժումը հիմնված է գանգատների և ախտանիշների վրա և կարող է ներառել հետևյալ մոտեցումները:
- Տեստոստերոնային փոխարինող բուժում․ սեռահասունության սովորական սկզբից սկսած՝ տեստոստերոնային փոխարինող թերապիան կարող է նախաձեռնվել՝ օգնելու այն փոփոխությունների խթանմանը, որոնք սովորաբար ի հայտ են գալիս ունենում սեռական հասունության շրջանում, ինչպիսիք են ավելի հաստ ձայնի զարգացումը, դեմքի և մարմնի մազերի աճը, մկանների զանգվածի և սեռական ցանկության ավելացումը (լիբիդո): Տեստոստերոնային փոխարինող բուժումը նաև կարող է բարելավել ոսկրերի խտությունը և նվազեցնել կոտրվածքների ռիսկը, ինչպես նաև՝ բարելավել տրամադրությունն ու վարքը: Սակայն, այն չի օգնում անպտղության բուժմանը:
- Կրծքային հյուսվածքի հեռացում․ կրծքագեղձի մեծացում ունեցողների մոտ ավելցուկային հյուսվածքը կարող է հեռացվել պլաստիկ վիրաբույժի կողմից: Այս միջամտությունը թույլ է տալիս ստանալ արական կրծքերի ավելի բնական տեսք, ինչպես նաև կրճատել կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:
- Խոսքային թերապիա և ֆիզիոթերապիա․ այս բուժումները կարող են օգնել Կլայնֆելտերի համախտանիշով տղաներին, ովքեր ունեն խոսքի, լեզվային և մկանների թուլության հետ կապված խնդիրներ:
- Կրթական գնահատում և օժանդակում․ Կլայնֆելտերի համախտանիշով որոշ տղաներ ունեն սովորելու և շփման հետ կապված խնդիրներ և կարող են լրացուցիչ օգնության կարիք զգալ: Խոսեք ձեր երեխայի ուսուցչի, դպրոցի հոգեբանի կամ բուժքրոջ հետ այն մասին, թե ինչպիսի օժանդակությունը կարող է օգտակար լինել:
- Անպտղության բուժում․ Կլայնֆելտերի համախտանիշով տղամարդկանց մեծ մասն, ընդհանուր առմամբ, չի կարող լինել երեխաների հայր դառնալ, քանի որ նրանց ամորձիներում քիչ թվով սպերմատոզոիդներ են արտադրվում (օլիգոսպերմիա) կամ ընդհանրապես չեն արտադրվում (ազոոսպերմիա): Սպերմատոզոիդների նվազագույն արտադրություն ունեցող որոշ տղամարդիկ կարող են օգուտ քաղել մի միջամտությունից, որը կոչվում է սպերմատոզոիդների ներցիտոպլազմային ներարկում (ICSI): Այս միջամտության ժամանակ բիոպսիայի ասեղով ամորձուց հեռացվում են սպերմատոզոիդներ, որոնք ներմուծվում են անմիջապես ձվաբջջի մեջ:
- Հոգեբանական օժանդակություն․ Կլայնֆելտերի համախտանիշ ունենալը կարող է խիստ տառապալից լինել, հատկապես սեռական հասունացման և երիտասարդ հասուն տարիքում: Այս խանգարումն ունեցող տղամարդկանց համար անպտղության դեմ պայքարելը կարող է դժվար լինել: Ընտանեկան թերապևտը, խորհրդատուն կամ հոգեբանը կարող են օգնել հուզական խնդիրների հաղթահարմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024