Ամոթաշրթերի հետ կապված խնդիրներ
28-05-2020
5 րոպե

Եթե դուք ունեք արտաքին սեռական օրգանների՝ ամոթույքի հետ կապված որևէ խնդիր, բազմաթիվ կանանց նման, կարող եք երկոտել և այդ մասին ձեր բժշկին չտեղեկացնել:
Բազաթիվ կանանց համար սա «փակ» թեմա է, որի վերաբերյալ «պետք է իմանան» միայն իրենք: Այնուամենայնիվ, կան վիճակներ, որոնց առաջացման դեպքում բժշկին այցելելն ամենաճիշտ քայլն է:
Եթե նման հարցով ամաչում եք բժշկին դիմել, ապա խնդրեք, որ ձեզ զննի կին բժիշկ:
Ի՞նչ են ամոթաշրթերը
Ամոթաշրթերը կամ սեռական շրթերը ձեր արտաքին սեռական օրգանների՝ ամոթույքի «շուրթերն» են: Դրանք մաշկային ծալքեր են, որոնք պաշտպանում են ձեր ծլիկը (կլիտոր), հեշտոցի նախադուռը և միզուկի բացվածքը: Սեռական ակտիվության ժամանակ ամոթաշրթերը դառնում են արյունալեցուն:
Դուք ունեք ամոթաշրթերի երկու զույգ՝ արտաքին կամ մեծ և ներքին կամ փոքր ամոթաշրթեր: Մեծ ամոթաշրթերը գոյանում են մաշկային 2 ծալքերով, որոնք երկայնաձիգ ձգվում են ցայլքից մինչև շեք և սահմանափակում սեռական ճեղքը: Փոքր ամոթաշրթերը տեղադրված են մեծ շուրթերից ներս և ծածկում են հեշտոցի նախադուռը:
Ամոթաշրթերի չափսը, ձևը և գույնը տարբեր կանանց մոտ տարբեր է:
Իմացե՛ք ավելին կանանց արտաքին սեռական օրգանների մասին մասին:
Ամոթաշրթերն ախտահարող առողջական խնդիրներ
Ամոթաշրթերը ձեր օրգանիզմի խիստ զգայուն շրջանն են, որտեղ կարող են զարգանալ ուռուցքային գոյացություններ, ցաներ, կիստաներ և մազի ներաճ:
Կանացի ամոթաշրթերի հետ կապված ամենատարածված խնդիրները մաշկային բնույթի են, օրինակ՝ մաշկաբորբ (էկզեմա) և փսորիազ: Մյուս ախտաբանական վիճակները ներկայացվում են ստորև:
Ամոթաշրթերի գերաճ (հիպերտրոֆիա)
Ամոթաշրթերի գերաճն այն է, երբ շուրթերից մեկնումեկը կամ երկուսն էլ սովորականից ավելի մեծ են: Օրինակ, փոքր շուրթերը կարող են մեծանալ և դուրս գալ մեծ շուրթերի տակից:
Ամոթաշրթերի գերաճն անվնաս է: Այն չի ազդում ձեր սեռական կյանքի վրա և չի նշանակում, որ դուք ունեք առողջական խնդիր: Սակայն չափազանց մեծ ամոթաշուրթը կարող է առաջացնել անհարմարավետություն կամ բերել մաքուր պահելու հետ կապված խնդիրներ: Նման դեպքերում բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ հագնեք ավելի ազատ ներքնազգեստ կամ օգտագործեք գրգռումը նվազեցնող քսուկներ:
Նման դեպքում, եթե ամոթաշրթերի գերաճը խնդիրներ է առաջացնում, ապա բժիշկը կարող է առաջարկվել լաբիապլաստիկա, որի նպատակն այս օրգանը ձևափոխելն է:
Միաձուլված ամոթաշրթեր
Միաձուլված ամոթաշրթերը տերմին է, որն օգտագործելու այն դեպքերում, երբ մեծ ամոթաշրթերը միմյանց միաձուլված են: Սա շատ տարածված է և նորմայում զարգանում է 1-2 տարեկան աղջիկ երեխաների մոտ: Երբ աղջիկների սեռահասունացումն ավարտվում է, մեծ շրթերը գրեթե միշտ արդեն առանձնացած են միմյանցից:
Միաձուլված ամոթաշրթերը սովորաբար որևէ բժշկական միջամտության կարիք չեն առաջացնում: Ծայրահեղ դեպքերում, երբ դա առաջացնում է միզելու հետ կապված դժվարություն, կարող է առաջարկվել վիրահատություն, սակայն ամոթաշրթերի նորից միմյանց միաձուլվելու ռիսկը մնում է բարձր:
Ամոթաշրթերի այտուց
Եթե ձեր ամոթաշուրթն այտուցված է, սա կարող է լինել սնկային վարակի կամ հեշտոցի բակտերիաների միջև հավասարակշռության խախտման (կոչվում է բակտերիալ վագինոզ), ալերգիայի կամ վարակի նշան: Ամոթաշրթերը կարող են նաև այտուցվել սեռական հարաբերությունից հետո:
Եթե այտուցվածությունը խորանում է և ուղեկցվում ցավով, քորով, ուժեղ հոտով արտասովոր արտադրուկով կամ արտահայտված ուռածությամբ, ապա անպայման այցելեք ձեր բժշկին: Ձեզ կառաջարկվի բուժում, որը կապված է ամոթաշուրթի այտուցվածության պատճառից:
Բարթոլինյան կիստա
Բարտոլինյան գեղձերը գտնվում են հեշտոցի երկու կողմերում: Երբ դրանք խցանվում են, առաջանում է կիստա՝ ցավոտ կամ լարված ուռածություն: Այս կիստան կարող է վարակվել, որը բերում է թարախի կուտակման և թարախակույտի առաջացման:
Իմացե՛ք ավելին բարթոլինյան գեղձի կիստայի և թարախակույտերի մասին:
Թարախակույտեր
Թարախակույտը վարակ է, որը հարուցվում է մաշկի տակ գտնվող բակտերիայով: Այն կարող է առաջանալ ձեր ամոթաշուրթի վրա կամ բարթոլինյան գեղձում: Թարախակույտ կարող է առաջանալ նաև ներաճած մազի, պիրսինգի, մաշկի գրգռման և ներմաշկային գեղձերի վարակի, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների պատճառով:
Իմացե՛ք ավելին թարախակույտերի մասին:
Փսորիազ
Բազմաթիվ կանայք և աղջիկներ, ովքեր ունեն մարմնի այլ շրջաններում ունեն փսորիազ, կարող են մաշկային նույն ախտահարումն ունենալ նաև իրենց ամոթաշրթերի վրա: Փսորիազը բնորոշվում է կարմիր և քոր հարուցող ցանով, սովորոբար մազոտ մաշկի վրա, որը կարող է տարածվել մինչև հետանցք: Փսորիազի ախտանիշները կարող են մեղմանալ մի շարք կրեմներով կամ քսուքներով, սակայն դրանք ունեն կրկնվելու հակում:
Իմացե՛ք ավելին փսորիազի մասին:
Սեռական գորտնուկներ և հերպես
Սեռական գորտնուկները կամ կանդիլոմաները սրածայր, տապակ կամ խմբերով հայտնվող գորտնուկանման գոյացություններ են, որոնք հարուցվում են մարդու պապիլոմավիրուսով (HPV) և կարող են ի հայտ գալ ձեր ամոթաշրթերի և հարակից շրջաններում: Դրանք հաճախ ինքնուրույն վերանում են, սակայն, եթե ձեզ մոտ ցավոտ և քոր առաջացնող են, ապա բժիշկը կարող է նշանակել որոշակի բուժում՝ հատուկ գունանյութեր, սառեցում կամ լազերային այրում: Բուժումը վերացնում է գորտնուկը, բայց ոչ՝ վիրուսը:
Իմացե՛ք ավելին սեռական գորտնուկների (կանդիլոմա) մասին:
Սեռական հերպեսը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է, որը հարուցվում է հասարակ հերպեսի վիրուսով: Այն դրսևորվում է ամոթաշրթերի վրա բշտիկային ցանավորման բռնկմամբ, որը կարող է ձեր կյանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ կրկնվել: Եթե կարծում եք, որ ունեք սեռական հերպես, ապա կարևոր է, որ առանց ուշացնելու այցելեք բժշկին և վաղ սկսեք ձեր բուժումը: Համոզվեք, որ սեռական հարաբերության ժամանակ օգտագործում եք պահպանակներ և ձեր փոխանցում ձեր վարակը զուգընկերոջը:
Իմացե՛ք ավելին սեռական հերպեսի մասին:
Սպիական կամ տապակ որքին
Ամոթաշրթերը կարող են ախտահարվել նաև սպիական կամ տափակ որքինով, որը բերում է ուժեղ քորի, այրոցի զգացման և ցավոտ սեռական հարաբերության: Կարծիք կա, որ մաշկի նման ախտահարման հիմքում ընկած են աուտոիմուն խանգարումները: Ավելի հաճախ որքինի այս տեսակը զարգանում է դաշտանադադարից հետո:
Չբուժվելու դեպքում այս վիճակը կարող է առաջացնել սպիացում: Բժիշկը ձեզ հետ կզրուցի հնարավոր բուժումների, այ թվում՝ ստերոիդների և ցավազրկող դեղերի վերաբերյալ:
Ամոթաշրթերի խնամքը
Կարևոր է, որ դուք ժամանակ առ ժամանակ զննեք ձեր արտաքին սեռական օրգանները և համոզվեք, որ անհանգստանալու տեղիք առաջացնող որևէ փոփոխություն չկա: Նույն նպատակի համար դուք կարող եք այցելել ձեր բժշկին:
Ընդունեք ցնցուղ, այլ ոչ թե լոգանք, օգտագործեք հիպոալերգիկ զուգարանի թուղթ և լվացքի նյութեր, և խուսափեք օճառից: Չորացրեք այս շրջանը զգուշորեն, այլ ոչ թե տրորելով, և, ըստ անհրաժեշտության, սեռական հարաբերության ժամանակ օգտագործեք լուբրիկանտ (քսուք):
Կրեք ազատ ծակոտկեն և բնական մանրաթելից գործված ներքնազգեստ: Եթե հարմար է, օգտագործեք տամպոն, և ոչ թե միջադիր:
Եթե ունեք ամոթաշրթերի հետ կապված որևէ խնդիր, ապա սառցեպարկը կարող է մեղմացնել անհարմարավետության զգացումը (դիսկոմֆորտ):
Ե՞րբ այցելել բժշկին
Այցելեք բժշկին, եթե ձեր գանգատները չեն մեղմանում՝ ցավ, այրոցի զգացում կամ քոր:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021