Առողջական խնդիրներ

Փսորիազ

Փսորիազ

Time Read 2 րոպե

Փսորիազը երկարատև ընթացքով տարածված մաշկային հիվանդություն է, որը կարող է ախտահարել նաև հոդերը։

Փսորիազի պատճառը մինչ օրս անհայտ է, սակայն համընդհանուր կարծիք կա, որ հիվանդությունը զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր որոշակի նպաստող գործոնների ազդեցությամբ մաշկի իմունային համակարգի պատասխան ռեակցիայի նկատմամբ ունեն ժառանգական նախատրամադրվածություն։

Պատկերավոր ասած, փսորիազն արագացնում է մաշկի բջիջների կյանքի ցիկլը։ Հիվանդության ժամանակ մաշկի մակերևույթի բջիջները սկսում են արագորեն աճել և «ավելցուկային» բջիջներն առաջացնում են թեփոտում և կարմրագույն դաշտեր, որոնք հարուցում են քոր, իսկ երբեմն՝ նաև ցավեր։

Փսորիազը կարող է սկսվել ցանկացած, այդ թվում նաև՝ վաղ մանկական տարիքում, սակայն ավելի հաճախ ի հայտ է գալիս երիտասարդ հասակում։ Տղամարդիկ և կանայք հիվանդանում են հավասար հաճախականությամբ:

Փսորիազը քրոնիկ հիվանդություն է և ունի հաճախակի կրկնվելու հակում։ Մի քանի շաբաթից մինչև ամիսներ տևող սրացման շրջանում հիվանդությունը կարող է դրսևորվել կլինիկական մի շարք տարբերակներով, որոնցից ամենահաճախ հանդիպողը վահանիկային կամ վուլգար փսորիազն է (թեփատու որքին)՝ չոր, մաշկից բարձր, կարմրած և քոր առաջացնող մակերեսներ, որոնք ծածկված են արծաթասպիտակավուն թեփոտվող մաշկով:

Փսորիազի ախտորոշումը սովորաբար դժվար չէ։ Բժիշկը հիմնվում է գանգատների, հիվանդության պատմության և ախտահարված մաշկի զննմամբ ստացված տվյալների վրա։

Փսորիազի ընթացքը կարող է բարդանալ տարբեր առողջական խնդիրներով, ինչպես նաև փսորիազն ինքը կարող է դառնալ մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն: Փսորիազով հիվանդների մոտ ավելի հաճախ է զարգանում այլ աուտոիմուն հիվանդություններ (օրինակ՝ Կրոնի հիվանդություն), իսկ ծանր փսորիազով հիվանդների մոտ բարձրանում է դիաբետի (շաքարախտ) և սրտանոթային հիվանդությունների ռիսկը։

Հիվանդության բուժման նպատակն է դանդաղեցնել կամ դադարեցնել մաշկային բջիջների արագացած աճը։ Հաճախ բուժումը շարունակվում է տարիներ շարունակ։ Փսորիազը վերջնական բուժում չունի, սակայն դուք կարող եք վերահսկել հիվանդության ախտանիշները։ Կան նաև տնային պայմաններում ինքնօգնության տարբեր մեթոդներ ու հնարքներ։

Հոդվածը տեղադրվել է՝ 01-05-2019 վերանայվել է՝ 25-04-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով