Լիստերիոզը հղիության ընթացքում
28-04-2020
4 րոպե

Լիստերիան բակտերիայի մի տեսակ է, որը կարող է հայտնաբերվել որոշ սննդամթերքներում և հղի կանանց մոտ առաջացնել վիժում կամ նորածին երեխայի վարակում:
Հղի կանայք կարող են կրճատել լիտերիայով վարակվելու ռիսկը, եթե սնունդ ընդունելիս լինեն ավելի զգույշ և բծախնդիր:
Ի՞նչ է լիստերիան
Լիստերիան բակտերիա է (Listeria monocytogenes), որը լայնորեն տարածված է շրջակա միջավայրում և կարող է հանդիպել բազմաթիվ ընտանի կենդանիների և կատուների շրջանում: Դուք կարող եք վարակվել լիստերիայով, եթե օգտագործեք բակտերիայով վարակված որևէ սննդամթերք: Որոշ մթերքներ ավելի «ռիսկային» են, քան մյուսները, իսկ ամենառիսկայինը հում վիճակում օգտագործվող կամ ոչ լրիվ ջերմային մշակման ենթարկվածներն են:
Լիստերիոզը լիստերիա բակտերայով հարուցված հիվանդությունն է: Այն հազվադեպ հանդիպող, սակայն պոտենցյալ ծանր հիվանդություն է, հատկապես՝ ձեր պտղի կամ նորածնի համար:
Լիստերիոզի ախտանիշները
Լիստերիայով վարակված բազմաթիվ մարդիկ մնում են առողջ: Որոշ մարդիկ որևէ գանգատ չեն ներկայացնում, մինչդեռ մյուսները կարող են ունենալ փսխում և փորլուծություն, որն առանց որևէ բուժման կարող է ինքնուրույն անհետանալ:
Սակայն լիստերիան կարող է մարսողական խողովակից անցնել օրգանիզմի այլ շրջաններ, օրինակ՝ ընկերք (պլացենտա) և գլխուղեղ: Լիստերիոզի այսպիսի զարգացումն ունի երկարատև գաղտնի շրջան, երբ գանգատներն ի հայտ են գալիս վարակվելուց շաբաթներ և նույնիսկ ամիսներ անց:
Ախտանիշները կարող են լինել մեղմ և ներառել՝
- մարմնի ջերմաստիճանի մեղմ բարձրացում
- մկանային և հոդային ցավեր
- գլխացավեր
- ընդհանուր թուլություն
- փորլուծություն
- սրտխառնոց և (կամ) փսխում
- հազ և ընդհանուր մրսածությանը բնորոշ նշաններ:
Հազվադեպ, լիստերիան կարող է առաջացնել ծանր կամ կյանքին սպառնացող «արյան թունավորում» (սեպտիցեմիա), մենինգիտ (ուղեղաթաղանթների բորբոքում) կամ էնցեֆալիտ (գլխուղեղի բորբոքում): Այս ծանր վիճակների ախտանիշներից են՝
- մարմնի ջերմաստիճանի խիստ բարձրացում
- պարանոցային կարկամություն (լարվածություն)
- սաստիկ գլխացավեր
- քնկոտություն և շշմածություն
- ցնցումներ:
Լիստերիոզը հղիների և նորածին երեխաների մոտ
Լիստերիոզն առավել վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ կարող է առաջացնել վիժում, մեռելածնություն կամ վաղաժամ ծննդաբերություն:
Հղի մորից վարակված նորածին երեխաները կարող են ծանր հիվանդանալ մենինգիտով, սեպսիսով կամ այլ վարակներով:
Որևէ տվյալ չկա այն մասին, թե արդյոք կարո՞ղ է լիստերիան կրծքի կաթով մորից անցնել երեխային:
Լիստերիոզի ախտորոշումը և բուժումը
Եթե կարծում եք, որ կարող եք վարակված լինել լիստերիայով, ապա այցելեք ձեր բժշկին: Նման կասկած կարող է հարուցվել այն դեպքերում, երբ՝
- դուք կերել եք որևէ սնունդ, որը հետ է կանչվել կամ ճանաչվել է որպես լիստերայով վարակված
- դուք ունեք լիստերիային բնորոշ ախտանիշներից մեկնումեկը:
Ձեզ հետ զրուցելուց հետո բժիշկը հավանաբար կնշանակի արյան հետազոտություն: Լիստերիան հաստատվում է լաբորատոր հետազոտությամբ և բուժվում հակաբիոտիկներով: Վաղ բուժումը կարող է կարող է կանխարգելել պտղի վարակումը:
Լիստերիոզի կանխարգելումը
Լիստերիայով վարակվելը կանխելու լավագույն տարբերակը «բարձր ռիսկային» սննդամթերքներից հրաժարվելն է, ինչպես նաև ընդհանուր հիգիենայի կանոններին հետևելը, հատկապես հում մթերքների հետ խոհանոցում կամ այլ տեղեր առնչվելիս:
Լիստերիա բակտերիաներ պարունակելու առումով ավելի ռիսկային են համարվում հետևյալ սննդամթերքները՝
- պատրաստի մթերքներ, որոնք սովորաբար տրվում են սալաթ-բարերում, սենդվիչ-բարերում կամ ճաշարաններում
- պատրաստի մսային արտադրատեսակներ
- փափուկ կամ կիսափափուկ պանիրներ
- չլվացած հում բանջարեղեններ
- հալված պաղպաղակ
- հում ծովամթերք կամ կակղամորթներ
- ոչ պաստերիզացված կաթնամթերքներ, օրինակ՝ հում կաթ
- «սառը», պահածոյացված կամ պատրաստի միս
- պատշետ:
Իմացե՛ք ավելին այն սննդատեսակների մասին, որոնք խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ընթացքում:
Ահա որոշ հմտություններ այն մասին, թե ինչպես անվտանգ առնչվել սննդամթերքների հետ և նվազեցնել ձեր վարակվելու ռիսկը:
- ջերմային մշակում պահանջող կերակրատեսակները լիարժեք եփեք և օգտագործեք միայն թարմ վիճակում
- հուն մրգերն ու բանջարեղեններն ուտելուց առաջ լավ լվացեք
- խոհանոցային կաթսաները և սպասքը լվացեք լիարժեք
- չեփված մթերքների հետ գործ ունենալուց հետո լավ լվացեք բոլոր դանակները, խոհանոցային տախտակներն ու մյուս պարագաները
- հում մթերքը պահեք սառնարանի ստորին հարկերում
- պարբերաբար ստուգեք սառնարանի ջերմաստիճանը
- սնվելուց հետո մնացած մթերքն անմիջապես տեղափոխեք սառնարան և պահեք այնտեղ ոչ ավելի, քան 24 ժամ
- սառնարանում պահվող ճաշերն ուտելուց առաջ բավարար տաքացրեք (կամ ավելի լավ է՝ եռացրեք)
- սառեցված միսն ապասառեցրեք սառնարանում
- սառնարանում կամ կերակուր պատրաստելիս հում միսն առանձնացերք բանջարեղեններից, պատրաստի կերակուրներից և ուտեստեղենից:
Դուք պետք է նաև՝
- ուշադրություն դարձնեք փաթեթավորված կամ տուփով վաճառվող սննդամթերքների պիտանելիության ժամկետներին
- մշտապես լվանաք ձեռքերը խոհանոցային գործեր անելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելուց առաջ և հետո, ինչպես նաև կենդանիներին հպվելեւց հետո
- տնային կենդանիներին պահեք խոհանոցից հեռու, խուսափեք դրանք արտաթորանքներին հպվելուց
- հողի հետ կսպված աշխատանքներ կատարելիս այգեգործական ձեռնոցի տակից հագնեք ռետինե (լատեքսային) ձեռնոց:
Հոդվածը վերանայվել է՝ 21-03-2021