Տղամարդկանց պտղաբերությունը բարդ գործընթաց է:
Ձեր զուգընկերոջը հղիացնելու համար պետք է անսխալ կատարվեն հետևյալ փուլերը, որոնցից յուրաքանչյուրի խանգարումը կարող է հանգեցնել անպտղության:
- Դուք պետք է առողջ սպերմատոզոիդներ (սերմնաբջիջներ) արտադրեք. ամենասկզբում դա ենթադրում է սեռական հասունացման ընթացքում տղամարդկանց վերարտադրողական օրգանների նորմալ աճ ու ձևավորում: Ձեր ամորձիներից առնվազն մեկը պետք է ճիշտ գործի, և ձեր օրգանիզմը պետք է բավարար տեստոստերոն և այլ հորմոններ արտադրի, որ խթանի և պահպանի սպերմատոզոիդների արտադրությունը:
- Սպերմատոզոիդը պետք է տեղափոխվի սերմնահեղուկի մեջ. երբ ամորձիներում արտադրվում են սպերմատոզոիդներ, դրանք բարակ խողովակներով տեղափոխում են մինչև սերմնահեղուկի հետ խառնվելը և առնանդամից դուրս սերմնաժայթքվելը:
- Սերմնահեղուկում պետք է լինի բավականաչափ սպերմատոզոիդ. եթե ձեր սերմնահեղուկում սպերմատոզոիդների քանակը ցածր է, ուրեմն նվազում է հավանականությունը, որ ձեր սերմնահեղուկը բեղմնավորի ձեր զուգընկերոջ ձվաբջիջը: Ցածր է համարվում 15 միլիոնից պակաս սպերմատոզոիդները մեկ միլիլիտր սերմնահեղուկում կամ 39 միլիոնից պակասը՝ մեկ սերմնաժայթքումի համար:
- Սպերմատոզոիդը պետք է լինի ֆունկցիոնալ և կարողանա շարժվել. եթե ձեր սպերմատոզոիդների շարժումը (շարժունակությունը) կամ գործունեությունը նորմալ չէ, ապա դրանք կարող են չհասնել կամ ներթափանցել ձեր զուգընկերոջ ձվաբջիջը:
Առողջական պատճառներ
Տղամարդկանց պտղաբերության հետ կապված խնդիրները կարող են առաջանալ բազմաթիվ առողջական վիճակների և դեղորայքային բուժումների պատճառով:
- Վարիկոցելե (սերմնալարի երակների լայնացում). վարիկոցելեն ամորձին «դատարկող» երակների լայնացումն է: Դա տղամարդկանց անպտղության ամենատարածված շրջելի պատճառն է: Թեև վարիկոցելեի պատճառով անպտղության հստակ պատճառն անհայտ է, այն կարող է կապված լինել ոչ նորմալ արյան հոսքի հետ: Վարիկոցելեները հանգեցնում են սպերմատոզոիդների քանակի և որակի նվազեցմանը:
- Վարակ. որոշ վարակներ կարող են խանգարել սպերմատոզոիդների արտադրությունը, վնասել դրանք կամ առաջացնել սպիներ, որոնք արգելափակում են սերմնահեղուկի անցումը: Նման վարակներից են մակամորձու (էպիդիդիմիտ) կամ ամորձիների (օրխիտ) բորբոքումը և սեռական ճանապարհով փոխանցվող որոշ վարակներ, այդ թվում՝ գոնորեա կամ ՄԻԱՎ: Թեև որոշ վարակներ կարող են հանգեցնել ամորձիների անդառնալի վնասման, առավել հաճախ սպերմատոզոիդներ դեռևս կարող են արտադրվել:
- Սերմնաժայթքման խնդիրներ. հետադարձ սերմնաժայթքումը (ռետրոգրադ էյակուլյացիա) տեղի է ունենում, երբ օրգազմի ժամանակ սերմնահեղուկը մտնում է միզապարկ՝ առնանդամի ծայրից դուրս ժայթքելու փոխարեն: Տարբեր առողջական վիճակներ կարող են առաջացնել հետադարձ սերմնաժայթքում, ներառյալ դիաբետը, ողնաշարի վնասվածքները, դեղամիջոցները և միզապարկի, շագանակագեղձի կամ միզուկի վիրահատությունը:
- Սպերմատոզոիդների վրա «հարձակվող» հակամարմիններ. հակասպերմային հակամարմինները իմունային համակարգի բջիջներն են, որոնք սխալմամբ ճանաչում են սպերմատոզոիդները որպես վնասակար օտարածին նյութեր և փորձում են վերացնել դրանք:
- Ուռուցքներ. քաղցկեղները և ոչ չարորակ ուռուցքները կարող են ուղղակիորեն ազդել տղամարդու վերարտադրողական օրգանների վրա այն գեղձերի միջոցով, որոնք ներզատում են վերարտադրության հետ կապված հորմոններ, օրինակ՝ մակուղեղը (հիպոֆիզ) կամ անհայտ պատճառներով: Որոշ դեպքերում ուռուցքների բուժման համար վիրահատությունը, ճառագայթումը կամ քիմիոթերապիան կարող են ազդել տղամարդկանց պտղաբերության վրա:
- Չիջած ամորձիներ (կրիպտորխիզմ). որոշ տղամարդկանց մոտ պտղի զարգացման ընթացքում մեկ կամ երկու ամորձիները չեն կարողանում որովայնից իջնել ամորձապարկի մեջ: Պտղաբերության նվազեցումն ավելի հավանական է այն տղամարդկանց մոտ, ովքեր ունեցել են այս հիվանդությունը:
- Հորմոննային անհավասարակշռություն. անպտղությունը կարող է առաջանալ հենց ամորձիների խանգարումների կամ դրանց վրա այլ հորմոնային համակարգերի ոչ նորմալ ազդեցության պատճառով, ներառյալ ենթատեսաթումբը (հիպոթալամուս), մակուղեղը (հիպոֆիզ), վահանաձև գեղձը և մակերիկամները: Ցածր տեստոստերոնը (արական հիպոգոնադիզմ) և այլ հորմոնային խնդիրներ ունեն հիմքում ընկած մի շարք հնարավոր պատճառներ:
- Սպերմատոզոիդները տեղափոխող խողովակների արատներ. բազմաթիվ տարբեր խողովակներ կրում են սերմնաբջիջներ: Դրանք կարող են արգելափակվել տարբեր պատճառներով, ներառյալ վիրահատությունից առաջացած պատահական վնասվածքը, նախորդ վարակները, վնասվածքը կամ զարգացման խանգարումները, ինչպես օրինակ՝ կիստոզ ֆիբրոզի կամ համանման ժառանգական հիվանդությունների դեպքում: Արգելափակումը կարող է առաջանալ ցանկացած մակարդակում, այդ թվում՝ ամորձու ներսում, ամորձու արտատար խողովակներում, մակամորձում, սերմնալարում, սերմնաժայթքող խողովակների մոտ կամ միզուկում:
- Քրոմոսոմային արատներ. ժառանգական խանգարումները, ինչպիսիք են Կլայնֆելտերի համախտանիշը, որի դեպքում տղամարդը ծնվում է երկու X և մեկ Y քրոմոսոմով (մեկ X և մեկ Y-ի փոխարեն), առաջացնում են տղամարդկանց վերարտադրողական օրգանների զարգացման արատներ: Անպտղության հետ կապված այլ գենետիկ համախտանիշներից են կիստոզ ֆիբրոզը և Կալմանի համախտանիշը:
- Սեռական հարաբերությունների հետ կապված խնդիրներ. դրանք կարող են ներառել սեքսի համար բավարար էրեկցիայի հասնելու կամ պահպանման հետ կապված դժվարությունները (էրեկտիլ դիսֆունկցիա), վաղաժամ սերմնաժայթքումը, ցավոտ սեռական հարաբերությունը, անատոմիական արատները, ինչպիսին է առնանդամի տակ միզուկի բացվածքը (հիպոսպադիա) կամ հոգեբանական կամ հարաբերությունների հետ կապված խնդիրները, որոնք խանգարում են նորմալ սեռական ակտին:
- Ցելիակա. ցելիակ հիվանդությունը մարսողական խանգարում է, որն առաջանում է ցորենի մեջ պարունակվող սնձան կոչվող սպիտակուցի նկատմամբ զգայունության պատճառով: Այս հիվանդությունը կարող է նպաստել տղամարդկանց անպտղությանը: Պտղաբերությունը կարող է բարելավվել սնձան չպարունակող սննդակարգին անցնելուց հետո:
- Որոշակի դեղամիջոցներ. տեստոստերոնային փոխարինող բուժումը, անաբոլիկ ստերոիդների երկարատև օգտագործումը, քաղցկեղի դեմ դեղամիջոցները (քիմիոթերապիա), խոցի, արթրիտի (հոդաբորբ) բուժման որոշ դեղամիջոցները և որոշ այլ դեղամիջոցները կարող են խաթարել սպերմատոզոիդների արտադրությունը և նվազեցնել տղամարդկանց պտղաբերությունը:
- Նախկին վիրահատություններ. որոշ վիրահատություններ կարող են խանգարել, որ ձեր սերմնաժայթքման հեղուկում լինեն սպերմատոզոիդներ, ներառյալ վազէկտոմիան, ամորձու կամ ամորձիների վիրահատությունները, շագանակագեղձի վիրահատությունները և որովայնային մեծ վիրահատությունները, որոնք կատարվում են նաև ամորձիների և ուղիղ աղիքի քաղցկեղի դեպքում:
Միջավայրային պատճառներ
Արտաքին միջավայրի որոշ տարրերի չափազանց մեծ ազդեցությունը, ինչպիսիք են տաքությունը, թույները (տոքսիններ) և քիմիական նյութերը, կարող է նվազեցնել սպերմատոզոիդների արտադրությունը կամ դրանց գործառույթը: Հատուկ պատճառները ներառում են հետևյալը:
- Արդյունաբերական քիմիական նյութեր. որոշ քիմիական նյութերի, միջատասպանների (պեստիցիդ), թունաքիմիկատների (հերբիցիդների), օրգանական լուծիչների և ներկանյութերի երկարատև ազդեցությունը կարող է նպաստել սպերմատոզոիդների քանակի նվազեցմանը:
- Ծանր մետաղների ազդեցություն. կապարի կամ այլ ծանր մետաղների ազդեցությունը ևս կարող է դառնալ անպտղության պատճառ:
- Ճառագայթում կամ ռենտգենյան ճառագայթներ. ճառագայթման ազդեցությունը կարող է նվազեցնել սպերմատոզոիդների արտադրությունը, թեև վերջինս հաճախ ի վերջո կարող է վերադառնալ նորմայի: Այնուամենայնիվ, ճառագայթման բարձր չափաբաժինների պատճառով սպերմատոզոիդների արտադրությունը կարող է անդառնալիորեն կրճատվել:
- Ամորձիների գերտաքացում. բարձր ջերմաստիճանը կարող է խաթարել սպերմատոզոիդների արտադրությունն ու գործառույթը: Չնայած հետազոտությունները սահմանափակ և անորոշ են, սաունաներից կամ տաք լոգարաններից հաճախակի օգտվելը կարող է ժամանակավորապես կրճատել ձեր սպերմատոզոիդների քանակը: Երկարատև նստելը, կիպ հագուստ կրելը կամ երկար ժամանակ նոութբուքով աշխատելը ևս կարող է բարձրացնել ձեր ամորձապարկում ջերմաստիճանը և մի փոքր նվազեցնել սպերմատոզոիդների արտադրությունը: Սակայն հետազոտությունը վերջնական չէ:
Առողջություն, ապրելակերպ և այլ պատճառներ
Տղամարդկանց անպտղության որոշ այլ պատճառները ներառում են հետևյալը:
- Թմրանյութերի օգտագործում անաբոլիկ ստերոիդները, որոնք օգտագործվում են մկանների ուժն ու աճը խթանելու համար, կարող են հանգեցնել ամորձիների փոքրացմանը և սպերմատոզոիդների արտադրության նվազմանը: Կոկաինի կամ մարիխուանայի օգտագործումը կարող է նաև ժամանակավորապես նվազեցնել ձեր սպրեմատոզոիդների քանակն ու որակը:
- Ալկոհոլի օգտագործում. ալկոհոլ խմելը կարող է նվազեցնել տեստոստերոնի մակարդակը, առաջացնել էրեկտիլ դիսֆունկցիա և կրճատել սպերմատոզոիդների արտադրությունը: Ալկոհոլի չարաշահման հետևանքով առաջացած լյարդային հիվանդությունը նույնպես կարող է հանգեցնել պտղաբերության խնդիրների:
- Ծխախոտի ծխելը. ծխող տղամարդիկ կարող են ավելի սակավաթիվ սպերմատոզոիդներ ունենալ, քան չծխողները: Երկրորդային ծուխը նույնպես կարող է բացասաբար ազդել տղամարդկանց պտղաբերության վրա:
- Մարմնի քաշ. գիրությունը կարող է վնասել պտղաբերությունը մի քանի ճանապարհով, այդ թվում՝ ուղղակիորեն ազդելով սպերմատոզոիդների վրա, ինչպես նաև առաջացնելով հորմոնային փոփոխություններ, որոնք նվազեցնում են տղամարդկանց պտղաբերությունը:
Ռիսկի գործոններ
Տղամարդկանց անպտղության հետ կապված ռիսկի գործոնները ներառում են՝
- ծխախոտ ծխելը
- ալկոհոլի օգտագործում
- որոշ ապօրինի թմրամիջոցների օգտագործում
- ավելորդ քաշ կամ գիրություն
- նախկին կամ ներկա որոշ վարակներ
- տոքսինների (թույների) ազդեցություն
- ամորձիների գերտաքացում
- նախկին ամորձիների տրավմա
- նախկին վազէկտոմիայի, մեծ որովայնային կամ կոնքի օրգանների վիրահատություն
- անցյալում ամորձիների ամորձապարկ չիջնելու պատմություն (կրիպտորխիզմ)
- պտղաբերության խանգարումով ծնված լինելը կամ պտղաբերության խանգարում ունեցող արյունակից ունենալը
- որոշ առողջական խնդիրներ, ներառյալ՝ ուռուցքներ և քրոնիկ հիվանդություններ, ինչպիսին է մանգաղաձև բջջային հիվանդությունը
- որոշ դեղամիջոցների ընդունում կամ բուժումների ստացում, ինչպիսիք են քաղցկեղի կապակցությամբ վիրահատությունը կամ ճառագայթային բուժումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024