Անպտղության խնդրի հետ առնչվող բազմաթիվ ույգեր ունեն անպտղության մեկից ավելի պատճառ, ուստի, ամենայն հավանականությամբ, դուք երկուսդ էլ պետք է դիմեք բժշկի:
Անպտղության պատճառը պարզելու համար կարող են պահանջվել մի շարք հետազոտություններ: Որոշ դեպքերում պատճառը երբեք չի բացահայտվում:
Անպտղության հետազոտությունները կարող են թանկարժեք լինել և ապահովագրությամբ չփոխհատուցվել, ուստի ճիշտ լինի նախապես պարզել, թե ինչ է ընդգրկում ձեր բուժման ծրագիրը:
Արական անպտղության խնդիրների ախտորոշումը սովորաբար ներառում է հետևյալը:
- Ընդհանուր զննում և հիվանդության պատմություն. սա ներառում է ձեր սեռական օրգանների զննումը և ցանկացած ժառանգական հիվանդության, քրոնիկ առողջական խնդիրների, հիվանդությունների, վնասվածքների կամ վիրահատությունների վերաբերյալ հարցերը, որոնք կարող են ազդել պտղաբերության վրա: Բժիշկը նաև կարող է հարցնել ձեր սեռական սովորությունների և սեռահասունացման ընթացքում ձեր սեռական զարգացման մասին:
- Սերմնահեղուկի թեստ. սերմնահեղուկի նմուշները կարելի է ստանալ տարբեր եղանակներով: Դուք կարող եք նմուշ տրամադրել՝ ձեռնաշարժությամբ և սերմնաժայթքելով հատուկ տարայի մեջ: Կրոնական կամ մշակութային համոզմունքների պատճառով որոշ տղամարդիկ նախընտրում են սերմնահեղուկ հավաքելու այլընտրանքային մեթոդ: Նման դեպքերում սերմնահեղուկը կարելի է հավաքել սեռական հարաբերության ժամանակ հատուկ պահպանակի միջոցով։
Այնուհետև ձեր սերմնահեղուկն ուղարկվում է լաբորատորիա՝ սպերմատոզոիդների քանակը չափելու և դրանց ձևի (մորֆոլոգիա) և շարժունակության շեղումներ փնտրելու համար: Լաբորատորիան նաև ձեր սերմնահեղուկը կստուգի այնպիսի խնդիրների նշանների համար, ինչպիսիք են վարակները:
Հաճախ սպերմատոզոիդների քանակը տարբեր նմուշների միջև զգալիորեն տատանվում է: Շատ դեպքերում որոշակի ժամանակահատվածում կատարվում են սերմնահեղուկի վերլուծության մի քանի թեստեր՝ ճշգրիտ արդյունքներ ապահովելու համար: Եթե սերմնահեղուկի անալիզը նորմալ է, ձեր բժիշկը, հավանաբար, խորհուրդ կտա մանրակրկիտ հետազոտվել ձեր կին զուգընկերոջը՝ նախքան արական անպտղության այլ հետազոտություններ անցկացնելը:
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ լրացուցիչ հետազոտություններ, որոնք կօգնեն գտնելու ձեր անպտղության պատճառը: Դրանք կարող են ներառել հետևյալը՝
- փոշտի գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա)՝ վարիկոցելեն, ամորձիների և հարակից կառուցվածքների խնդիրները հայտնաբերելու համար
- ուղիղաղիքային գերձայնային հետազոտություն՝ շագանակագեղձը և սերմնաուղիները ստուգելու համար
- հորմոնային թեստեր, այդ թվում՝ մակուղեղի, հիպոթալամուսի և ամորձիների կողմից արտադրվող հորմոնների մակարդակները ստուգելու համար, որոնք առանցքային նշանակություն ունեն սեռական զարգացման և սպերմատոզոիդների արտադրության համար
- հետսերմնաժայքման (պոստէյակուլյացիոն) մեզի անալիզ, որով, եթե մեզում հայտնաբերվում են սպերմատոզոիդներ, ապա կարող է առկա լինել հետադարձ սերմնաժայթքման խնդիր (ռետրոգրադ էյակուլյացիա)
- գենետիկ թեստեր, որոնք կարող են հայտնաբերել տարբեր բնածին կամ ժառանգական համախտանիշները
- ամորձիների բիոպսիա, որը թույլ է տալիս ստուգել ամորձիներում սպերմատոզոիդների արտադրության բնույթը
- սպերմատոզոիդների գործունեության մասնագիտացված թեստեր, որոնք թույլ են տալիս ստուգել, թե ինչքան լավ են ձեր սպերմատոզոիդները գոյատևում սերմնաժայթքումից հետո, արդյոք առկա է ձվաբջջին միանալու խնդիր և այլ մանրամասներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024