Կան մի քանի քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել տանը՝ հղիացնելու ձեր հնարավորությունները մեծացնելու համար:
- Հաճախացրեք սեռական հարաբերությունները. կնոջ ձվազատումից (օվուլյացիայից) առնվազն հինգ օր առաջ ամեն օր կամ օրը մեջ սեռական հարաբերություն ունենալը մեծացնում է ձեր զուգընկերոջ հղիանալու հավանականությունը:
- Սեռական հարաբերությունով զբաղվեք, երբ հնարավոր է բեղմնավորումը. հավանական է, որ կինը հղիանա ձվազատման ժամանակ, որը տեղի է ունենում դաշտանային ցիկլի կեսին՝ դաշտանների միջև: Սա կապահովի, որ սպերմատոզոիդները, որոնք կարող են ապրել մի քանի օր, առկա լինեն, երբ հնարավոր է բեղմնավորում:
- Խուսափեք քսանյութերի (լուբրիկանտների) օգտագործումից. արտադրանքները, ինչպիսիք են Աստրոգլադը կամ K-Y դոնդողը, լոսյոնները և թուքը կարող են խանգարել սպերմատոզոիդների շարժունակությանը և գործառույթներին: Հարցրեք ձեր բժշկին սպերմատոզոիդների համար անվտանգ քսանյութերի մասին:
- Ապրեք առողջ ապրելակերպով. կերեք տարբեր առողջարար մթերքներ, պահպանեք առողջ քաշը, բավականաչափ քնեք և կանոնավոր վարժանքներ արեք:
- Խուսափեք այն բաներից, որոնք վնաս են ձեր ընդհանուր առողջությանը. դադարեցրեք կամ նվազեցրեք ալկոհոլի օգտագործումը, թողեք ծխելը և մի օգտագործեք ապօրինի թմրամիջոցներ:
Այլընտրանքային բժշկություն
Ապացույցները սահմանափակ են այն մասին, թե արդյոք դեղաբույսերը կամ հավելումները կարող են օգնել բարձրացնելու տղամարդկանց պտղաբերությունը, և, եթե բարձրացնում են, ապա՝ ինչ չափով: Այս հավելումներից և ոչ մեկը չի բուժում անպտղության հիմքում ընկած որևէ կոնկրետ պատճառ, ինչպիսին է սերմնածորանի արատը կամ քրոմոսոմային խանգարումը:
Հետազոտություններով սպերմատոզոիդների քանակի կամ որակի բարելավման համար հնարավոր օգուտներ ցույց տվող հավելումները ներառում են՝
- Կոենզիմ Q10
- Ֆոլաթթվի և Ցինկի համադրություն
- L-կարնիտին
- Սելեն
- Վիտամին C
- Վիտամին E:
Սննդային հավելումներ ընդունելուց առաջ խոսեք ձեր բժշկի հետ: Չկան հստակ ապացույցներ, որ դրանք արդյունավետ են, իսկ որոշ հավելումներ կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ կամ բացասաբար փոխազդել ձեր ընդունած դեղամիջոցների հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024