Դեպքերի մեծ մասում չարորակ հիպերթերմիայի նկատմամբ նախատրամադրվածության գանգատներ կամ ախտանիշներ չկան, քանի դեռ չեք ենթարկվել անզգայացման համար օգտագործվող որոշակի դեղամիջոցների ազդեցությանը:
Չարորակ հիպերթերմիայի գանգատներն ու ախտանիշները կարող են տարբեր լինել և դրսևորվել անզգայացման ընթացքում կամ վիրահատությունից անմիջապես հետո՝ գիտակցության վերականգնման ընթացքում: Դրանք կարող են ներառել հետևյալը՝
- խիստ մկանային ձգվածություն (ռիգիտություն) կամ կծկանքներ (սպազմեր)
- հաճախացած, մակերեսային շնչառություն և արյան ցածր թթվածնի (հիպօքսիա) և բարձր ածխաթթու գազի (հիպերկապնիա) հետ կապված խնդիրներ
- արագացած սրտազարկ (տախիկարդիա)
- անկանոն սրտի ռիթմ (առիթմիա)
- վտանգավոր բարձր մարմնի ջերմաստիճան՝ 40° C և ավելի (հիպերթերմիա)
- գերքրտնարտադրություն
- մաշկի տարասեռ, բծավոր գունավորում (խայտաբղետ մաշկ):
Հազվադեպ, չարորակ հիպերթերմիայի ռիսկի տակ գտնվող մարդիկ ցույց են տվել ռեակցիայի նշաններ խիստ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ վարժանքներից հետո, հատկապես տաք կամ խոնավ միջավայրում, վիրուսային հիվանդության ժամանակ կամ արյան խոլեստերինի նվազեցման համար օգտագործվող ստատիններ ընդունելիս:
Եթե գտնվում եք չարորակ հիպերտերմիայի ռիսկի տակ և որոշակի անզգայացնող դեղեր առաջին անգամ ընդունելու ժամանակ լուրջ ռեակցիա չեք դրսևորել, դուք դեռ ռիսկի տակ եք, եթե այդ դեղերը ստանաք ապագայում: Դրանց փոխարեն կարող են օգտագործվել այլ անզգայացնող դեղամիջոցներ, որոնք պատասխան ռեակցիա չեն առաջացնում:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե հայտնի է, որ ձեր ընտանիքում ինչ-որ մեկը չարորակ հիպերթերմիայի ռիսկի տակ է, և ձեզ պետք է անզգայացում կատարվի, կարևոր է այդ մասին տեղեկացնել ձեր ընտանեկան բժշկին և անզգայացման մասնագետին (անեսթեզիոլոգ): Անեսթեզիոլոգը նման իրավիճակում կարող են օգտագործել այլ դեղամիջոցներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-02-2024
Վերջին վերանայում՝ 30-04-2024