Եթե դուք կամ ձեր ընտանիքից ինչ-որ մեկն ունեք նախատրամադրվածություն չարորակ հիպերթերմիայի նկատմամբ կամ կարծում եք, որ կարող եք չարորակ հիպերթերմիայի վտանգի տակ լինել, կարևոր է տեղեկացնել ձեր բժշկին և անեսթեզիոլոգին նախքան ընդհանուր անզգայացում կատարելը:
Նման իրավիճակում կարող են օգտագործվել դեղամիջոցներ, որոնք չեն առաջացնում չարորակ հիպերթերմիա:
Չարորակ հիպերթերմիայի անհետաձգելի բուժումը ներառում է հետևյալը:
- Դեղեր. Դանտրոլեն (Դանտրիում, Ռևոնտո, Ռիանոդեքս) կոչվող դեղամիջոցը օգտագործվում է այս ռեակցիան բուժելու համար՝ դադարեցնելով կալցիումի մուտքը մկաններ: Այլ դեղամիջոցներ կարող են նշանակվել օրգանիզմի քիմիական հավասարակշռության հետ կապված խնդիրները (մետաբոլիկ դիսբալանսը) շտկելու և բարդությունները բուժելու համար:
- Թթվածին․ դուք կարող եք թթվածին ստանալ դիմակի միջոցով։ Դեպքերի մեծ մասում թթվածինը տրվում է շնչափողի (տրախեա) մեջ տեղադրված խողովակի միջոցով:
- Մարմնի հովացում. մարմնի ջերմաստիճանը նվազեցնելու համար կարող են օգտագործվել սառցե տոպրակներ, հովացման սարքեր և ներերակային սառը հեղուկներ:
- Լրացուցիչ հեղուկներ. ձեզ նաև կարող են ներերակային ճանապարհով տրվել հավելյալ հեղուկներ:
- Օժանդակող բուժում. հնարավոր է, որ ձեզ հարկավոր լինի մեկ-երկու օր մնալ հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում՝ ձեր մամնի ջերմաստիճանը, արյան ճնշումը, սրտազարկը, շնչառությունը և բուժման արձագանքը վերահսկելու համար: Մի քանի լաբորատոր թեստեր կարող են հաճախակի նշանակվել՝ մկանների վնասման աստիճանը և երիկամների հնարավոր ախտահարումը ստուգելու համար: Սովորաբար հիվանդանոցային բուժումը շարունակվում է, քանի դեռ լաբորատոր թեստերի արդյունքները չեն սկսել վերադառնալ նորմալ միջակայք:
Պատշաճ բուժման պայմաններում չարորակ հիպերթերմիան սովորաբար լավանում է մի քանի օրվա ընթացքում:
Հետագա խնամք և վերահսկողություն
Եթե որոշակի անզգայացնող դեղամիջոցների պատճառով չարորակ հիպերթերմիա եք ունեցել, տաք և խոնավ պայմաններում ֆիզիկական ակտիվությունը կարող է մեկ այլ ռեակցիա առաջացնել: Խոսեք ձեր բժշկի հետ նախազգուշական միջոցների մասին, որոնք պետք է ձեռնարկել կանխարգելելու նման ռեակցիաները:
Բացի այդ, խորհրդակցեք ձեր բժշկի հետ, թե արդյոք դուք պետք է գենետիկ թեստավորում անցնեք՝ պարզելու, թե արդյոք ունեք գենետիկ խանգարում, որը ձեզ դնում է չարորակ հիպերթերմիայի ռիսկի տակ: Հարցրեք նաև, արդյոք ձեր ընտանիքի անդամները նույնպես պետք է քննարկեն գենետիկ թեստավորման հարցը:
Եթե ունեք չարորակ հիպերթերմիայի նախատրամադրող գենետիկ խանգարում, որը ձեզ դնումն է չարորակ հիպերթերմիայի ռիսկի տակ, կրեք բժշկական նախազգուշացնող ապարանջան կամ վզնոց: Սա թույլ է տալիս բուժաշխատողներին տեղյակ լինել ձեր ռիսկի մասին, հատկապես արտակարգ իրավիճակներում, երբ կարող եք ի վիճակի չլինել խոսելու:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-02-2024
Վերջին վերանայում՝ 30-04-2024