Մարֆանի համախտանիշը կարող է ազդել օրգանիզմի գրեթե ցանկացած շրջանի վրա, ուստի կարող է առաջացնել մի շարք բարդություններ:
Սրտանոթային բարդություններ
Մարֆանի համախտանիշի ամենավտանգավոր բարդությունները ներառում են սիրտը և արյունատար անոթները: Արատավոր շարակցական հյուսվածքը կարող է թուլացնել աորտան՝ օրգանիզմի ամենամեծ զարկերակը, որը սկսվում է սրտից և արյուն է մատակարարում ամբողջ մարմնին:
- Աորտայի անևրիզմա. սրտի կծկման ընթացքում աորտայի ներսում մեծացող արյան ճնշում կարող է առաջացնել աորտայի թուլացած պատի արտափքում, ինչպես անվադողի թույլ կետը: Մարֆանի համախտանիշ ունեցող մարդկանց մոտ սա առավել հաճախ առաջանում է վերել աորտայի հատվածում, հենց սրտից դուրս գալու շրջանում (Վալսալվի սինուսից սկսած):
- Աորտայի շերտազատում (դիսեկցիա). աորտայի պատը կազմված է շերտերից։ Շերտազատումն առաջանում է, երբ աորտայի պատի ամենաներքին շերտի փոքր պատռվածքի պատճառով արյունը թափանցում է ներքին և արտաքին շերտերի միջև: Սա կարող է առաջացնել ուժեղ ցավ կրծքավանդակի կամ մեջքի շրջանում: Աորտայի շերտազոտումը թուլացնում է անոթի կառուցվածքը և կարող է հանգեցնել պատի ամբողջական մահացու պատռվածքի:
- Փականային ձևախախտումներ. Մարֆանի համախտանիշ ունեցող մարդիկ սրտի փականներում կարող են ունենալ թույլ հյուսվածք, օրինակ, 80%-ի մոտ կարող է զարգանալ միտրալ փականի պրոլապս: Սա կարող է առաջացնել փականի հյուսվածքի գերձգում և փականի գործառույթի խանգարում: Երբ փականները ճիշտ չեն գործում, սիրտը հաճախ ստիպված է ավելի մեծ բեռնվածությամբ աշխատել՝ փոխհատուցելու փականային արատը: Սա ի վերջո կարող է հանգեցնել սրտային անբավարարության:
Աչքի և տեսողության բարդություններ
- Ոսպնյակի տեղաշարժ. աչքի ներսում գտնվող ոսպնյակը կարող է իր նորմալ տեղից դուրս գալ, եթե պահող կառուցվածքները թուլանան: Այս խնդրի բժշկական տերմինն է էկտոպիա լենտիս, և հանդիպում է Մարֆանի համախտանիշ ունեցող մարդկանց կեսից ավելիի մոտ:
- Ցանցաթաղանթի խնդիրներ. Մարֆանի համախտանիշը նաև մեծացնում է աչքի հետին պատը ներսից պատող լուսազգաց հյուսվածքի՝ ցանցաթաղանթի շերտազատման կամ պատռվածքի ռիսկը:
- Վաղ սկսվող գլաուկոմա կամ կատարակտ․ Մարֆանի համախտանիշ ունեցող մարդկանց մոտ աչքի այս խնդիրները հակված են զարգանալու ավելի երիտասարդ տարիքում: Գլաուկոմայի պատճառով աչքի ներսում ճնշումը մեծանում է, ինչը կարող է վնասել տեսողական նյարդը: Կատարակտը աչքի նորմալ թափանցիկ ոսպնյակի մեջ պղտորված շրջանների առաջացումն է:
Կմախքային բարդություններ
Մարֆանի համախտանիշը մեծացնում է ողնաշարի ոչ նորմալ կորացման ռիսկը, ինչպիսին է սկոլիոզը: Այն նաև կարող է խանգարել կողոսկրերի բնականոն զարգացմանը, ինչը կարող է հանգեցնել կրծոսկի դուրս ցցված կամ կրծքավանդակի մեջ ընկղմված տեսքի (ձագարաձև կրծոսկր): Ոտնաթաթի և մեջքի ցավերը նույնպես տարածված են Մարֆանի համախտանիշ ունեցող մարդկան շրջանում:
Հղիության բարդություններ
Մարֆանի համախտանիշը կարող է թուլացնել սրտից հեռացող գլխավոր զարկերակի՝ աորտայի պատերը։ Հղիության ընթացքում սիրտը սովորականից ավելի ծանրաբեռնված է աշխատում, որ ավելի շատ արյուն մղի: Սա կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել աորտայի համար, ինչը մեծացնում է աորտայի մահացու շերտազատման կամ պատռման վտանգը:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2024
Վերջին վերանայում՝ 05-05-2024