Մելանոման առաջանում է, երբ ձեր մաշկին գույն հաղորդող մելանին արտադրող բջիջներում (մելանոցիտներ) զարգանում են սխալ գործընթացներ:
Նորմայում, մաշկի բջիջները բազմանում և զարգանում են վերահսկելի և կանոնավոր կերպով. նոր առողջ բջիջները դուրս են մղում հին բջիջները դեպի մաշկի մակերես, որտեղ դրանք մահանում են և ի վերջո թեփուկի տեսքով հեռանում: Սակայն, երբ որոշ բջիջներում զարգանում են ԴՆԹ-ի փոփոխություններ (մուտացիաներ), նոր բջիջները կարող են անվերահսկելի կերպով բազմանալ և, ի վերջո, ձևավորել քաղցկեղային բջիջների զանգված:
Պարզ չէ, թե կոնկրետ ինչն է վնասում մաշկի բջիջների ԴՆԹ-ն և ինչպես է դա հանգեցնում մելանոմայի: Հավանական է, որ մելանոմայի է հանգեցնում տարբեր, այդ թվում՝ շրջակա միջավայրի և գենետիկ (ժառանգական) գործոնների բարդ համակցությունը: Այնուամենայնիվ, բժիշկները կարծում են, որ մելանոմայի հիմնական պատճառն արևի, սոլյարիների և համանման արտաքին աղբյուրների ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթման ազդեցությունն է:
Այնուամենայնիվ, ուլտրամանուշակագույն ճառագայթները չեն հանդիսանում բոլոր մելանոմաների միակ պատճառը, հատկապես այն քաղցկեղների, որոնք առաջանում են մարմնի այն վայրերում, որոնք չեն ենթարկվում արևի ճառագայթների ազդեցությանը: Սա վկայում է այն մասին, որ մելանոմայի ռիսկի բարձրացմանը նաև նպաստում են այլ գործոններ:
Ռիսկի գործոններ
Ձեզ մոտ մելանոմայի ռիսկը կարող են մեծացնել հետևյալ գործոնները:
- Բաց մաշկ. մաշկի մեջ ավելի քիչ պիգմենտ (մելանին) ունենալը նշանակում է, որ դուք ավելի քիչ եք պաշտպանված վնասակար ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթումից: Եթե շիկահեր կամ կարմրահեր եք, ունեք բաց գույնի աչքեր և հեշտությամբ եք արևի ազդեցությամբ պեպենոտվում կամ արևայրուք ստանում, ուրեմն ձեզ մոտ մելանոման ավելի հավանական է, քան ավելի թխահեր մարդկանց մոտ: Այնուամենայնիվ, մելանոման կարող է զարգանալ նաև ավելի մուգ մաշկ ունեցող մարդկանց, այդ թվում՝ իսպանական ծագման և սևամորթ մարդկանց մոտ:
- Արևայրուքի պատմություն. մեկ կամ մի քանի սուր, բշտիկավոր արևայրուք կարող է մեծացնել մելանոմայի ռիսկը:
- Ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթների չափազանց մեծ ազդեցություն. արևից, սլյարիներից և այլ արտաքին աղբյուրներից ստացված ՈւՄ ճառագայթման ազդեցությունը կարող է մեծացնել մաշկի քաղցկեղի, այդ թվում՝ մելանոմայի ռիսկը:
- Հասարակածին ավելի մոտ կամ ավելի բարձրադրիր շրջաններում ապրելը. մարդիկ, ովքեր ավելի մոտ են ապրում երկրագնդի հասարակածին, որտեղ արևի ճառագայթներն ավելի ուղիղ անկյան տակ են ազդում, ենթարկվում են ավելի մեծ չափաբաժնի ՈւՄ ճառագայթման, քան նրանք, ովքեր ապրում են հասարակածից ավելի հյուսիս կամ հարավ: Բացի այդ, եթե ապրում եք բարձրադիր՝ լեռնային շրջաններում, դարձյալ, ավելի շատ ՈւՄ ճառագայթման եք ենթարկվում:
- Բազմաթիվ կամ անսովոր խալեր ունենալը. մարմնի վրա ավելի քան 50 սովորական խալ ունենալը բարձրացնում է մելանոմայի ռիսկը: Ի լրումն, անսովոր տեսակի խալեր ունենալը նույնպես բարձրացնում է այս քաղցկեղի ռիսկը: Սա առանձնահատուկ վերաբերվում է այսպես կոչված դիսպլաստիկ նևուսներին (ընտանեկան ատիպիկ բազմակի խալերի համախտանիշ), որոնք հաճախ ավելի մեծ են, քան սովորական խալերը, ունեն անկանոն եզրագծեր և տարբեր երանգավորումներ:
- Մելանոմայի ընտանեկան պատմություն. եթե ձեր մերձավոր ազգականներից՝ ծնողներից, երեխաներից, քույրերից կամ եղբայրներից մեկնումեկն ունեցել է մելանոմա, ձեզ մոտ նույն քաղցկեղի հավանականությունը բարձրանում է:
- Թուլացած իմունային համակարգ. թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ մելանոմայի և մաշկի այլ քաղցկեղի ռիսկը մեծանում է: Ձեր իմունային համակարգը կարող է խաթարվել, եթե օգտագործում եք իմունային համակարգն ընկճող դեղեր, ինչպես, օրինակ՝ օրգանների փոխպատվաստումից հետո, կամ, եթե ունեք իմունային համակարգը թուլացնող հիվանդություն, ինչպիսին է ՁԻԱՀ-ը:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024